Հայ ժողովուրդը սրբադասել է նաև իր զորականներին

2016 թ. հունվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Հայ ժողովուրդը դարեր շարունակ սրբադասել է նաև իր զորականներին՝ ապացուցելով, որ հարկ չէ քրիստոնեությունը դիտել որպես թույլերի պաշտամունք, այլ հանուն հավատի, հանուն հայրենիքի իր անձը կարող էզոհաբերել միայն ոգով զորեղը, անպարտելին:

Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա՝ տոնի խորհուրդը մեկնելու համար հանդիպեցինք ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հոգևոր սպասավոր տեր Սամուել քահանա Սարգսյանի հետ:

– Սուրբ Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է։ Մեծն Կոստանդիանոս կայսրն արիության և ռազմի հմտություններին կատարելապես տիրապետելու համար Սարգիս զորավարին կարգում է Կապադովկիայի իշխան և սպարապետ։ Ստանալով կայսեր համաձայնությունը` Սարգիս զորավարն իր իշխանության ներքո գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ և քարոզում՝ մարդկանց սովորեցնելով Տիրոջ պատվիրանները, մարդկանց ճշմարիտ Աստծուն հաղորդակից դարձնում: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք անողոք հալածանքներ են սկսվում քրիստոնյաների դեմ, Սարգիս զորավարն աստվածային հայտնությամբ կայսրության սահմաններից հեռանալու հրաման է առնում և որդու՝ Մարտիրոսի հետ ապաստանում է քրիստոնյա Հայաստանում: Շուտով պարսից Շապուհ արքան հրավիրում է Սարգիս զորավարին՝ դառնալու իր զորագնդերի հրամանատարը. ռազմավարական այդ կարևորագույն պաշտոնը հայ զորականին է վստահում: Ծառայելով պարսից բանակում՝ Սարգիս զորավարը իր զինվորներին ոչ միայն ռազմի հմտություններ, մարտարվեստ է սովորեցնում, այլև անընդհատ քարոզում է, աղոթում և սիրով կատարում ծառայությունը: Զորականները, տեսնելով աստվածասեր, բարեպաշտ զորավարին, նրա նվիրումն առ Աստված, հրաժարվում են պաշտել կրակը և քրիստոնեությունն են ընդունում որպես միակ ճշմարիտ դավանանք: Շուտով կռապաշտ արքան՝ դավադրաբար իմանալով, որ Սարգիս զորավարը նաև քրիստոնեության ուսմունքն է հաղորդում իր զինակիցներին, պաշտամունքի ժամանակ բոլորին հրամայում է երկրպագել կուռքերին և զոհեր մատուցել: Սարգիս զորավարը, նրա որդին և 14 զինակիցները հրաժարվում են: Սուրբ Սարգիս զորավարի աչքերի առաջ իր որդին և զինվորները նահատակվում են: Արքան հրամայում է բանտարկել նրան, սակայն բանտում էլ Տեր Հիսուս, հայտնվելով զորավարին, իր հրաշափառ լույսով քանդում է նրա ձեռքերի շղթաները, և բանտապետը, մյուս բանտարկյալները, տեսնելով այդ հրաշքը, լցվում են հավատով, որ Քրիստոսն է ճշմարիտ Աստծո որդին, և քրիստոնեությունն ընդունում են որպես միակ ճշմարիտ կրոն: Շապուհը հրամայում է Սարգիս զորավարին մահապատժի ենթարկել: Երբ նրան դուրս են բերում զնդանից, երկնքից լույս է բացվում, զորավարը նայում է դեպի լույսն ու աղոթում… Դահիճը կտրում է սրբի գլուխը:

– Սարգիս զորավարը նահատակվեց հանուն հավատի… Ինչո՞ւ ենք նրան սիրո բարեխոս համարում:

– Քրիստոնեությունը սեր է քարոզում: Ճշմարիտ Աստված սեր է: Նա այնքան սիրեց մեզ, որ մինչև իսկ իր միածին որդուն չխնայեց մահկանացուներիս մեղքերից փրկության համար: Այդ սիրո մասին էր պատմում Սուրբ Սարգիսը:

Եվ հայ եկեղեցին էլ դարեր անց Տիրոջ հանդեպ նրա ունեցած սերը, խոնարհությունը ցանկացավ երիտասարդներին փոխանցել և Սուրբ Սարգսի հիշատակության օրը խնդրել, որպեսզի Աստված նրա բարեխոսությամբ սեր պարգևի մարդկանց սրտերին, այն սերը, որ աստվածադիր է և միավորելով սրտերը՝ տանում է դեպի ընտանիք, իսկ ընտանիքի կոչումն է որդեծնությունը:

– Ինչո՞ւ են Սուրբ Սարգսի տոնին խարույկ վառում…

– Ես կարծում եմ՝ մարդկանց մեծամասնությունը խաղ է անում… Եթե կա մարդկանց մեջ այնպիսի ոգևորություն, որ ուզում են խաղալ, պարել, թո՛ղ խաղան, թո՛ղ պարեն, բայց նաև Տիրոջո՛վ ուրախ լինեն միշտ:

Հեթանոսները, վառելով խարույկը, պաշտում էին այն՝ որպես աստծո: Քրիստոնյաները, խարույկի վրայից թռչելով, պետք է այն գիտակցումն ունենան, որ իրենք, կրակի վրայից թռչելով, ոտնակոխ են անում կրակը և իրենց մտքի մեջ դավանում են. «Դո՛ւ չես աստված, այլ նա՛ է Աստված, ով ստեղծեց ամբողջ տիեզերքը՝ և՛ կրակը, և՛ հողը, և՛ օդը, և՛ ջուրը»:

Զինված ուժերում ծառայող հոգևորականները երիտասարդ զինվորներին բացատրում են, որ կարևոր չեն օրվանյութերը՝ խարույկը, աղաբլիթը և այլն (դրանք ժողովրդական ծագում ունեն և ոչ մի առնչություն չունեն եկեղեցական ծեսի կամ դավանանքի հետ), էականը տոնի խորհուրդն է: Զինվորների հետ Սուրբ Սարգսի հիշատակության օրը նշում ենք իմաստալի զրույցներով, երիտասարդները հարցեր են ուղղում Սուրբ Սարգսի անձի, զորավարական հմտությունների, նահատակության պատմության, տոնի խորհրդի վերաբերյալ և ստանում են պատասխաններ՝ աստվածաշնչյան մեջբերումներով, վկայաբանություններով հիմնավորված: Լինում են նաև զինվորներ, որ հետո առանձին մոտենում են՝ «փոքրիկ խորհուրդ հարցնելու», բայց զրուցելով նրանց հետ՝ տեսնում ենք, որ նրանք ավելի մեծ խնդիր ունեն՝ հոգևոր, և սիրով ականջալուր ենք լինում նրանց անհանգստություններին ու Տիրոջ կենարար խոսքով փորձում ենք բուժել հոգու ցավը:

Էդիտա Մելքոնյան