Երաժշտական թերապիա

Երաժշտության բուժիչ հատկությունների մասին մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից: Աստվածաշնչում նկարագրվում է, թե ինչպես է Դավիթը Իսրայելի Սավուղ արքայի խնդրանքով տավիղ նվագում, ինչից հետո արքայի ինքնազգացողությունը լավանում է:

Պատմության մեջ առաջինը, ով փորձեց գիտականորեն հիմնավորել երաժշտության դրական ազդեցությունը մարդու ներաշխարհի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների թեթևացման կամ բուժման գործընթացի վրա, Պյութագորասն էր: Նա պնդում էր, որ երաժշտությունը ենթարկվում է մաթեմատիկայի բարձրագույն օրենքին և վերականգնում է օրգանիզմի ներդաշնակությունը: ժամանակակիցների վկայությամբ՝ Պյութագորասին հաջողվել է երաժշտության միջոցով խաղաղեցնել մի մարդու, ով պատրաստվում էր խանդի հողի վրա հրդեհել սեփական տունը այն դեպքում, երբ հարազատներին չէր հաջողվել նրան հանգստացնել:

Երաժշտական թերապիա կիրառել է նաև Հիպոկրատը. երաժշտության միջոցով նա բուժում էր անքնությունը և էպիլեպսիան:

20-րդ դարասկզբին ռուս հոգեբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Բեխտերևը սկսել է ուսումնասիրել երաժշտության ազդեցությունը մարդու օրգանզիմի վրա: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում նա ապացուցել է, որ երաժշտությունը կարող է թոթափել հոգնածությունը, դրական հույզեր առաջացնել, դրականորեն ազդել արյան շրջանառության վրա, կարգավորել շնչառությունը, թեթևացնել կամ բուժել որոշ հիվանդություններ: Բեխտերևը գտնում էր, որ մայրական շուրթերից հնչող օրորոցայինը մեծապես խթանում է երեխայի լիարժեք զարգացմանը:

Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունն այսօր լայնորեն տարածված է աշխարհում: Այս ոլորտում կայացած մասնագետները պնդում են, որ յուրաքանչյուրի համար պետք է անհատական երաժշտություն ընտրել, սակայն գոյություն ունեն այսպես կոչված՝ «բուժիչ մեղեդիներ», որոնք կիրառվում են կոնկրետ հիվանդությունների և հոգեվիճակների դեպքում:

Դասական երաժշտությունը բուժում է

Այս ոլորտում ուսումնասիրություններ իրականացրած որոշ մասնագետների կարծիքով տրամադրությունը բարձրացնելուն նպաստում են Մոցարտի «Թուրքական քայլերգը», Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայից «Habanera» հատվածը, Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից «Հաղթական քայլերգը»: Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիան», Յոհաննես Բրամսի «Օրորոցայինը» մոռացության են տալիս տագնապները, անհանգստությունը: Անտոնիո Վիիվալդիի սոնատները և Ֆրանց Շուբերտի սերենադներն օգնում են վաղ առավոտյան հեշտությամբ արթնանալ: Անքնության դեպքում խորհուրդ է տրվում ունկնդրել Քրիստոֆ Գլյուկի «Մեղեդին», Ռոբերտ Շումանի «Երազանքները», Յան Սիբելիուսի «Տխուր վալսը»: Իսկ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը», Մոցարտի «Դոն ժուանը», ասում են, մեղմում են գլխացավերը:

Հոգևոր երաժշտությունը նույնպես մարդկանց խաղաղություն և հանգստություն է պարգևում, օգնում հաղթահարել ցավի զգացողությունը:

Մոցարտի կախարդական երաժշտությունը

Մոցարտի ստեղծագործությունն իսկապես առանձնահատուկ է: Ամերիկացի նյարդակենսաբան Գորդոն Շոուն բազմաթիվ ուսումնասիրություններից հետո եկել է այն համոզման, որ «Մոցարտի վառ ու բազմազան երաժտությունը թեթևացնում է գլխուղեղի աշխատանքը, օգնում հատկապես մաթեմատիկոսներին և շախմատիստներին»:

Իսկ Ֆրասնիացի բժիշկ Թոմատիսն իր «Ինչու Մոցարտ» գրքում գրել է. «Մոցարտի ուժը հասանելի չէ որևէ մեկին: Նրա երաժշտությունն ազատում է հոգին: Մեղեդիների բուժիչ ազդեցությունն այնքան հզոր է, որ Մոցարտին կարելի է համարել կոմպոզիտորներից ամենամեծը»:

Գիտնականները պնդում են, որ դասապատրաստման ժամանակ ընդամենը տասը րոպե Մոցարտի ստեղծագործություններից որևէ մեկն ունկնդրելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը:

Զարմանալի է, բայց անգամ դասական երաժշտության ստեղծագորությունների մեջ կան այնպիսինները, որոնք բացարձակապես որևէ դրական ազդեցություն չեն ունենում մարդու հուզաշխարհի վրա: Ավելին՝ դրանք թուլություն են առաջացնում: Օրինակ՝ Շոպենի մի քանի նոկտյուրներ իրենց մեծ արժեքով հանդերձ՝ խորը թախիծ են առաջացնում: