Մենք մաքառում էինք վիրավորի կյանքը փրկելու համար

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Վահան Գևորգյանը մեկն է այն նվիրյալներից, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին կամավոր մեկնեցին ռազմաճակատ՝ ոչ միայն որպես մարտիկ պաշտպանելու, ազատագրելու հայրենիքը, սատարելու հայրենակիցներին, այլև փրկելու վիրավորների կյանքը:

-Բժշկական ինստիտուտում շտաբ էր ստեղծվել Մնացական Աղաբաբյանի գլխավորությամբ: Կամավոր հիմունքներով ուսանողներ էին հավաքագրվում և գործուղվում ՀՀ սահմանամերձ շրջաններ, Արցախ: Ես էլ դիմեցի նրանց. ինձ ասացին, որ Երասխավանում և Արարատում բավականաչափ բժիշկներ կան և առաջարկեցին մեկնել Արծվաշեն, որտեղ, իրոք, բժիշկների ու բուժակների խիստ կարիք էր զգացվում: Ինստիտուտի զինվորական ամբիոնից ստանալով զինվորական հագուստ և պայուսակ՝ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով, վիրակապական նյութերով ՝ մեկնեցի Արծվաշեն, որտեղ էլ ինքնապաշտպանության նպատակով միփողանի հրացան և մի ինքնաշեն նռնակ տվեցին:

1993 թ. ավարտելով բժշկական ինստիտուտը՝ Վահանը ուսումը շարունակում է ինտերանտուրայում: Այդ տարիներին մի դեպք արմատապես փոխում է Վահանի կյանքի ընթացքը:

-Ինստիտուտն ավարտելուց հետո էլ շարունակում էի աշխատել 8 կլինիկական հիվանդանոցում, որտեղ էլ անցա ինտերնատուրան: 1993թ. օգոստոսն էր: Իմ հերթապահության օրը ծանր վիրավորներ բերեցին: Սակայն մեզ հաջողվեց փրկել գրեթե մահամերձ վիրավորների կյանքը: Նրանց հարազատների ու մտերիմների հետ հիվանդանոցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի պետ Արսեն Մագավուզյանը, որի հետ այդ օրը ծանոթացա ու նրա առաջարկով էլ մի քանի օր անց տեղափոխվեցի ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ակամա դառնալով զինվորական բժիշկ:

Այդ օրվա մասին Արսեն Մագավուզյանը պատմում է.

– Արցախից ծայրահեղ ծանր վիճակում վիրավորներ էին բերել, նրանց ուղարկեցինք Երևանի թիվ 8 կլինիկական հիվանդանոց: Ընդունարանի հերթապահ բժիշկը Վահան Գևորգյանն էր: Վիրավորներին զննելուց հետո կարգադրեց շտապ վիրահատարան տեղափոխել, իսկ ինքը պատրաստվեց վիրահատության: Անկեղծ ասած, ես այնքան էլ համոզված չէի, որ հնարավոր կլինի փրկել վիրավորների կյանքը… Նրանք մահամերձ վիճակում էին, և բժիշկը շատ երիտասարդ էր, մտածում էի՝ դեռևս շատ անփորձ է… Մենք անհանգիստ անցուդարձ էինք անում վիրահատարանի սպասասրահում, րոպեները ժամեր էին թվում: Վերջապես դռները բացվեցին, և երևաց երիտասարդ բժիշկը՝ հոգնած, քրտնաթոր, բայց ժպիտը դեմքին: «Ամեն ինչ բարեհաջող անցավ, նրանք երիտասարդ են և ուժեղ օրգանիզմ ունեն, հուսանք, որ հետվիրահատական շրջանն էլ լավ կանցնի»,- ասաց նա: Այդ պահին հիացա նրանով և առաջարկեցի տեղափոխվել պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալ, քանի որ մեզ հենց նրա նման վստահելի բժիշկներ էին պետք:

Վահան Գևորգյանը տեղափոխվում է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, իսկ մի քանի օր անց գործուղվում Հադրութ: Հադրութին հաջորդում են Մեծշենը, Մեխակավանը, Օմարի լեռնանցքը

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մի քանի օր անց որպես 5-րդ բրիգադի զորամասային բժիշկ գործուղվեցի Արցախ՝ Հադրութի շրջան: Ավտոշարասյունը ճանապարհ ընկավ վաղ առավոտյան, երբ նոր-նոր էին ուրվագծվում լեռները: Մեր՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընթանում էր շարասյան վերջից: Ցուրտ ձմեռ էր, ճանապարհները՝ դժվարանցանելի: Ավտոշարասյունը կանգ առավ Եղեգնաձորում: Եղեգնաձորցիները անմիջապես շրջապատեցին մեզ, իրենց օգնությունը առաջարկեցին, և քանի որ դեռևս վառելանյութ չկար ավտոմեքենաների համար, և մենք պետք է սպասեինք, բոլորիս տուն հրավիրեցին, հյուրասիրեցին, ապա իրենց օրհնանքը տալով՝ ճանապարհեցին Արցախ: Մենք շարունակեցինք ճանապարհը: Արդեն Արցախի տարածքում մեր ավտոմեքենան հանկարծ կանգ առավ: Ու երբ վարորդը փորձեց ձեռքի հարմարանքով գործի գցել շարժիչը, ջարդեց ձեռքի դաստակը: Լավ էր՝ ավտոմեքենայում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք, նյութեր կային: Հենց այդ բաց դաշտում պառկեցրի նրան, ցավազրկեցի, ջարդված ոսկորը ուղղեցի և ամրակապ դրեցի: Շարասյունն արդեն բավականին հեռացել էր մեզանից, մենք պետք է արագ հասնեինք շարասյանը: Վարորդն այլևս չէր կարող վարել մեքենան, իսկ ես էլ դեռևս վարորդական իրավունք չունեի և կարգին ավտոմեքենա վարել չգիտեի, բայց այլընտրանք չկար, մենք երկուսով էինք ավտոմեքենայի մեջ… Փառք Աստծո, բարեհաջող միացանք ավտոշարասյանը և հասանք Էդուլու:

