«Ոգին՝ անգերազանցելի, տրամադրվածությունը՝ միշտ մարտական»

3-րդ բանակային զորամիավորման՝ գնդապետ Սամվել Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի սպա-հոգեբան, լեյտենանտ Պավել Ճաղարյանն ուսանել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով որպես արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբան: Մագիստրատուրան ավարտելուց հետո զորակոչվել է ազգային բանակ՝ ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ-ի՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Ժամկետային ծառայության ավարտից հետո էլ որպես սպա-հոգեբան կրկին համալրել է ԶՈՒ-ի շարքերը՝ ինքնակամ ընտրելով հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը:

– Պարո՛ն Ճաղարյան, զորամասերում սպա-հոգեբանների, իրավամբ, կարևոր դերի մասին բազմիցս խոսվել է: Մարտական հերթափոխի մեկնող զինվորը պետք է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես առողջ և կայուն լինի, հավասարակշռված հոգեվիճակում իրականացնի մարտական առաջադրանքը: Որպես հոգեբան՝ խնդրում եմ ներկայացրե՛ք՝ որո՞նք են հիմնական խնդիրները:

– Առավել հաճախ հանդիպող բարդությունները սոցիալ-հոգեբանական հարմարման և նոր պայմաններում վերակողմնորոշման խնդիրներն են, որոնք բնորոշ են զորակոչված ցանկացած երիտասարդի: Պատճառը հիմնականում այն նախատրամադրվածությունն է, որը ձևավորվում է զինակոչիկների շրջանում նախքան ծառայության անցնելը. ընկերների, հարազատների պատմությունները՝ հաճախ չափազանցված, ծառայության հանդեպ վերաբերմունք են ձևավորում, որը սովորաբար բացասական է լինում: Զինվորական ծառայության ժամանակ, ինչն ինքնին սթրեսածին է, նախատրամադրվածությունը հաճախ վերածվում է տրամադրվածության, և ի հայտ են գալիս բազում խնդիրներ: Տարածված են նաև միջանձնային փոխհարաբերությունների հետ կապված խնդիրները: Ընդ որում՝ դրանք ևս բազմազան են, իսկ հիմքում ընկած են և՛ սպա-զինվոր հարաբերությունների բարդություններ, և՛ դերային-միջդերային խնդիրներ: Տարբեր ընտանիքներում դաստիարակություն ստացած, ինտելեկտուալ զարգացման տարբեր մակարդակներում գտնվող զինծառայողների միջև փոքր բախումները երբեմն անխուսափելի են, նույնիսկ՝ բնականոն: Սպա-հոգեբանի կարևորագույն անելիքներից մեկը հասունացող կոնֆլիկտը հայտնաբերելը և դրա լուծման ուղիները ցույց տալն է:

– Նախքան կոնֆլիկտի հասունացումը Ձեր կողմից այն կանխելու նախադեպեր եղե՞լ են:

– Զորամասի սպա-հոգեբանի աշխատանքային հետազոտական մեթոդներից մեկը դիտումն է, ինչի նպատակն անձի վարքային դրսևորումների ամփոփ նկարագիրը կազմելն է: Եթե դիտման ընթացքում նկատում եմ որոշակի հակվածություն դեպի կոնֆլիկտային վարք, վերահսկողություն եմ սահմանում և այն չեզոքացնելու միջոցներ ձեռնարկում:

– Հետաքրքիր է՝ զինվորներն անձամբ դիմո՞ւմ են հոգեբանին:

– Իհարկե, դիմում են: Հաճախակի են նաև այն դեպքերը, երբ ստորաբաժանումների հրամանատարներն են դիմում հոգեբանին՝ ներկայացնելով զինվորին, ով հոգեբանի օգնության կարիքն ունի: Ես պարտադիր հետաքրքրվում եմ՝ զինվորը ցանկանո՞ւմ է, որ ես առաջարկեմ իմ օգնությունը: Եթե՝ ո՛չ, չեմ պնդում, սակայն նրան պարտադիր ոչ իմպերատիվ վերահսկողության եմ վերցնում:

