«…միշտ պատրաստ՝ անհապաղ օգնության հասնելուն»

3-րդ բանակային զորամիավորման՝ գնդապետ Սամվել Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի բժիշկ-մասնագետ, բուժծառայության լեյտենանտ Արամ Սարգսյանը 2007-2015 թվականներին ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում: Ինտերնատուրան ավարտելուց հետո՝ 2015 թ.-ի սեպտեմբերից, ծառայության է նշանակվել զորային օղակում՝ հրաժարվելով ծառայության վայրը որոշելու համար նախատեսված վիճակահանությանը մասնակցելուց և իր կամքով ընտրելով ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը:

«Ես գիտեի՝ որտեղ է անցնելու իմ ծառայությունը, պատկերացնում էի բոլոր դժվարությունները, պատրաստ էի և այսուհետ ևս պատրաստ եմ դրանք հաղթահարելուն»,- վստահեցնում է զրուցակիցս:

– Պարո՛ն Սարգսյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասում որո՞նք են ծառայության առանձնահատկությունները:

– Դեռ դպրոցական նստարանից հետաքրքրված եմ եղել բժշկի մասնագիտությամբ: Մեր ընտանիքում բժիշկներ չեն եղել, ցանկանում էի լինել առաջինը: Զինվորական համակարգին ծանոթ էի (եղբայրս սպա է, ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում), հետաքրքրությունս մեծ էր նաև այդ մասնագիտության հանդեպ, ուստի ընտրեցի զինվորական բժշկի ճանապարհը:

Ծառայության վայրի ընտրության ժամանակ հրաժարվեցի վիճակահանությունից և իմ կամքով ծառայության անցա այս զորամասում՝ լիովին պատկերացնելով բոլոր առանձնահատկությունները, խնդիրները: Միշտ մտածել եմ, որ ճանապարհի սկզբից պետք է ընտրել դժվարը և հաղթահարել բոլոր փորձությունները, թեև դժվարությունները մեր ծառայության բնականոն մասն են: Արդեն 5 ամիս է՝ ծառայում եմ այս զորամասում և լիովին հարմարվել եմ: Մեր զորամասի անձնակազմը պատասխանատու ու դժվարին մարտական խնդիր է կատարում շփման գծի բարդ հատվածում: Եվ այստեղ, անշուշտ, բժշկական ծառայությունը ևս ունի իր առանձնահատկությունները. մենք բուժապահովում ենք իրականացնում ոչ միայն մշտական տեղակայման վայրում, այլև մարտական հենակետերում, ձգտում մեր առջև դրված խնդիրը գերազանց կատարել բոլոր «ճակատներում»: Պետք է միշտ աչալուրջ ու զգոն լինել, իրադարձությունների յուրաքանչյուր շրջադարձին՝ պատրաստ: Ցանկացած պահի կարող է մեր օգնությունն օդ ու ջրի պես անհրաժեշտ լինել: Մենք ծառայում ենք այդ գիտակցությամբ. միշտ պատրաստ՝ անհապաղ օգնության հասնելուն:

– Հաճա՞խ եք այցելում մարտական հենակետեր:

– Բավականին հաճախ. այն դեպքերում, երբ մարտական հենակետերում զինծառայողներից որևէ մեկն առողջական խնդիր ունի կամ, Աստված մի արասցե, վիրավոր է, ինչպես նաև հերթական ստուգումների նպատակով: Պարբերաբար բժիշկների կողմից ստուգվում են դիրքերի անձնակազմերին տրամադրված դեղարկղերի պարունակությունը, կացարանների, ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի որակը, ժամկետները, որպեսզի կանխվեն հնարավոր սննդային թունավորումները:

– Զորային օղակում բուժծառայության հիմնական խնդիրը, թերևս, հիվանդությունները կանխարգելելն է, և հենց դրան են նպատակաուղղված ամառային և ձմեռային սեզոններին նախորդող ժամանակահատվածում պարտադիր իրականացվող բուժկանխարգելիչ միջոցառումները: Ներկայումս սուր շնչառական հիվանդությունների ակտիվություն է նկատվում: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի կանխվի դրանց ներթափանցումը զորամաս:

– Մեր զորամասը բնակավայրերից հեռու է, արտաքին շփումը հասցված է նվազագույնի: Այնուամենայնիվ, ամենայն ուշադրությամբ ու պատասխանատվությամբ ենք իրականացնում բուժկանխարգելիչ բոլոր միջոցառումները՝ բուժզննումները, ախտահանման աշխատանքները, որպեսզի բացառենք սուր շնչառական հիվանդությունների բռնկումները: Կարծում եմ՝ արդյունավետ են նաև զինծառայողների հետ զրույցները, բժշկի խորհուրդները՝ հիվանդություններից խուսափելու համար: Այս առումով մենք համագործակցում ենք նաև ստորաբաժանումների հրամանատարների հետ:

– Մարտական հենակետերում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ցրտից պաշտպանվելու համար:

– Առաջին հերթին պետք է համազգեստը ճիշտ կրել. արտահագուստի առկայությունը պարտադիր է, ինչը ստուգում ենք նաև մեր այցելությունների ժամանակ: Սակայն, գոհունակությամբ պետք է նշեմ, որ հիմնականում բոլորը հետևողական են այդ առումով: Կացարանների ջերմաստիճանին ևս պատշաճ ուշադրություն է դարձվում:

– Տարեկան 2 անգամ անձնակազմին մատուցվող սնունդը հագեցվում է վիտամիններով: Ի՞նչ դեր ունեն դրանք:

– Հերթական վիտամինիզացիան արդեն կատարվել է: Այն կանխարգելիչ նշանակություն ունի: Վիտամինները տրամադրվում են ճաշարանին, իսկ մենք վերահսկում ենք, որ օրական երեք անգամ մատուցվեն զորքին: Դրանք նպաստում են դիմադրողականության բարձրացմանը, լրացնում այլ վիտամինների պակասը:

– Գաղտնիք չէ, որ բժիշկները հիմնականում կարողանում են վաստակել զինվորի վստահությունը: Ի՞նչն է ընկած այդ վստահության հիմքում:

– Կարծում եմ՝ անհատական վերաբերմունքը յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, ուշադրությունը, հոգատարությունն ու ջերմությունը:

Հասմիկ Գյոզալյան