-Երբ մարտադաշտում առաջին բուժօգնություն էիք ցուցաբերում վիրավորներին, դուրս բերում կրակագծից, չէի՞ք վախենում…

-Գուցե չհավատաք, բայց իմ մեջ վախի զգացողությունը իսպառ բացակայում էր, ներքին համոզմունք ունեի, որ ինձ հետ ոչինչ չի պատահելու: Բացի այդ, անվերապահորեն հավատում էի ճակատագրին, և եթե ինչ-որ բան պետք է պատահեր ինձ հետ, չէր փրկի ո՛չ վախը, ո՛չ էլ պաշտպանական որևէ նախաձեռնություն: Մեծշենում մենք հաճախ ռմբակոծությունների տակ էինք վիրահատություններ կատարում, դաշտային հոսպիտալը գտնվում էր ռազմաճակատից ընդամենը 4 կմ-ի վրա մեր: Մենք միայն մտածում էինք վիրավորներին փրկելու մասին, իսկ հոգեկան ծանր ապրումները հետո էին գալիս, երբ մի փոքր ազատ ժամանակ էինք ունենում: Վերհիշում էինք այն մարդկանց, որոնց հետ օրեր առաջ ուրախ զրուցում էինք ու հանկարծ կորցնում անվերադարձ… Ինձ համար շատ ծանր էր նաև վիրավոր զինվորներին անդամահատելը, բայց եթե նրանց կյանքը փրկելու միակ ելքը դա էր, ի՞նչ կարող էինք անել:

– Պատահել է՞, որ գերիների վիրահատեք, բուժեք:

– Իհարկե, վիրավոր գերիներ բերել են մեզ մոտ, նրանց վիրահատել ենք, խնամել, բուժել… Հիշում եմ ադրբեջանցի երկու ծեր կանանց, որոնց Հորադիզից էին բերել: Նրանց բացատրեցին, որ կարող են ազատ հեռանալ, անցնել սահմանը: Նրանցից մեկն այդպես էլ վարվեց, բայց մյուսը նորից իր տուն՝ Հորադիզ էր վերադարձել և շարունակել այգին մշակել: Երբ նրան կրկին նախազգուշացրել էին, որ հեռանա, պատասխանել էր. «Ես ոչ մի տեղ չեմ գնա, ինձ այստեղ ոչ ոք չի նեղացնի»:

-Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք դեպի հիվանդը:

-Երջանկահիշատակ Սերգեյ Իվանի Հարությունյանն ասում էր. «Եթե հիվանդը ծանր է, կամ եթե նույնիսկ աննշան կասկած ունես նրա առողջության վատթարացման հետ կապված, պետք է հիվանդի կողքին քնես»:Դա իմ մեծ ուսուցչից ստացած առաջին դասն էր, որին մինչև օրս հետևում եմ:

1994 թ. զինադադարից հետո Վահան Գևորգյանը հաճախ է մեկնում Արցախ և բանակաշինության ծանր տարիներին շարունակում ծառայությունը:

1995 թվականն էր: Մի երիտասարդ զինվոր բերեցին Մեխակավանի հոսպիտալ. անհրաժեշտ էր շտապ վիրահատել նրան: Վիրասեղանի վրա նա կլինիկական մահ տարավ: Էլեկտրական հոսանք չկար, արագ սկսեցինք ձեռքերով մերսել սիրտը… 20 րոպե մերսեցինք, բայց հիվանդը վերակենդանացման նշաններ ցույց չէր տալիս… շարունակում էինք… առանց դադար առնելու, առանց վհատվելու… ևս 20 րոպե… ու հանկարծ նկատեցինք, որ հիվանդը ուշքի է գալիս:Գուցե շատերը չհավատան կամ թերահավատորեն վերաբերվեն, բայց դա էր իրողությունը: Մարդը կլինիկական մահ է տանում, և նրան ետ են բերում 40 րոպե անց ՝ միայն ձեռքերով մերսելով սիրտը: …Երբ հիվանդի մոտ ամեն ինչ կարգավորվեց, հոսանքը միացավ, և սարքավորումները սկսեցին աշխատել, դուրս եկա լվացվելու: Հայելու մեջ ինձ նայելով՝ ապշեցի՝ մազերիս մեջ ճերմակ փնջեր էին հայտնվել, և դա այն 40 րոպեների ընթացքում էր եղել, երբ մենք մաքառում էինք հիվանդի կյանքը փրկելու համար:

…Պատերազմը փշրեց իմ երիտասարդ տարիների ուրախությունը, ժամանակից շուտ ճերմակեցրեց մազերս, բայց նաև կյանքի ճանաչողություն տվեց, ընկերներ, փորձառություն և, ինչ խոսք, հաղթանակը ըմբոշխնելու հպարտություն:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատուներով)