«Եթե ամեն մեկն իր Մոնթեն ունենար, աշխարհում կպակասեր չարությունը»

«Պէտք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործին մէջ,

յաղթենք ու վերջ: Խաղաղութիւն պիդ ըլլայ միայն

մեր յաղթանակով: Անկարելի է խաղաղութեան

հասնիլ առանց մեր յաղթանակին»:

Մոնթե…

«Երբ 1993 թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի և լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերում է մեր եղբորը՝ Մոնթեին: Նա մեզանից 8000 մղոն հեռավորության վրա էր՝ նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում, մենք փորձում էինք նրան մի տուփ «ուոքի-թոքիներ» ուղարկել: «Ուոքի-թոքիները» պետք չեն գա էլ»,- ասաց քույրս՝ սեղմված կոկորդով: Ապա նա հայտնեց, որ իմ միակ եղբայրն այդ օրը տեղի ունեցած մի փոխհրաձգության ժամանակ զոհվել է հեռավոր Արցախի լեռների ստորոտին»,- պատմում է Մոնթեի եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը:

Մոնթեի թաղման առավոտյան՝ 1993 հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա նստած էր արկի պայթյունից կաթված ստացած մի զինվոր: Նա գիշերն այդտեղ էր անցկացրել՝ ինքն իրեն պահակ նշանակելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում: Նույն առավոտյան՝ ավելի ուշ, Մոնթեի ութ զինակից ընկերներն ինքնաձիգները ուսերից հանեցին` աճյունը տանելու համար:

Մոնթեն Հայաստանում շատ քիչ էր խոսել իր կյանքի մասին: Ուստի զարմանալի չէր, որ նրա անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ կային. այն է՝ իբր նա կռվել է Թեհրանի և Բեյրութի փողոցներում, Աֆղանստանի լեռներում, խոսակցություններ սրճարանների ռումբերի, Հունաստանում ու Իտալիայում սպանության դավերի և Ֆրանսիայում բանտարկյալների խռովության մասին: Պատահել էր, որ մի համառ լրագրող փորձել էր խորհրդավոր հրամանատարի մասին իմանալ ճշմարտությունը… Մոնթեն կարճ էր կտրել՝ պատասխանելով. «Իմ մասին շատ բան չունիմ ըսելու, օքեյ: Ով որ կճանչնա, կճանչնա… Կարևորն այն է, որ Արցախի խնդիրը հասկանանք… և բան մը ընենք…»:

Մանկության տարիներին նա հանդուրժող, ուրախ և անհոգ երեխա էր: Նրան դժվար էր բարկացնելը, բայց երբ հանկարծ ափերից դուրս էր գալիս, անկառավարելի էր դառնում: Երբեք իր ոչ մի արարքի համար ներողություն չէր խնդրում: Եթե Մոնթեն առհասարակ պետք է սովորեր ներողություն խնդրել, ապա՝ միայն հասուն տարիքում:

1978 թ.-ի վերջին Լիբանանում Մոնթեն հանդիպեց իր ապագա կնոջը` Սեդային: Առաջին անգամ, երբ նայում էր նրան, դեմքն իրենից անկախ պայծառանում էր: Մոնթեին ամենից շատ գրավում է այն, որ Նոր տարվա շեմին աղջիկը կրում էր ոչ թե շրջազգեստ, այլ պարզ, պրակտիկ տաբատ և ուներ կարճ կտրված եղունգներ:

– Քանի՞ տարեկան ես,- հարցնում է Մոնթեն:

– Տասնհինգ:

Մոնթեն մտքերի մեջ է ընկնում, հետո՝ թե.

– Ասում ես՝ քանի՞ տարեկան ես,- վստահ չէր, որ առաջին անգամ ճիշտ է լսել:

– Տասնհինգ,- հնչում է նույն պատասխանը:

Ահա այսպես էլ Մոնթեն գտել է իր կյանքի ուղեկցին: Նա շփոթված էր, քանի որ իր ծրագրերի մեջ սիրահարվելը երբեք չէր մտել: Հիշեց, որ պետք է ամուրի մնա, ազատ լինի ու նվիրվի միայն «հայրենասիրական պայքարին»: Մի պայքար, որը, ի դեպ, դեռ գոյություն չուներ: Սակայն ճակատագիրն այլ բան էր պատրաստել նրա համար: 1987 թ.-ին Մոնթեն բանտից իր ծնողներին գրեց. «Թեև ես դեռ վստահ չեմ, թե ուր եմ գնալու ազատվելուց հետո, բայց գիտեմ, որ իմ ընկերուհին, որին ես համարում եմ իմ հարսնացուն, ինձ հետ կլինի»: Ապա, երբ նրա մայրը հորդորեց հանուն Սեդայի մի տեղ հաստատվել ու հանգիստ ապրել, նա պատասխանեց. «Մի՛ անհանգստացիր. մենք իհարկե շատ դժվար կյանք կունենանք, բայց երջանիկ կլինենք: Այդքանը բավական է»:

Սեդայի սիրտը պատասխանում էր Մոնթեին: Ինչպես իր հայրենիքի լեռները, Սեդան նույնպես նրան սպասում էր բանտի պատերից շատ հեռու: «Ես ու Մոնթեն հիմա էլ երջանիկ ենք, ինչպես կենդանության ժամանակ: Եթե մի քանի կյանք էլ ապրեմ` չեմ հասցնի սպառել իմ երբեմնի երջանկության պաշարները: Եթե ամեն մեկն իր Մոնթեն ունենար, աշխարհում կպակասեր չարությունը»,- մի առիթով ասել է Սեդան:

Մի՜շտ միասին, մի՜շտ իրար հետ, մի՜շտ անբաժան. Մոնթե և Սեդա… Եվ իսկապես պարտադիր չէ ֆիզիկապես լինի կողքին այն դեպքում, երբ ամբողջությամբ եղել է իրենը, եղել են երջանիկ, ու կարևոր չէ, որ այսօր մեկը մյուսից հեռու է, չեն հանդիպում, չեն խոսում, ու մեկը չկա ֆիզիկապես: Դա այն սերն է, որ ապրեց ու կապրի անգամ մեկի մահից հետո:

Երբ սիրում ես, բաժանում չի լինում. նա ապրում է քո հիշողության, մտքերի, սրտի, հոգու, արյան ու ամեն նոր բացվող օրվա մեջ:

1989 թվականին՝ ազատ արձակվելուց հետո, փաստաթղթեր չունենալու պատճառով Մոնթե Մելքոնյանն ուղարկվել է Հարավային Եմեն, որտեղ նրան է միանում իր անկրկնելին՝ իր կինը՝ Սեդան: 1990 թվականի հոկտեմբերին Մոնթե Մելքոնյանին վերջապես հաջողվում է անցնել Հայաստան:

Հայաստան գալով՝ նա աշխատել է իր «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի պատրաստման ուղղությամբ: Սակայն առաջնահերթ համարելով հայրենի երկրի պաշտպանությունը՝ նա մեկնեց ռազմաճակատ: 1991 թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Մոնթեն մասնակցել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությանը և ադրբեջանցիների կողմից գրավված գյուղերի ազատագրմանը՝ աչքի ընկնելով մարտական ունակությամբ և հրամանատարական հիանալի ձիրքով: 1992 թ.-ին նշանակվել է Մարտունու շրջանի ռազմական շտաբի պետ, ապա՝ հրամանատար: Անջատ ջոկատներից Մոնթեն կազմում է բանակային համախմբված համակարգ: Նրա նվիրված ու անխոնջ աշխատանքի, համառության և խստապահանջության շնորհիվ թույլ ու անկազմակերպ շրջանը դառնում է Արցախի ամենապաշտպանված ու անխոցելի տարածքը:

1993 թ.-ի մարտին արդեն կենդանի լեգենդ դարձած Մոնթեն մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջին ու ապրիլի սկզբին ղեկավարում է Քարվաճառի ազատագրման գործողությունը: Նույն տարվա մայիսին տեղակայվում է Լաչինում և ծրագրում Կուբաթլիի շրջանի ազատագրումը: Մոնթեի մարտական ընկերները պատմում են, որ նրա ամենակեղտոտ բառը «էշն» էր: Բարկանալուց նա հենց այդ բառն էր օգտագործում:

Մի անգամ Մոնթեին տեղեկություն են տալիս, որ թշնամու մի տանկ կա մոտակայքում: Մոնթեն անմիջապես հայկական տանկ է ուղարկում՝ պարզելու, թե ինչն ինչոց է, և եթե հնարավոր է՝ տանկը գրավելու: Մերոնք գնում են, ու այնպես է լինում, որ կրակում են թշնամու տանկին, շարքից հանում այն: Ասում են՝ հրամանատարի բարկությանը չափ ու սահման չկար, քանի որ տանկը վերցնելու փոխարեն անիմաստ ոչնչացրել էին: Նա հայկական տանկից դուրս է կանչում անձնակազմին ու հարցնում.

– Դուն ո՞վ ես, քեզ ո՞վ իրավունք տվեց կրակելու:

Մարդն ասում է.

– Ես հրամանատարն եմ:

– Դուն հրամանատար չես, դուն էշ ես,- հետևում է Մոնթեի պատասխանը: Հետո հարցնում է մյուս զինվորին.

– Դո՞ւն ով ես:

– Ես հրաձիգն եմ:

– Դուն հրաձիգ չես, դուն ալ ես էշ:

Հետո Մոնթեն նույն հարցը տալիս է երրորդ զինվորին, ով տանկի մեխանիկ-վարորդն էր, և ի զարմանս բոլորի՝ հնչում է հետևյալ պատասխանը՝ «Ես էշ եմ»:

Բոլորն անակնկալ պատասխանից որոշ ժամանակ քար են կտրում, իսկ հետո լսվում է Մոնթեի ձայնը.

– Ո՛չ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես:

Մոնթեն Արցախի ազատագրումն ընկալում էր իր ամբողջական, համահայկական նշանակությամբ: Նրա համար այդ պայքարը հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքի ամբողջ տարածքի տիրոջ իրավունքի համար մղվող ընդհանուր պայքարի էական մի օղակն էր: Նրա համար ազատագրական պայքարն ինքնանպատակ չէր, այլ արդար և ազնիվ հիմքի վրա խարսխված պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհին դրված առաջին և անհրաժեշտ քայլ: Իր համեստությամբ, ազնվությամբ և նվիրումով Մոնթե Մելքոնյանը դարձավ ազգային համախմբվածության խորհրդանիշներից մեկը:

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումների:

Ռուզաննա Մարտիրոսյան