Հիպոկրատի և Դեմոկրիտեսի հանդիպումը

Նշանավոր հույն գիտնականների` «Բժշկության հայր», փիլիսոփա, Հիպոկրատի և փիլիսոփա, ատոմիստական տեսության հիմնադիրներից համարվող Դեմոկրիտեսի կյանքի ու գործունեության մասին բազմաթիվ պատմություններ կան, սակայն առավել ուշագրավ է հատկապես նրանց հանդիպման մասին պատմող զրույցը:

Դեմոկրիտեսն ապրում էր իր ծննդավայր Աբդերում: Տարբերվող աշխարհայացքի, մտածելակերպի պատճառով համաքաղաքացիները չէին ընդունում նրան: Ժամանակակիցները վկայում են, որ մեծ գիտնականը մշտապես ճանապարհորդում էր, հաճախ թափառում քաղաքից քաղաք, մեկուսանում ու մենություն փնտրում գերեզմանոցներում: Երբեմն անզուսպ ծիծաղում էր (այդ պատճառով ստացել է «ծիծաղող փիլիսոփա» անունը): Աբդերցիները մեծ գիտնականին խելագար էին համարում և նույնիսկ հրավիրում են Հիպոկրատին, որպեսզի բժշկական քննությամբ հաստատի դա: Սակայն, ի զարմանս բոլորի, Հիպոկրատը հայտարարում է, որ Դեմոկրիտեսը կատարյալ առողջ է՝ թե′ ֆիզիկապես, թե′ հոգեպես, ավելին՝ նա ամենախելացին է իր ճանաչած բոլոր մարդկանցից: