2015 թվականը ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր

Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, մի շարք զորամասերի հրամանատարներ, սպաներ, կուրսանտներ, զինվորներ:

Իր ելույթի սկզբում Սեյրան Օհանյանը նշեց, որ դահլիճում են գտնվում այն զինծառայողները, ովքեր մեծ ներդրում են ունեցել ԶՈՒ-ի՝ 2015 թվականին արձանագրած ձեռքբերումներում, հայկական բանակի դիրքերի ամրապնդման գործում. «Այստեղ են այն զորամիավորումների և զորամասերի հրամանատարները, ովքեր աչքի են ընկել և առաջատար են եղել ԶՈՒ 2015 թ.-ի ուսումնական տարում, լավագույնս են դրսևորել իրենց: Այստեղ են ԶՈՒ լավագույն զինվորները, որոնց ջանքերի, հրամանատարների հետ համատեղ սխրանքի, քաջագործությունների շնորհիվ մենք կարողացել ենք հետ մղել հակառակորդի բոլոր ոտնձգությունները և հասնել հաջողությունների»:

Ամփոփելով ԶՈՒ 2015 թ.-ի ուսումնական տարին՝ նախարարը նկատեց. «2015 թվականը ՀՀ Զինված ուժերի համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր: 2015 թ.-ին մենք գործունեություն ենք իրականացրել չափազանց լարված իրավիճակում՝ հակառակորդի սանձազերծած ոտնձգությունների պայմաններում, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով: Ընդ որում՝ հակառակորդը կիրառել է 60, 80, 120 մմ ականանետներ, ռեակտիվ համազարկային համակարգեր, հրանոթներ և անգամ տանկեր: Այս իրականության մեջ ՀՀ ԶՈՒ հրամանատարների և նրանց ենթակաների հմուտ գործողությունների շնորհիվ մենք ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ կարողացել ենք զսպել հակառակորդին, այլև շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»:

Որպես ԶՈՒ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը՝ նախարարն առանձնացրեց մարտունակության ապահովումը և առաջնագծում մարտական խնդիրների իրականացումը:

«Մեր ուշադրության կենտրոնում է նաև եղել անձնակազմի կառավարման ոլորտը, որտեղ ամենակարևոր խնդիրը ղեկավար օրգանների պատրաստությունն է: Հրամանատարաշտաբային, շտաբային տարբեր մարտավարական զորավարժությունների և հավաքների ընթացքում բարձրացել են հրամանատարների ունակությունները: Այդ միջոցառումների զգալի մասն անց է կացվել այն վայրերում, որտեղ մեր զորամասերը մարտական հերթապահություն են իրականացնում,- ասաց նախարարը և շարունակեց,- մարտական պատրաստության գործընթացում ուշադրություն է դարձվել զինծառայողների անհատական պատրաստությանը, նաև ստորաբաժանումների և զորամասերի ներդաշնակությանը, հատկապես՝ դաշտային վարժվածությանը»:

Ս. Օհանյանը տեղեկացրեց, որ դաստիարակչական աշխատանքներն ընթացել են ուսումնական և մարտական հերթապահության ծավալուն գործունեությանը զուգահեռ, և հաջողություններն այդ ուղղությամբ ևս ակնհայտ են:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի անընդհատ կատարելագործման, ժամանակակից հեռահար և ճշգրիտ միջոցների ձեռքբերման գործընթացները:

Նշանակալի աշխատանքներ են իրականացվել բանակ-հասարակություն կապի ամրապնդման, արատավոր բարքերի դեմ տարվող աշխատանքների, դաշնակից և գործընկեր երկրների հետ համագործակցության կատարելագործման և այլ ոլորտներում ևս:

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումները շարունակել են իրենց ներդրումն ունենալ Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում իրականացվող խաղաղապահ գործողություններում:

Պարոն Օհանյանը շեշտեց, որ ավարտվել է պաշտպանական ռազմավարական վերանայումը և այդ գործընթացի շրջանակում գնահատելով անվտանգության միջավայրը, սպառնալիքները և որոշելով յուրաքանչյուր գերատեսչության դերակատարումն ու խնդիրները՝ կազմվել է ԶՈՒ պատմության մեջ երկրորդ՝ 2016-2020 թվականների զարգացման պլանը:

2016 թվականը հայտարարվել է «Հրամանատարական պատրաստության տարի», իսկ տարվա կարգախոսն է՝ «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք»:

Նախարարի ելույթից հետո լրագրողները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը: Այն հարցին, թե արդյոք զոհված զինծառայողների՝ սոցիալապես անապահով ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Բանակի հրամանատարությունը և զորամասերի հրամանատարները միջոցառումներ են իրականացնում այդ ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահելու և աջակցություն ցույց տալու ուղղությամբ: Մեր զոհված զինծառայողների ընտանիքները ոչ միայն բանակի ղեկավարության, այլև ԱԺ-ի, Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության տարբեր խավերի ուշադրության կենտրոնում են: Սահմանին կանգնած զինծառայողների հերոսությունների, սխրանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հասնել հաջողությունների և պաշտպանել մեր սահմանները: Փա՛ռք ու պատի՛վ բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ ինստիտուտում տեղի ունեցած սպանության գործը, և ինչ քայլեր են ձեռնարկվում ապագայում նմանօրինակ երևույթներից խուսափելու համար:

«Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը ցավալի էր նաև այն առումով, որ ստվեր գցեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և հաստատության ղեկավարության աշխատանքի վրա: Ինստիտուտն իրականացնում է իր առջև դրված խնդիրները, հակառակ դեպքում մենք չէինք կարող Զինված ուժերն ապահովել համապատասխան հրամանատարական կազմով: Մենք ունենք այնպիսի հրամանատարների մեծ համաստեղություն, ովքեր առանձնանում են իրենց գրագիտությամբ, ունակություններով, գաղափարական և հայրենասիրական դաստիարակությամբ: Ցավոք, նաև այսպիսի, կարելի է ասել, կազմակերպված և կատարյալ կառույցներում են լինում ցավալի միջադեպեր: Նշեմ, որ պաշտպանության նախարարի հրամանով ծառայողական քննություն է անցկացվել, որից հետո համապատասխան պաշտոնատար անձինք են պատժվել: Հարցն իրավական դաշտում է, և մենք իրավապահ մարմինների հետ հետևելու ենք, որ բոլոր մեղավորները հայտնաբերվեն և ըստ օրենքի պատժվեն»,- ասացՍ. Օհանյանը:

Լրագրողներից մեկը նախարարին խնդրեց պարզաբանել ադրբեջանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե նվաճել են Օդնդաղի բարձունքը:

«ՀՀ սահմաններն այսօր անառիկ են: Մեր պաշտպանության ուրվագծում, այսինքն՝ դիրքերի դասավորվածության մեջ փոփոխություններ չեն եղել, և հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել: Պաշտպանության խորքում՝ մեզնից յոթ կիլոմետր հեռավորության վրա, դիրք տեղադրելը չի նշանակում հասնել ինչ-որ առավելության»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Այն հարցին, թե Ադրբեջանում տիրող իրավիճակը, նավթադոլարային ճգնաժամն ինչպիսի ազդեցություն կունենան սահմանային իրավիճակի վրա, նախարարը պատասխանեց. «Ադրբեջանում ներքաղաքական և ֆինանսական իրավիճակը բավական բարդ է: Այն միանշանակ իր ազդեցությունը թողնում է այլ ուղղությունների վրա ևս՝ և՛ քաղաքականության, և՛ ղեկավարության կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև սահմանային իրավիճակի: Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր զարգացումներին: Հայ հրամանատարը և հայ զինվորը շարունակելու են պատվով իրականացնել իրենց խնդիրները»:

Լրագրողի՝ Բանակի տոնին ընդառաջ տարածաշրջանում հայկական բանակի հնարավորությունները գնահատելու խնդրանքին ի պատասխան՝ նախարարը փաստեց. «Հայկական բանակն այսօր մարտունակ է, տարածաշրջանում հաղթանակած և մրցունակ: Որակական առումով, մարտական ոգով, ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով մենք շատ դեպքերում գերազանցում ենք հակառակորդին»:

Հնչեցին բազմաթիվ այլ հարցեր ևս, որոնց նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:

Ասուլիսի ավարտին նախարարը պարգևատրեց մի խումբ լրագրողների:

Հասմիկ Գյոզալյան

  • 3
  • 9
  • 10
  • 5
  • 6
  • 8
  • 1
  • 2