«Եթե սերն է կանչում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից…»

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժները տարեվերջին ամփոփ հաշվետվություններով ներկայացրին այն բարդ ու եզակի վիրահատությունները, որոնք կատարվում են իրենց բաժանմունքներում: Ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներ, փորձառություն, ժամանակակից բուժսարքավորումներ են անհրաժեշտ յուրաքանչյուր վիրահատություն բարեհաջող ավարտելու համար, այլև հոգու խիզախում՝ կյանքի ու մահվան սահմանագծում արարելու համար: Այս թեմայի շուրջ էլ զրուցել ենք ՊՆ ԿԿԶՀ կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանի հետ:

– Վիրահատություններ կան, որոնք իսկապես բարձր ռիսկ են պարունակում: Այնուամենայնիվ, վիրաբույժները խիզախում են և հաղթահարելով վտանգը՝ վիրահատում են ու փրկում հիվանդին: Ցավոք, լինում են նաև դեպքեր, երբ վիրաբույժն իսկապես չի կարող փրկել նրան. երբ հիվանդը տառապում է չարորակ, անբուժելի հիվանդությամբ, կամ երբ հիվանդին բերել են չափազանց ուշացած, ի՞նչ կարող է անել վիրաբույժը: Ինչ խոսք, օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ փորձում ենք մեղմել նրա ցավերը, երկարացնել կյանքը, բայց նաև մեր հոգու խորքում ընդունում ենք, որ մարդն ամենակարող չէ, ամենակարող է Աստված, և Նրանով է ամեն բան(այս օրերին մի ֆիլմ եմ դիտում՝ «Նիկերբոկերի հիվանդանոցը», ու ցավով, բայց չեմ կարող չընդունել, որ բժշկագիտության զարգացումը նույնպես զոհողություններ է պահանջել, դարերի ընթացքում որքան դժվար է զարգացել բժշկությունը՝ մարդկային խեղված ճակատագրեր, մահ, ինքնասպանություններ…):

Սակայն յուրաքանչյուր վիրաբույժի համար թերևս ամենաբարդ փուլը որոշում կայացնելն է, որովհետև որքան էլ նա փորձառու լինի և հմտորեն տիրապետի իր մասնագիտությանը, ամենից առաջ մարդ է՝ հուզական ներաշխարհով, և գիտակցում է, որ ամեն ինչ կարող է այլ կերպ ավարտվել, անկանխատեսելի, անցանկալի ընթացք ունենալ: Մասնագիտական որոշումներ կայացնելիս չտատանվելը մասնագիտական բարձր պատրաստվածության ցուցանիշներից է:

– Ի՞նչ են ավելացնում վերապատրաստումները Ձեր՝ պատերազմի բովով անցած և արդեն փորձառություն ունեցող վիրաբույժի կարողություններին, գիտելիքներին:

– Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, ես դեռ ուսանող էի և անդամագրվելով «Եղնիկներ» ջոկատին՝ մեկնեցի Արցախ ոչ թե որպես վիրաբույժ, այլ որպես մարտիկ: Մարտի դաշտում վիրավոր ընկերոջը վիրակապել սովորել էինք բոլորս, առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո արագ տարհանում էինք, տեղափոխում մոտակա հոսպիտալ: Մի քանի անգամ վիրահատությունների ժամանակ օգնել եմ վիրաբույժ Արմինա Նալբանդյանին. նա ինձ սովորեցնում էր՝ որ դեղից որքան ներարկեմ, ինչպես վերաբերվեմ հիվանդի, վիրավորի հետ:

Ինչ վերաբերում է հարցին, ապա ասեմ, որ վերապատրաստումները միշտ անգնահատելի նշանակություն ունեն յուրաքանչյուր՝ սկսնակ թե փորձառու մասնագետի համար: Բժշկությունը, ինչպես գիտության ամեն մի ճյուղ, աննախադեպ արագ է զարգանում: Այդ առաջընթացին չմասնակցելը նշանակում է ետ մնալ, իսկ մենք՝ բժիշկներս, իրավունք չունենք թերանալու, որովհետև մեր ձեռքերում մարդու կյանքն է, և մեր պարտքն է փրկել, պահպանել այն:

Մեկնելով Սանկտ Պետերբուրգ՝ ես առաջավոր վիրաբույժների հետ ծանոթանալու, նրանց աշխատանքը, բժշկագիտության մեջ ներդրումը տեսնելու հնարավորություն ունեցա, յուրացրի նրանց փորձը (վիրահատական բազմաբարդ միջամտությունների արդյունքում ախտահարված թոքի՝ մեծ ծավալի, սրտի մասնահատումները վերապատրաստվելու ընթացքում ենք սովորել, իհարկե, մինչ այդ էլ տեսականորեն պատկերացրել ենք, սակայն այլ բան է, երբ ինքդ ես մասնակցում վիրահատությանը, տեսնում ես ամբողջ ընթացքը և ամենակարևորը՝ արդյունքը՝ ինչպես է ապաքինվում հիվանդը):

Զինվորական բժիշկների մասնագիտական վերապատրաստման ծրագրերը շարունակական են: Փետրվարին մեկնելու եմԿազան՝ մասնակցելու Եվրոպայի թորակալ վիրաբուժության ասոցիացիայի կոնֆերանսին:

– Ձեր աշխատանքները ներկայացնելո՞ւ եք այդ կոնֆերանսին:

– Նմանօրինակ լայնածավալ միջոցառումներին ներկայանալու համար պետք է լրջորեն նախապատրաստվել, հստակ պատկերացնել՝ ինչպիսի նյութ ընտրել, ինչպես մատուցել այն, որպեսզի հետաքրքրի, նորույթ պարունակի, ընդունվի գործընկերների կողմից (այսօր չափազանց դժվար է զարմացնել առաջավոր աշխարհին): Անշուշտ, ուշագրավ նյութեր ունենք և ապագայում, կարծում եմ, մենք էլ՝ ՀՀ զինված ուժերում ծառայող հայ բժիշկներս, նույնպես օտարերկրյա գործընկերներին մեր ձեռքբերումները կներկայացնենք: Մենք ձգտում ենք ետ չմնալ համաշխարհային բժշկագիտության առաջընթացից և ոլորտի նորագույն նվաճումները նաև մեզ մոտ կիրառել այնքանով, որքանով թույլ են տալիս մեր հնարավորությունները:

– Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի Սուրբ Սարգսի տոնը:

Տարիներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվեց որպես Երիտասարդների օրհնության օր: Սակայն ինձ համար այդ տոնի խորհուրդն առանձնահատուկ է: Սուրբ Սարգիսը զորական էր, ես էլ զինվորական եմ: Եվ իսկապես վեհություն կա այն իրողության մեջ, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը սրբացրել է ոչ միայն իր հոգևոր հովիվներին, այլև զինվորականներին՝ Գևորգ և Սարգիս զորավարներ, Վարդան Մամիկոնյան…

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու՝ Մարտիրոսի և 14 զինակիցների նահատակությունը՝ հանուն հավատի, վառ ապացույց է, որ սերն առ Աստված, սերը հայրենիքի հանդեպ ավելի է զորացնում մարդուն, և դարեր շարունակ քրիստոնեությունը հանիրավի է համարվել թույլի, խեղճի պաշտամունք: Թույլը ի զորու չէ սիրելու և իր անձը զոհաբերելու հանուն այդ սիրո: Եթե այսօր դու չես պայքարում հանուն այն հավատի, որին դավանում ես, վաղն ունակ չես լինի պայքարելու քո մայր հողի, քո ժողովրդի համար:

Արցախյան հերոսամարտը ևս մեկ ապացույց է մեր՝ քրիստոնյա հայերիս հոգևոր խիզախման, նվիրման, անձնազոհության: Մի՞թե «վասն հավատո, վասն հայրենյաց» չնահատակվեցին մեր մարտիկները: Ես համոզված եմ՝ արյան մկրտությամբ սրբադասվեցին նրանք:

Պարո՛ն Ոսկանյան, մեր երիտասարդներին ի՞նչ կմաղթեք Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ:

– Սեր առ Աստված, սեր առ հայրենիք, սեր միմյանց նկատմամբ… Սերն է գոյության, արարման, հոգու խոյանքի աղբյուրը: Մեր երիտասարդներին կցանկանայի նվիրել Ջեբրան Խալիլի մարգարեությունը սիրո մասին.

«Եթե սերն է կանչում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:

Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորի նրա փետուրների մեջ թաքնված սուրը:

Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքները, ինչպես այգին ամայացնող հյուսիսային քամին:

Քանզի սերն է պսակում ձեզ, բայց նա էլ խաչում է:

Նա աճեցնում է ձեզ, բայց նա էլ կտրում է…»:

Էդիտա Մելքոնյան