Որպես հոգեբան՝ ես իմ աշխատանքում առաջնահերթ եմ համարում մասնագիտական էթիկայի կանոնների սրբորեն պահպանումը: Մասնավորապես կարևորում եմ հոգեբանական օգնության համար դիմած զինծառայողի մասին տեղեկատվության գաղտնիության պահպանումը, յուրաքանչյուր զինծառայողի հանդեպ անկեղծ եմ և հարգալից, բացառում եմ խտրականության ցանկացած դրսևորում: Հոգեբանական օգնություն տրամադրելիս հավատարիմ եմ մնում մասնագիտական արհեստավարժության և կոմպետենտության սկզբունքին, երբեք հանձն չեմ առնում այնպիսի աշխատանք, որն ի վիճակի չեմ լիարժեք իրականացնել, աշխատանքում օգտվում եմ հոգեթերապևտիկ այն ուղղությունների տեխնիկաներից, որոնցում լուրջ հավաստագրված պատրաստություն եմ անցել:

– Մարտական հերթափոխի մեկնող անձնակազմի հետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:

– Մարտական հերթափոխի մեկնելուց առաջ՝ նախորդ օրը, անհատական զրույցներ եմ ունենում այն զինծառայողների հետ, ովքեր ունեն որոշակի խնդիրներ՝ թե՛ ներանձնային, թե՛ միջանձնային: Երբեմն նաև ընդհանուր դասախոսություններ են կազմակերպվում. հիմնականում այն դեպքերում, երբ զինվորն առաջին անգամ պետք է մարտական հերթապահություն իրականացնի: Վերջին շրջանում որպես ստուգիչ խումբ ընտրեցի դիրքերից մեկի անձնակազմը և փորձեցի սովորեցնել հոգեկարգավորման հնարքներ, որպեսզի զգոնությունն ավելի բարձր լինի: Եթե պարզվի, որ դրանք արդյունավետ են, ուսուցումը մասսայական կդարձնենք:

Ես հաճախակի եմ այցելում մարտական հենակետեր, երբեմն՝ հատկապես այն դեպքերում, երբ սահմանային լարվածություն է դիտվում, օրեր շարունակ մնում եմ այնտեղ: Իմ աշխատանքն առանձնակի սիրով եմ իրականացնում դիրքի անձնակազմի հետ, մշտապես տղաների կողքին եմ, փորձում եմ օգնել նրանց իմ խորհուրդներով, անհրաժեշտության դեպքում՝ նրանց հետ հավասար մարտական հերթապահություն եմ իրականացնում:

– Դուք խոսեցիք հոգեկարգավորման հնարքների մասին: Խնդրում եմ՝ մանրամասնե՛ք:

– Դրանք հանգստանալու, արագ լիցքաթափվելու, շնչառելու օգտակար եղանակներ են: Ամենապարզ հնարքներից մեկը շնչառության ռիթմի, ներշնչման և արտաշնչման գործընթացների հավասարեցումն է: Որոշ ժամանակ պասսիվ գիտակցական հսկողությունից հետո այդ ռիթմը դառնում է սովորական, սովորում ես ճիշտ շնչել:

– Առավել հաճախ ի՞նչ թեմաներով են դասախոսություններ կազմակերպվում:

– Հաճախակի կազմակերպվում են նաև լսարանային զրույցներ: Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ աշխատելիս ես չափազանց կարևորում եմ ռազմահայրենասիրական թեմաներով դասախոսությունները: Առավել հաճախ նրանց ներկայացնում եմ ՀՀ և Արցախի հերոս, մեծ հայ, հզոր զորավար Մոնթե Մելքոնյանի կյանքի և գործունեության մասին դրվագներ: Մոնթեի կենսագրությունը, նրան որպես անհատ և հրամանատար ներկայացնելը շատ դեպքերում ավելի եմ կարևորում, քան մասնագիտական եզրույթներով հագեցած դասախոսությունը:

– Ինչպե՞ս կգնահատեք անձնակազմի մարտական ոգին ու տրամադրվածությունը:

– Ոգին՝ անգերազանցելի, տրամադրվածությունը՝ միշտ մարտական: Նույնիսկ այն զինծառայողները, ովքեր զորամասում աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ, մարտական դիրքերում անճանաչելի են դառնում, լցվում անբացատրելի ավյունով: Մեր զինվորները գիտակցում են, որ իրենց է վստահված հայրենիքի սահմանն ամուր ու անառիկ պահելու պատվաբեր առաքելությունը:

Հասմիկ Գյոզալյան