«…տարիների ընթացքում իմ հավատամքն իմ խղճի ձայնն է եղել»

Երբ ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Էդվարդ Ստեփանյանը վաղ առավոտյան եկավ հոսպիտալ, մենք արդեն բաժանմունքում էինք: Ծանոթանալով մեզ հետ և տեղեկանալով, որ լրագրողներ ենք, անմիջապես «ինքնաբացարկ հայտարարեց».

– Ես պետք է վիրակապարան անցնեմ, հիվանդներն ինձ են սպասում…

– Թո՞ւյլ կտաք վիրակապարանում լուսանկարել Ձեզ,- հարցրեց լուսանկարիչը:

– Հիվանդներին հարցրե՛ք. եթե նրանք թույլ տան, ես դեմ չեմ,- պատասխանեց վիրաբույժը:

– Ովքե՞ր են նրանք:

– Երիտասարդ զինվորներ են՝ թեթև վնասվածքներով, նաև պլանային վիրահատություններից հետո ապաքինվող հիվանդներ ունենք: Մեր հոսպիտալում ծառայությունը համեմատաբար խաղաղ է ընթանում: Առաջնագծի այս թևից հրազենային կամ բեկորային վնասվածքներ ունեցող վիրավորներին անմիջապես ընդունելու ծանրությունը հիմնականում Մարտակերտի ԱԲՋ-ն է կրում, անհրաժեշտության դեպքում մեր հոսպիտալից նույնպես համապատասխան մասնագետները շտապում են այնտեղ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերելու:

Հետևելով վիրաբույժին՝ մենք նույնպես անցանք վիրակապարան և հնարավորություն ունեցանք տեսնելու՝ ինչպես է պատերազմի բովով անցած փորձառու վիրաբույժն ընդունում իր հիվանդներին, վիրակապում նրանց, կատակում ու քաջալերում այն երիտասարդին, ով վախվորելով է վիրավոր մատը պարզում նրան:

– Այսօր ես ծառայում եմ զինվորական հոսպիտալում, և իմ հիվանդների մեծ մասը զինվորներ են՝ հեռու իրենց ընտանիքներից, հարազատներից: Նրանք ջերմ խոսքերի, սրտացավ վերաբերմունքի կարիք ունեն, և ես՝ որպես բժիշկ, պետք է արդարացնեմ նրանց սպասելիքները,- ասաց Էդվարդ Ստեփանյանը:

– Որտե՞ղ եք ստացել մասնագիտական կրթությունը:

– Հարցազրույցը սկսվե՞ց,- հարցրեց նա ու առանց ինձ նայելու շարունակեց վիրակապել զինվորի մատը:

– Եթե իմ հարցերը չեն խանգարի Ձեզ, դեմ չեմ լինի:

– Ավարտել եմ Կարագանդայի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ապա ինտերնատուրան և աշխատանքի անցել Կուստանայի շրջանային հիվանդանոցում: Այնտեղ գործընկերներս հիմնականում գերմանացիներ էին՝ փորձառու վիրաբույժներ, որոնց աշխատանքին հետևելով, նրանցից սովորելով՝ օրեցօր հմտանում էի: Սակայն Արցախում շարժումն արդեն սկսվել էր, և չէի կարողանում այլևս մնալ այնտեղ: Որոշեցի վերադառնալ Ստեփանակերտ, բայց Կուստանայի շրջանային հիվանդանոցի տնօրենությունը նախ մերժեց ինձ աշխատանքից ազատելու խնդրանքս: Զանգահարեցի ծնողներիս, և նրանք, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, մի պաշտոնական գրություն ուղարկեցին Կուստանա՝ առ այն, որ Ստեփանակերտում բժիշկների կարիք է զգացվում… 1989 թվականն էր: Ես վերադարձա Ստեփանակերտ և պաշտոնապես աշխատանքի անցա մանկական հիվանդանոցում:

Այդ օրերին բոլորս էլ գիտակցում էինք, որ պատերազմի ժամանակ, ցավոք, զոհերն անխուսափելի են, սակայն երբ անմեղ երեխաներ էին վիրավորվում, մահանում, չէի կարողանում հաշտվել այդ իրականության հետ: Երբ սկսեցին ռմբակոծել Մարտունին, վիրավոր երեխաների մեծ հոսք ունեցանք. սարսափելի տեսարան էր, որ մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ: Արագ վիրահատելով նրանց, կանխելով կյանքին սպառնացող վտանգը՝ նրանց տեղափոխեցինք Ստեփանակերտի մանկական հիվանդանոց: Սակայն օրեր անց ավելի մեծ ուժգնությամբ սկսվեց Ստեփանակերտի ռմբակոծությունը, մեր հիվանդանոցն էլ ընկավ ռմբակոծության տակ… Ճիշտ է, երեխաներից ոչ մեկին չկորցրինք, բայց նրանք էին կորցել… իրենց մանկությունը: Նրանց աչքերում անպատմելի դառնություն, ցավ կային: Սարսափահար աչքերով բժիշկներին էին նայում… Մեր՝ բժիշկներիս ներկայությամբ կարծես իրենց ավելի ապահով էին զգում:

– Մարտադաշտում նույնպես բժիշկների ներկայությունը քաջալերել է մարտիկներին…

– Մարտադաշտում բժիշկների, բուժակների ներկայությունը ոչ միայն քաջալերում էր մարտիկներին, այլև պարտադիր էր (եթե տեղում՝ մարտադաշտում, վիրավորներին առաջին բուժօգնություն չցուցաբերվեր, ավելի շատ զոհեր կունենայինք): Հիշում եմ՝ 1992 թ. գնդի հրամանատար Արթուր Աղաբեկյանի հանձնարարությամբ մեկնեցի Հադրութ. մերոնք մարտական գործողությունների էին պատրաստվում Խծաբերդի ուղղությամբ: Երբ Տող գյուղով մոտեցանք Խծաբերդին, թուրքերը նկատեցին մեզ և ականանետներով սկսեցին խփել մեր ուղղությամբ: Ականների պայթյունից անտեսանելի փոշի բարձրացավ, խառնաշփոթ սկսվեց, և մենք չկարողացանք շարունակել գրոհն ու այն հաջողությամբ ավարտին հասցնել: Բազմաթիվ զոհեր, վիրավորներ ունեինք, անհրաժեշտ էր վիրավորներին փրկել: Տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով՝ նրանց ուղղաթիռով Երևան տեղափոխեցինք: Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում բուժանձնակազմը, տեսնելով ինձ՝ ոտքից գլուխ արյան ու փոշու մեջ, կարծել էր՝ ես էլ վիրավոր եմ, բայց՝ ոտքի վրա կանգնած. բոլորը զարմացած ինձ էին նայում: Երբ բոլոր վիրավորներին տեղավորեցինք, ես նորից Հադրութ վերադարձա և բավականին երկար ժամանակ այնտեղ մնացի:

– Պարո՛ն Ստեփանյան, Արցախյան պատերազմի տարիներին որպես վիրաբույժ ծառայել եք Ցեխձորի, Դրմբոնի, Հադրութի, Մարտունու, Խծաբերդի հոսպիտալներում: Որտե՞ղ էիք, երբ կնքվեց հրադադարը:

– Ինձ համար պատերազմն ավարտվեց Աղդամում (ասում եմ՝ ավարտվեց, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմը, ցավոք, շարունակվում է): Ես Աղդամ էի մեկնել 1994 թ. ապրիլին և մնացի մինչև մայիսի 11-ը: Հետո կնքվեց հրադադարը: Հաջորդեցին բանակաշինության ծանր տարիները: Եվ այսօր արդեն կարող ենք հպարտորեն փաստել, որ իսկապես կայացած, հաղթանակած բանակ ունենք: Բանակն է մեր հայրենիքի ողնաշարը, իսկ մեզնից յուրաքանչյուրն այդ կուռ համակարգի մի ողն է, պետք է ամուր լինենք, որպեսզի ամուր, անկոտրում պահենք մեր հայրենիքը:

– Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունների համար Դուք բազմիցս արժանացել եք պետական պարգևների՝ մեդալ «Մարտական ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ աստիճանի շքանշաններ:

– Ի՞նչ եմ արել հայրենիքիս համար… Իմ պարտքն եմ կատարել: Երբ թշնամին ավերում, կործանում, քանդում է հայրենիքդ, բռնություններ կիրառում հայրենակիցներիդ դեմ, դու բռունցք ես դառնում արյան կանչով, նախնիների օրինակով: Պապս մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Կարսում, Սարիղամիշում, Էրզրումում, Արդահանում կռվել է թուրքերի դեմ: Ես ու եղբայրս, անցած լինելով նրա դպրոցը, չէինք կարող Արցախի՝ մեր հայրենիքի ազատագրման պայքարին չմասնակցել, երկուսս էլ մեկնեցինք ճակատ (մարտերից մեկի ժամանակ եղբայրս ծանր վիրավորվեց, փառք Աստծո, բժիշկները փրկեցին նրա կյանքը):

– Հավատո՞ւմ եք Աստծուն:

– Ես դաստիարակվել եմ աթեիզմի գաղափարախոսությամբ, և տարիների ընթացքում իմ հավատամքն իմ խղճի ձայնն է եղել. ապրել եմ այնպես, որ հանկարծ ու հանկարծ խիղճս չհանդիմանի ինձ: Գիշերը գլուխս դնում եմ բարձին ու մտածում՝ ինչ եմ արել այսօր… Եթե հանկարծ զգամ, որ իմ պոռթկուն բնավորությամբ նեղացրել եմ մեկին, ապա հաջորդ օրն անպայման հանդիպում եմ նրան ու ներողություն խնդրում, որպեսզի խիղճս հանգիստ լինի:

Ձեր մասնագիտությունից բացի՝ ի՞նչ նախասիրություններ ունեք:

Որդուս հետ շախմատ եմ խաղում, խաչբառ եմ լուծում: Սիրում եմ երաժշտություն լսել և, իհարկե, չեմ մոռանում համակարգիչը:

Երբ Էդվարդ Ստեփանյանն ավարտեց առավոտյան վիրակապումները, տանտիրոջ իրավունքով ծանոթացրեց նաև իր բաժանմունքի հետ, հպարտությամբ ներկայացրեց բաժանմունքում իր միակ գործընկերոջը՝ երիտասարդ վիրաբույժ Արթուր Ջալավյանին: Խաղաղ ծառայություն մաղթելով Պաշտպանության բանակի զինվորական բժիշկներին՝ մենք հրաժեշտ տվեցինք նրանց ու ջերմ տպավորություններով ճանապարհվեցինք դեպի Երևան:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_0215 (Medium)
  • IMG_0230 (Medium)
  • 2901 (Medium)
  • IMG_0208 (Medium)
  • IMG_0213 (Medium)
  • IMG_0240 (Medium)
  • IMG_0263 (Medium)
  • IMG_0271 (Medium)
  • IMG_0276 (Medium)
  • IMG_0284 (Medium)
  • IMG_0295 (Medium)
  • IMG_0260 (Medium)
  • IMG_0262 (Medium)
  • IMG_0265 (Medium)
  • IMG_0266 (Medium)
  • IMG_0278 (Medium)
  • IMG_0279 (Medium)