Երբ տանը սպասում են, թիկունքն ամրանում է…

Էրեբունի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի կլինօրդինատոր, բուժծառայության կապիտան Արեգ Մովսիսյանի ընտանիքի ամենանվիրական երազանքն արդեն իրականություն է դարձել. դեկտեմբերի 3-ին մանկան ճիչ լսվեց նրա ընտանիքում: Արեգի և Մարիայի անդրանիկ զավակը՝ փոքրիկ Թաթուլը, ով պապիկի անունն է կրում, իր ծննդով նոր էջ բացեց ծնողների կյանքում:

Եվ այսօր թերթելով նրանց լուսավոր ընտանիքի գեղեցիկ պատմությունը` էջ առ էջ կփորձեմ փոխանցել ընթերցողին:

Առաջին քայլն ապագա կնոջս տուն գնալն էր…

«Մարիայի հետ ծանոթացել եմ Կապանում, երբ ծառայում էի զորային օղակում: Ծառայակից ընկերոջս կնոջ ընկերուհին էր: Սեր առաջին հայացքից կամ զգացմունքների «պայթյուն» չի եղել,-ժպիտով հիշում է Արեգը,- մեր հարաբերությունների սկիզբն ավելի հաստատակամ էր, և իմ առաջին քայլն իրենց տուն գնալն էր՝ ծնողների հետ ծանոթանալու: Մարդկային փոխհարաբերություններում չափազանց պատասխանատու եմ: Եթե արդեն ընտրել էի մեկին, ով լինելու էր ապագա կինս, երեխաներիս մայրը, ուստի պետք է ամենից առաջ ճանաչեի ընտանիքը, որտեղ նա ծնվել ու մեծացել է: Մարիան, իհարկե, ընտանիքի անդամներին ասել էր, որ ցանկանում եմ հյուրընկալվել, բայց երբ ներս մտա, բոլորը զարմանքով ինձ նայեցին… 2014 թ.-ի հունիսին մենք ընտանիք կազմեցինք:

Գաղտնիք չէ, որ զինվորական ծառայությունը նաև կենսակերպ է թելադրում: Փառք Աստծո, ծառայությունս և ընտանիքս երբեք չեն խանգարել միմյանց: Կարողացել եմ խաղաղություն, ներդաշնակություն գտնել թե՛ ընտանիքում, թե՛ ծառայության մեջ»:

Երբ տանը սպասում են, թիկունքն ամրանում է…

«Տղամարդու, հատկապես զինվորականի համար տանը սպասված լինելու զգացողությունն ամեն ինչից վեր է, թանկ ու կարևոր… Կինը պետք է կարողանա սպասել, ընտանիքի երջանկությունը դա է: Երբ գիտակցում ես, որ քեզ կարոտով սպասում են, թիկունքն ամրանում է, ջերմանում:

Ընտանիքն ուրույն համակարգ է, ինքնատիպ «թատերաբեմ», որտեղ պահանջվում է գիտակցված, գաղափարական մոտեցում: Ընտանիքի տղամարդը պետք է կրի պատասխանատվության մեծ բաժինը (դա ինչ-որ առումով սթափեցնող է), սակայն եթե կողակիցը չհասկանա ու չգնահատի քեզ, չուրախանա այն արժեքներով, որ դու ես գնահատում, չհպարտանա քո ծառայությամբ, որով դու ես հպարտանում, «թատերաբեմը» լարված է լինելու, և դա ազդելու է նաև ծառայության վրա. զինվորական բժշկի ծառայության մեջ կարևոր է սթափ որոշումներ կայացնելու ունակությունը, քանի որ շատ դեպքերում քո որոշումից կարող է կախված լինել մարդու կյանքը: Նույն կերպ չի կարելի ծառայության խնդիրները բերել տուն»:

Ամենանվիրական երազանքս իրականացել է

«Միշտ երազել եմ, որ ապագա ամուսինս զինվորական լինի, զինվորական համազգեստի նկատմամբ ակնածանք եմ ունեցել: Արեգի հետ ծանոթությունն անսպասելի էր: Մենք արդեն ճանաչում էինք միմյանց, սակայն երբեք չէի կռահել, որ զգացմունք ունի իմ նկատմամբ, և մեր տուն գալու առաջարկն իսկապես անսպասելի էր, թեպետ խոստովանեմ, որ ես էլ արդեն համակրում էի,- ասում է Մարիան և շարունակում,- զինվորականների ընտանիքները կրում են ծառայության դժվարությունները, սակայն ես երբեք դժվարությունների չեմ բախվել, չեմ նեղսրտել, քանի որ ամեն ժամ, ամեն վայրկյան սիրով եմ սպասել Արեգին: Մտքերով նրա հետ եմ եղել, երբեք ինձ միայնակ չեմ զգացել: Եթե ընտանիքը սիրո վրա է կառուցված, ամեն դժվարություն հաղթահարելի է: Կարևորում եմ կնոջ համբերատար լինելը, այլապես չես կարող ընտանիքում տաքուկ ու ջերմ մթնոլորտ ստեղծել: Իմ ամենանվիրական երազանքը կատարվել է: Ես ունեմ բարձր առաքինություններով օժտված ամուսին, հրաշալի բալիկ: Հպարտանում եմ, որ Արեգը զինվորական բժիշկ է»:

Հ.Գ.: Տեսնելով երիտասարդ ամուսինների նվիրումն ու սերը և հրաժեշտ տալով նրանց՝ սրտանց ցանկացա, որ ջերմությունը, ներդաշնակությունն ու բարեկեցությունն իշխեն բոլոր ընտանիքներում… Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիսը թո՛ղ օրհնություն ու սեր շնորհի բոլորին:

Հասմիկ Գյոզալյան

  • 6
  • 2
  • 4
  • 3