Ձմեռային էլեգիա

Ձմեռ է:

Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև չարիքից:

Առավոտ է: Շտապում եմ…Մաքուր ու պաղ օդը շամփրում է ճակատս: Ծակող արևից կկոցելով աչքերս՝ փորձում եմ շնչել վաղորդյան սառը, թարմ օդը՝ ցրելով տխուր մտածումներս, երբ հեռվից մի ձայն շշուկով հուշեց.

«… Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛, և արևի մեջ այսքան ձյու՛ն չկա…»…

Շուրջս հալված ձյան շերտերը տեղ-տեղ բացել են գետինը ու շրջապատող աշխարհը դարձրել հստակ սև և սպիտակ:

Մտորելով բարձրանում եմ աշխատասենյակ: Սենյակի տաք օդը վանում է մի տեսակ: Բացում եմ պատուհանն … ու հրաշք… Փոքրիկ սպիտակ աղավնին փորձում է ներս սողոսկել: Հազիվ եմ գրկում նրան, երբ իրեն ներս է գցում նաև զուգընկերը՝ թավշյա սևուկը: Տաք սենյակը լցվում է նրանց փափուկ թևերի ճախրանքով՝ սիրով ու բերկրանքով: Երբ գեղեցիկ զույգը ճեմում էր սեղանիս վրա, նայում էի նրանց ու մտորում՝ այսօր սևն ու սպիտակը չեն հակադրվում միմյանց, այլ լրացնում են՝ միահյուսվելով դառնալով խաղաղության, միասնության ու սիրո խորհրդանիշ:

…Այնպես ուզում եմ աշխարհին խաղաղություն, բարություն, սեր ու ճախրանք պարտադրել…

Եվ երբ կգա գարունը, թող հավերժ ջնջվեն աշխարհակործան պատերազմները, թշնամանքը, սուտն ու չարիքը:

Ռուզաննա Խաչատրյան