«…Բայց չե՛մ պատրաստվում ներել թշնամուն»

ԼՂՀ պաշտպանության բանակի՝ գնդապետ Հարություն Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի պետ, բուժծառայության լեյտենանտ Արա Միրաքյանը 2003-2005 թթ. որպես ժամկետային զինծառայող ծառայել է ազգային բանակում: Սակայն զորային օղակում տեսնելով և կարևորելով զինվորական բժշկի ծառայությունը՝ զորացրվելուց հետո ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ, ավարտել ինտերնատուրան և կրկին ծառայության զորակոչվել՝ արդեն որպես զինվորական բժիշկ: Հրաժարվել է ծառայության վայրը որոշելու համար սահմանված վիճակահանությանը մասնակցելուց և խնդրել է, որ իրեն ուղարկեն մարտական հերթապահություն իրականացնող որևէ զորամաս:

– Պարո՛ն Միրաքյան, զորամասի բուժկետի հագեցվածությունը թո՞ւյլ է տալիս հավուր պատշաճի իրականացնել ծառայությունը:

– Այո՛, զորամասը նոր վերանորոգված-վերաբացված, անհրաժեշտ սարքավորումներով համալրված բուժկետ ունի: Վիրակապարանում վիրավորներին առաջնային վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները: Մենք ապահովված ենք նաև դեղորայքի հուսալի բազայով: Սակայն կցանկանայի նշել, որ շինությունը բուժհաստատություն է դառնում ոչ թե պատերով կամ սարքավորումներով, այլ բժիշկներով. հնարավոր է բուժկետը համալրել ժամանակակից տարբեր սարքավորումներով, բայց դա անօգուտ կլինի, եթե բուժանձնակազմը չկարողանա օգտվել դրանցից: Սակայն մեր բուժանձնակազմը, իսկապես, բարձր մասնագիտական պատրաստվածություն ունի և իր ծառայությունն անթերի է կատարում (մեզ մոտ բազմիցս եկել են ստուգումների, և երբեք թերություններ չեն հայտնաբերվել):

Զորամասի բժիշկները զինվորների հետ մասնակցում են ուսումնական բոլոր վարժանքներին, բարձրանում են մարտական հենակետեր, տեղում զննում ոչ միայն այն ծառայողներին, ովքեր գանգատներ ունեն, այլև նրանց ծառայակից ընկերներին: Չափազանց զգոն, ուշադիր ենք բոլոր զինվորների նկատմամբ, քանզի քաջ գիտակցում ենք, որ զորամասում բժշկի աննշան հապաղումը կարող է զինվորի համար անդառնալի հետևանք ունենալ:

– Բժշկի հապաղելու հետևանքով ցավալի նախադեպ եղե՞լ է Ձեր զորամասում:

– Ո՛չ: Ամիսներ առաջ մի զինվոր բերեցին բուժկետ. նա միայն առաջնային թունավորման ախտանիշներ ուներ: Անմիջապես բուժում նշանակեցինք թունավորման դեմ: Մոտավորապես մեկ ժամ անց զինվորը հանգիստ քնեց, բայց երբ բուժկետի բժիշկ-մասնագետ, վիրաբույժ Համբարձում Քենդերյանը՝ երկտարեցի զինծառայող, վերադարձավ հոսպիտալից, դիմեցինք նրան, որպեսզի որպես վիրաբույժ նա էլ շոշափի հիվանդի որովայնը: Երբ որովայնը բացեցինք, աստղաձև ցանավորում տեսանք, աչքերը բացեցինք, բիբերն անհամաչափ էին, և տեղում ախտորոշելով մենինգիտը՝ հաշված րոպեների ընթացքում հիվանդին Մարտակերտի հոսպիտալ տեղափոխեցինք. համապատասխան մասնագետները կարողացան կանխել հիվանդության բարդացումը և փրկեցին նրան:

– Փառք ու պատիվ այն բժիշկներին, ովքեր զինվորի կյանք են փրկում…

– Հավատացե՛ք՝ յուրաքանչյուր զինվորական բժիշկ գիտակցում է իր դերն ու կարևորությունը զինվորի կյանքում և ծառայությունը կատարում է՝ առանց փառք կամ պատիվ ակնկալելու:

– Պարո՛ն Միրաքյան, թերևս չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են կատարվել սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

– Այս տարի, սահմանված կանխարգելիչ միջոցառումներից բացի, առաջարկեցինք զինվորների սննդակարգի մեջ հավելումներ կատարել՝ ամեն օր նրանց մասուրով թեյ տալ, իսկ ճաշին՝ սխտորով աղցան (բոլորը գիտեն՝ որքան առողջարար է սխտորը): Մեր առաջարկը հավանության արժանացավ, զորամասի հրամանատարի հանձնարարությամբ անհրաժեշտ քանակությամբ մասուր և սխտոր է բերվել զորամաս:

– Հիվանդությունների կանխարգելման գործում մեծ նշանակություն ունեն նաև բացատրական աշխատանքները…

