Գիտական հրապարակումները ժամանակի պահանջ են դարձել

Հունվարի 27-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ՝ հանդիպելու «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամների հետ:

Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ռազմաբժշկական բազային, հետդիպլոմային, նեղ մասնագիտական կրթությանը, ինչպես նաև առկա կրթական ծրագրերի կատարելագործմանը, գործնական հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր: Ներկաները կարևորեցին կրթական համակարգի վերակառուցման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման, ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, քանի որ կադրերի պատրաստման համակարգն ուղղակիորեն ազդում է ապագա մասնագետի որակավորման և նրա կողմից իրականացվող բուժսպասարկման ցուցանիշների վրա:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը նշեց. «Անհերքելի ճշմարտություն է, որ «ռազմական բժշկությունը 3 բաղադրիչ ունի` ռազմաբժշկական կրթություն, ռազմաբժշկական գիտություն և ռազմաբժշկական պրակտիկա»: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ռազմաբժշկական կրթության առաջին դարբնոցն է, այն «ստնտու» օղակը, որից պետք է սնվի ապագա ռազմաբժիշկը և միևնույն ժամանակ ուշադրությունը սևեռի ոչ միայն հետբուհական կրթությունը շարունակելու և մասնագիտական գործունեություն ծավալելու վրա, այլև չանտեսելով գիտական գործունեության դերն ու նշանակությունը՝ հետագայում մասնագիտական գործունեությանը զուգահեռ զբաղվի նաև ռազմաբժշկական խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների կատարմամբ:

Անհրաժեշտ է օտար լեզուներ սովորել, քանի որ օտար լեզուների իմացությունը բացում է հորիզոնները, թույլ է տալիս ազատ հաղորդակցվել օտարերկրյա գործընկերների հետ, յուրացնել նրանց փորձը, մասնակցել միջազգային բժշկագիտական կոնֆերանսների, ուսումնասիրել առաջավոր երկրների զինված ուժերում ռազմաբժշկական ծառայության իրականացման առանձնահատկությունները»:

Ռուզաննա Խաչատրյանի համոզմամբ՝ միայն այս ճանապարհով է հնարավոր լուծել ռազմաբժշկական ծառայության առջև ծառացած խնդիրները և զինված ուժերում գիտականորեն հիմնավորված բուժսպասարկում կազմակերպել ու իրականացնել. «Առաջավոր երկրներում գիտությունը և բժշկությունը զարգանում են համընթաց: Չենք կարող անվերջ երազանքով նայել նրանց առաջընթացին և բավարարվել այն ամենով, ինչին հասել ենք: Հայ զինվորական բժիշկներն իրավունք չունեն կարծելու, որ զիջում են և շարունակեն մնալ սահմանափակ հնարավորությունների կաղապարների մեջ, այլ ընդհակառակը՝ պետք է դուրս գան… և այնժամ կհամոզվեն՝ որքան լավն են իրենք և որքան մեծ գիտական, մասնագիտական ներուժ ունեն»:

Նշենք, որ ներկայումս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ոչ միայն իրականացնում է ռազմաբժշկական կրթություն, այլև համակարգում է ռազմական բժշկության ասպարեզում գիտական հետազոտությունների կատարումը և քայլեր է ձեռնարկում գիտական աշխատանքները որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Սամվել Գալստյանի խոսքով՝ գիտահետազոտական աշխատանքների կատարման գործում պետք է ընդգրկվեն ոչ միայն հոսպիտալային, այլև զորային օղակում ծառայող ռազմական բժիշկները. նրանց ամենօրյա ծառայությունը նույնպես հագեցած է ուշագրավ դեպքերով, նրանք պետք է գիտականորեն ամրագրեն իրենց ծառայական, մասնագիտական ձեռքբերումները և փորձը փոխանցեն եկող սերունդներին:

Ի դեպ, կատարված գիտահետազոտական աշխատանքներն ի մի բերելու, ներկայացնելու, ինչպես նաև ռազմաբժշկական գիտական մտքի զարգացումը խթանելու նպատակով լույս կտեսնի գիտական պարբերական: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, հայտնելով իր դիտարկումները գիտական պարբերականի ստեղծման, հրատարակման վերաբերյալ, փաստեց, որ պարտադիր գիտական հրապարակումները ժամանակի պահանջ են դարձել:

ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանն էլ՝ հիշեցնելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2016 թ. հայտարարել է «Հրամանատարական պատրաստության տարի», նշեց. «Ըստ գործող փաստաթղթերի և պահանջների՝ յուրաքանչյուր սպա պարտավոր է մեկ տարվա ընթացքում ներկայացնել 2 մասնագիտական ռեֆերատ՝ դրանցից յուրաքանչյուրի մեջ ամփոփելով աշխատանքային կիսամյակի արդյունքները: Բժիշկը կարող է հիշատակել յուրահատուկ կլինիկական դեպքերը, որոնց լուսաբանումն ուսանելի, հետաքրքիր կլինի ոչ միայն գործընկերների, այլև հանրության համար, հնարավոր է նաև այդ ռեֆերատները ներկայացնել ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին և գործող ռազմաբժիշկների հետ քննարկումներ կազմակերպել»:

ԵՊԲՀ գիտության վարչության պետ, դոցենտ Սեյրան Քոչարյանը գիտական պարբերականի իրավական գրանցման, հիմնադրման, գործընթացի ղեկավարման վերաբերյալ նույնպես հանդես եկավ ուշագրավ դիտարկումներով, առաջարկություններով և պարբերականի ստեղծմանն աջակցելու, հրատարակման ընթացիկ աշխատանքներին լրջորեն մասնակցելու, օգտակար լինելու առումով իր պատրաստակամությունը հայտնեց. «Մենք՝ հայերս, մեր զավակների գիտակցության մեջ մանկուց սերմանում ենք ոչ թե ատելություն դարավոր թշնամու հանդեպ, այլ զենք բռնել ընդդեմ նրանց, ովքեր կհամարձակվեն մեր հայրենիքի, ժողովրդի դեմ ոտնձգություն կատարել: Այդպես էի նաև ես դաստիարակում զավակներիս… Սակայն երկու տարի առաջ ձեռք բերեցի ընկերներ Թայվանից. նրանք չինացիներ են, ովքեր 1950 թ. տեղափոխվել են Թայվան կղզի (այն ավելի փոքր է, քան Հայաստանն ու Արցախը միասին, բայց այսօր 30 միլիոն բնակչություն ունի): Նրանք իրենց բարձրացող սերնդին հորդորում են լինել ավելի գրագետ, ավելի առաջադեմ, հզոր՝ մտքով և գաղափարով, որպեսզի թշնամին այդպես էլ ընդունի իրեն…»:

Հանդիպման ավարտին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետին նվիրեց ասոցիացիայի խորհրդանշական ժամացույցը և մաղթեց, որպեսզի մարդը, ում ձեռքերում են աշխարհի «բոլոր զենքերը», մարդակենտրոն լինի և իր բոլոր «զենքերը»՝ հնարավորությունները, ծառայեցնի չարիքը կանխելուն:

Ներկաները ևս մեկ անգամ միմյանց շնորհավորեցին Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ, հայկական երկու պետություններին մաղթեցին խաղաղություն, իսկ բանակում ծառայող զինվորներին՝ բարի վերադարձ: Միաժամանակ խորին երախտագիտությամբ հիշեցին այն բժիշկներին, ովքեր փրկել են զինվորի կյանքը և այսօր էլ պատրաստ են իրենց գիտական ներուժը, հնարավորությունները ծառայեցնել բանակի բուժծառայության զարգացմանը:

Էդիտա Մելքոնյան

  • 14
  • 04
  • 13
  • 11
  • 12
  • 07
  • 10
  • 06
  • 08
  • 05
  • 09
  • patr e