«Ես զինվոր եմ՝ թիկունքում կանգնած»

ԼՂՀ պաշտպանության բանակի՝ գնդապետ Հարություն Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի բժիշկ-մասնագետ, վիրաբույժ, երկտարեցի զինծառայող Համբարձում Քենդերյանի մասին առաջին անգամ լսեցի, երբ այցելել էի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«2015 թ. սեպտեմբերի 25-ին Համբարձում Քենդերյանը մեզ հետ բարձրացել էր ուսումնական վարժանքի,- պատմում էր վիրավոր զինվորը,- երբ հակառակորդի կողմից հրետակոծությունը սկսվեց, և ընկան առաջին վիրավորները, մեր հրամանատարները արագ կազմակերպեցին մյուս զինվորների անվտանգ դուրսբերումը հրետակոծվող տարածքից, իսկ բժիշկը, առանց խուճապի մատնվելու, վազում էր մի վիրավորից մյուսը, զարկերակը շոշափում, և մինչ զորամասի բուժանձնակազմն օգնության կհասներ մեզ, վիրակապ էր դնում արնահոսող վերքերին ու այնքան վստահ էր ասում՝ «Տղե՛րք ջան, չվախենաք, թեթև վերքեր են, ամեն ինչ լավ է լինելու…», որ բոլորս հավատացել էինք… Հույսը, որ ապաքինվելու ենք, մարել էր վախի, ցավի զգացողությունը»:

– Ուսումնական ստորաբաժանումը բավականին հեռու էր մարտական հերթապահություն իրականացնող հենակետերից, և որևէ մեկը նախապես չէր կարող պատկերացնել, որ այդ տրամաչափի զենք կօգտագործի հակառակորդը (այսօր արդեն ամեն ինչ սպասելի է նրանցից, բայց մենք էլ ամեն ինչի պատրաստ ենք): Առաջին պայթյունից րոպեներ անց մեր զորամասի ամբողջ բուժանձնակազմը, կից զորամասերի բուժծառայության աշխատակիցները, հասնելով դեպքի վայր, արագ վիրակապել և տարհանել են բոլոր վիրավորներին, տեղափոխել Մարտակերտի հոսպիտալ, որտեղ էլ կատարել են վիրահատությունները և փրկել ծանր վիրավորների կյանքը:

Ցավոք, Նորայր Խաչատրյանին, Ռոբերտ Մկրտչյանին, Հարութ Հակոբյանին և Կարեն Շահինյանին փրկելն անհնար էր, տղաները կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ունեին… Զորամասի բուժծառայության պետ Սարգիս Վլասյանը զոհված տղաներին իջեցրեց բուժկետ: Նրանց այդ վիճակում տեսնելը և հրաժեշտ տալը ծանր էին յուրաքանչյուրիս համար, բայց գիտակցելով, որ պատերազմը շարունակվում է, և պատերազմի ժամանակ զոհերն անխուսափելի են, մենք ճանապարհեցինք զոհված զինվորներին ու խոստացանք, որ նրանց վրեժն առնելու ենք…

Իհարկե, կային տղաներ, ովքեր այդ օրերին ճկվել էին ցավից, հեշտ չէ ընկեր կորցնել և ընդունել, որ դու էլ կարող էիր լինել նրա փոխարեն, որ դու էլ ապահովագրված չես թշնամու գնդակից: Սակայն լսելով հրամանատարներին, տեսնելով մյուսների՝ ծառայակից ընկերների խիզախումն ու վճռականությունը՝ նրանք էլ արագ գոտեպնդվեցին:

Գաղափարներ կան, հանուն որոնց՝ ծառայությունը, նվիրումը, ինքնազոհաբերումն իմաստավորվում են: Ամեն հայ այսօր պետք է զգա և ինքն իրեն կրկնի. «Ես զինվոր եմ՝ թիկունքում կանգնած»: Գուցե անհատի համար շահեկան է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը, սակայն հանրությունն ուղղակիորեն վնաս է կրում ամեն խուսափողի պատճառով: Ես համոզված եմ՝ եթե ընտանիքներում, դպրոցներում ճիշտ ներկայացնեն բարձրացող սերնդին՝ ինչ է բանակը, եթե հորինված, ուռճացված պատմություններով չվախեցնեն, չհիասթափեցնեն այն տղաներին, ովքեր մեր բանակի զինվորներն են դառնալու, որևէ մեկը չի ձգտի խուսափել ծառայությունից, կգիտակցի, որ դա իր պարտքն է, և կծառայի պատվով ու առանց տրտնջալու:

– Պարո՛ն Քենդերյան, Դուք ավարտել եք կլինօրդինատուրան, հետբուհական կրթությունը շարունակելու ընթացքում աշխատել եք որպես վիրաբույժ: Չե՞ք տրտնջում՝ պարտադիր զինվորական ծառայությունն արգելակում է Ձեր՝ որպես վիրաբույժի մասնագիտական գործունեության մեկնարկը:

– Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և ծառայելով զինված ուժերում՝ իմ սահմանադրական պարտքն եմ կատարում: Ինչ խոսք, մասնագիտական գործունեությունը որոշ չափով արգելակվում է: Զորային օղակում ես՝ որպես վիրաբույժ, իրավասու չեմ վիրահատական միջամտություններ կատարելու և մյուս բժիշկների նման ընդհանուր պրոֆիլի բուժսպասարկում եմ իրականացնում: Սակայն մեր զորամասում ես գտել եմ ընկերներ, հարազատներ, որոնց համար և որոնց հետ պատրաստ եմ ծառայելուն, որքան հարկավոր է:

Էդիտա Մելքոնյան