– Զինվորների հետ բացատրական աշխատանքներ տարվում են տարբեր թեմաներով. ինչպես է անձնական հիգիենայի կանոններին հետևելը նպաստում առողջության պահպանմանը, ամրապնդմանը, որոնք են շնչառական հիվանդությունների տարածման եղանակները, ինչպես կարելի է խուսափել դրանցից, ինչպես կանխել ձեռքերի, ոտքերի ցրտահարումը, ինչպես խնամել վնասված մաշկը (մարտական հերթապահության բարձրացող բոլոր զինծառայողներին նախապես պարտադիր զգուշացնում ենք, որ չի կարելի սառած ձեռքերն անմիջապես մտցնել տաք ջրի մեջ, խորհուրդ է տրվում մշտապես կրել տաք ձեռնոցներ, չորացած կամ վնասված մաշկը վերականգնող, բուժիչ քսուքներ ենք տրամադրում նրանց):

Լրացուցիչ բացատրական աշխատանքներ, գիտելիքների ստուգում ենք անցկացնում նաև սանհրահանգիչների, բուժակների հետ: Ճիշտ է, նրանք հոսպիտալում վերապատրաստման հատուկ դասընթացների են մասնակցել, բայց ամենօրյա ծառայությունը քայլ առ քայլ զարգացնում է նրանց կարողությունները՝ տեսական գիտելիքներին ավելացնելով գործնական հմտություններ:

– Ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտությունները շատ հաճախ տրվում են մոռացության, երբ սանհրահանգիչները վերադառնում են քաղաքացիական կյանք:

– Այդ ուղղությամբ նույնպես ջանքեր չենք խնայում. եթե տեսնում ենք, որ երիտասարդը ներուժ ունի, նրան խորհուրդ ենք տալիս շարունակել ուսումը՝ բարձրագույն բժշկական կրթություն ստանալ, մեր օգնությունն ենք առաջարկում: Չեմ թաքցնի՝ տաղանդավոր սանհրահանգիչներ ունենք. Արամ Բոսինյանը ոչ միայն ավարտել է Վանաձորի պետական բժշկական քոլեջը, այլև Դիլիջանի գեղարվեստի ակադեմիան, նկարիչ է, քանդակագործ, Դանիել Վարդանյանը տարված է ծովանկարչությամբ, Ստոկհոլմից է եկել Հայաստան, ծառայելու է ու նորից վերադառնա հարազատների մոտ:

Սակայն չէի ցանկանա առանձնացնել միայն նրանց: Մեր զորամասի նախկին ատամնաբույժ Տիգրան Մարտիրոսյանը գերազանց ծառայում էր նաև որպես ընդհանուր պրոֆիլի բժիշկ: Եվ, առհասարակ, մեր զորամասի բոլոր բժիշկները, բուժակները, սանհրահանգիչներն իրենց գործի նվիրյալներ են, մարդկային բարձր առաքինություններով օժտված երիտասարդներ: Երբ 2015 թ.-ի սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից ուսումնական ստորաբաժանման հրետակոծությունը սկսվեց, մեր զորամասի ամբողջ բուժանձնակազմը, «Եղնիկների» բուժծառայության աշխատակիցները չդադարող հրետակոծության ներքո վիրակապում ու տարհանում էին վիրավորներին:

– 2015 թ.-ի սեպտեմբերի 25-ը միշտ կմնա զորամասի պատմության, մեր հիշողության մեջ…

– Անհնար է մոռանալ այն տղաներին, ովքեր զոհվեցին հրետակոծության հետևանքով: Հարութ Հակոբյանը դեպքից մեկ օր առաջ եկել էր բուժկետ, բարձր տրամադրություն ուներ, կատակում էր, ինչպես միշտ: Ցավն ու վրեժխնդրությունը այսօր էլ հանգիստ չեն տալիս մեզ, բայց սթափ դատողությամբ սպասում ենք ու հավատում՝ հատուցման ժամը գալու է…

Դիրքեր բարձրանալուց առաջ՝ այսօր էլ հորդորում ենք տղաներին, որ իրար լավ նայեն: «Գուցե վաղը քո կողքին կանգնած տղան՝ քո ծառայակից ընկերը, իր կյանքով փրկի քեզ, իսկ դու հետո հիշես, որ կոպտել ես նրան, չես հանդուրժել: Գուցե գա մի օր, որ զղջաս քո արարքի՝ քո սխալի համար, բայց այդ ժամանակ ընկերդ կողքիդ չլինի և չկարողանաս այդ մասին ասել նրան, թեթևանալ…»: Այս տարիքում երիտասարդները «ծանր» են տանում, երբ իրենց հետ բարձր ձայնով են խոսում: Բացատրում ենք՝ օտար չէ, ընկերդ է, թո՛ղ մի հատ էլ գոռա, սովորեցնում ենք հանդուրժել ու ներել իրար:

– Իսկ Դուք կարողանո՞ւմ եք ներել:

– Երբ փոքր էի, մայրս ինձ քնեցնելիս երգում էր՝ «Երազ, իմ երկիր հայրենի»: Պապս հայ ժողովրդի պատմություն, ռազմագիտություն էր դասավանդում և ամեն օր իր աշակերտներին, որոնցից էի նաև ես, հայրենիքին ծառայելու, միմյանց սիրելու, խաղաղությունը, բարեկամությունը գնահատելու խրատ էր տալիս: Ես կարող եմ ներել հայրենակիցներիս, որովհետև նրանք էլ իմ հայրենիքի մի մասնիկն են, բայց չե՛մ պատրաստվում ներել թշնամուն: Եվ ո՛չ մի զինվոր, որ կորցրել է իր մարտական ընկերոջը, ո՛չ մի հրամանատար, որ կորցրել է իր զինվորին, չի պատրաստվում ներել թշնամուն:

Էդիտա Մելքոնյան