Ինչպես 17-ամյա Ավիցեննան դարձավ Բուխարայի էմիրի անձնական բժիշկը

Վաղ միջնադարի նշանավոր գիտնական, բժիշկ, փիլիսոփա Ավիցեննան (Աբու Ալի իբն Սինա) ծնվել է 980 թ.-ի օգոստոսի 16-ին Բուխարայի մոտակայքում գտնվող Աֆշանա գյուղում (այժմ այնտեղ է գտնվում նրա թանգարանը): Նա ավելի քան 450 աշխատությունների հեղինակ է: Ավիցեննայի հեղինակած «Բժշկագիտության կանոն» աշխատությունն Աստվածաշնչից հետո ամենամեծ տպաքանակն է ունեցել և մինչև 17-րդ դարը համարվել աշխարհի առաջավոր բժշկական համալսարանների հիմնական ուղեցույցը: Մանուկ հասակից ապագա բժիշկը բոլորին զարմացրել է իր գիտելիքի պաշարով և ունակություններով:

«Ես տասը տարեկանում ավարտել էի Ղուրանի ուսումնասիրությունը»,-պատմել է Ավիցեննան:

Այդ տարիներին Բուխարա էր ժամանել մի տարեց գիտնական, ով դարձավ Ավիցեննայի ուսուցիչը և դաստիարակը: Կարճ ժամանակահատվածում տղան յուրացրեց մաթեմատիկան, փիլիսոփայությունը և աստղագիտությունը: 14 տարեկանում պատանին սկսեց հետաքրքրվել նաև բժշկությամբ: Նա կլանված ընթերցում էր ձեռքի տակ եղած բոլոր գրքերը և շուտով սկսեց նաև բուժել հիվանդներին: Պատմում են, որ 17 տարեկանում նա արդեն այնպիսի հռչակ էր վայելում, որ հրավիրվեց բուժելու Բուխարայի էմիրին: Էմիրը կարճ ժամանակահատվածում լիովին ապաքինվեց և Ավիցեննային առաջարկեց դառնալ իր անձական բժիշկը: Ավիցեննան համաձայն էր, բայց խնդրեց, թույլ տալ իրեն օգտվել էմիրի բացառիկ գրադարանից:

Որոշ ժամանակ անց Էմիրի հարուստ գրադարանն ամբողջովին այրվեց: Շատերը մեղադրում էին բժշկին՝ պնդելով, թե նա չի ցանկացել, որ եզակի գրքերն իրենից բացի հասու լինեն այլ ընթերցողի: