«Ե՛վ կնոջը, և՛ բնությունը, և՛ մասնագիտությունը գժվելու չափ պետք է սիրես…»

…1915թ. Լևոն Ճաղարյանի նախնիները, Մեծ եղեռնից մազապուրծ, հասնում են Լեռնային Ղարաբաղ և բնակություն հաստատում Դաշբուլաղ գյուղում: Պապը, ընտանիքը թողնելով գյուղում, գնում է Բաքու և որպես բանվոր աշխատում նավթահանքերում: Մի քանի տարի անց վերադառնում է Դաշբուլաղ և զբաղվում դերձակությամբ: Այդտեղ էլ ծնվում է Լևոնի հայրը՝ Անդրանիկ Ճաղարյանը, որը հետագայում դառնում է 20-րդ դարի հայ խոշորագույն գիտնականներից մեկը:

1940թ. ծնվում է Լևոնը, և նույն թվականին էլ Անդրանիկ Ճաղարյանին զորակոչում են խորհրդային բանակ: Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Անդրանիկ Ճաղարյանը մասնակցում է Ռումինիայի և Հունգարիայի ազատագրմանը, հասնում մինչև Բեռլին՝ փրկելով հազարավոր վիրավորների կյանքը: Պատերազմից հետո նա աշխատանքը շարունակում է պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի ղեկավարությամբ: 1957թ. պաշտպանում է դոկտորական թեզը: 1958թ. կատարում է սրտի բնածին արատի առաջին վիրահատությունը: Պրոֆեսոր Լևոն Հովհաննիսյանի հետ ստեղծում են սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտը: 1967թ. ընտրվում է ԱՄՆ-ում հայ մասնագետների միության անդամ: Ստանում է միջազգային «Գրան պրի» և Ն. Բուրդենկոյի անվան մրցանակներ: 1970թ. ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրագիտության գիտահետազոտական ինստիտուտին կից հիմնում է մարդաբանության լաբորատորիա:

« Հայրս,- պատմում է Լևոն Ճաղարյանը,- երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խնդրանքով վերականգնեց վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի դեմքը: Նրա մասունքները, խառնված մոր մասունքներին, բերել էին Ստամբուլի Սկյուտարի գերեզմանոցից: Հայրս առանձնացրեց նրանց խառնված ոսկորները և վեց ամսվա ընթացքում վերականգնեց Դուրյանի դեմքը: Հայրիկիս համբավը տարածվեց ամբողջ աշխարհում: Արտասահմանյան տարբեր երկրներից հրավերքներ էր ստանում, սակայն թույլ չէին տալիս մեկնել…»:

Տարին մի քանի անգամ Անդրանիկ Ճաղարյանը մորը, քրոջը, հարազատներին տեսնելու համար ընտանիքի հետ մեկնում էր Լեռնային Ղարաբաղ: Ամեն ինչ տանում էր, որպեսզի մինչև հաջորդ այցելությունը մայրը ոչ մի բանի կարիք չունենար: Վերանորոգել էր տալիս նույնիսկ հարևանների քանդված տարիքները, այցելում էր հոր գերեզմանին, հնձում խոտը, մաքրում շիրմաքարը: Երբ ծանոթ ու անծանոթ մարդիկ դիմում էին նրան որևէ խնդրանքով, լսում, ընդառաջում էր բոլորին:

« Շիրազը հայրիկիս հետ շատ մտերիմ էր և հաճախ էր մեզ հյուր գալիս: Նա հայրիկիս «պարոն բժշկապետ» էր կոչում, իսկ ինձ «պարոն բժշկապետ, պրոֆեսոր Ճաղարյանի ավագ որդի Լևոն» էր անվանում»:

Լևոնի մայրը, որը նույնպես բժիշկ էր և դասախոսում էր ինստիտուտում, հաճախ էր որդուն պատմում, որ հայրը ռազմաճակատում է ու վիրավոր զինվորների է փրկում: Դեռ վեց տարեկան էր, երբ որոշեց բժիշկ դառնալ, այն էլ՝ վիրաբույժ: Վեցամյա երեխայի համար, որը դեռևս չէր տեսել հորը, հայրն արդեն լեգենդ էր դարձել: Հայրը հասնում է մինչև Բեռլին և հաղթանակած տուն վերադառնում…

«Այդ տարիներին մենք Գետառի ափին էինք ապրում: 1947թ. ջրհեղեղը քանդեց մեր տունը: Ջուրը քշեց-տարավ ամեն ինչ: Ջրհեղեղը ինչ-որ բան էլ իմ մանկական հոգուց քշեց-տարավ: Պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանն իր առանձնասենյակը՝ որպես կացարան, ժամանակավորապես մեզ հատկացրեց: Մենք տեղափոխվեցինք օրթոպեդիայի ինստիտուտ ու ժամանակավորապես ապրեցինք պրոֆեսոր Պետրոսյանի առանձնասենյակում: Ինձ սկսեցին հետաքրքրել հիվանդասենյակներում պառկած մարդիկ: Հետո իմ հագով սպիտակ խալաթ կարեցին ու մի փոքրիկ մուրճիկ նվիրեցին: Հագնում էի խալաթս, ձեռքս վերցնում մուրճիկը ու շրջում պալատներով, մոտենում էի հիվանդներին ու մեկ-մեկ հարվածում նրանց գիպսին, հարցնում էի՝ ինչ բողոք ունեն, ինչպես են զգում իրենց: Երևի դա նրանց դուր էր գալիս, ինձ քաղցրավենիք ու միրգ էին հյուրասիրում: Իմ ամենօրյա շրջայցները ես ավելի ու ավելի էի սիրում»,- ժպտալով պատմում է Լևոն Ճաղարյանը:

Դպրոցական տարիներին նա հաճախում է նաև երաժշտական դպրոց: «Ջութակի դասարանում էի սովորում: Բակի տղաները սկսեցին ծաղրել ու համոզել ինձ, որ ջութակը աղջկա գործ է, և որ իսկական տղամարդը դուդուկ պետք է նվագի կամ դհոլ խփի: Եվ ես թողեցի ջութակը ու սկսեցի դաշնամուր նվագել…»:

Լևոնը ավարտում է դպրոցը և նույն տարում ընդունվում Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Երկրորդ կուրսում շինջոկատի կազմում մեկնում է Հյուսիսային Ղազախստան՝ օգնելու ցորենի բերքահավաքի աշխատանքներին. գերազանց աշխատելու և պլանը գերակատարելու համար նույնիսկ շնորհակալագիր է ստանում Ղազախստանի կառավարության կողմից: Դեռևս ինստիտուտի երրորդ կուրսում՝ սկսում է վիրահատել: Ավարտելով ինստիտուտը՝ որպես վիրաբույժ աշխատանքի է նշանակվում Ալավերդու շրջանային հիվանդանոցում, ապա՝ Աշտարակի շրջանային հիվանդանոցում: 1966թ. տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում թիվ 2 հիվանդանոցում, որտեղ աշխատում է 18 տարի, 1980-1988թթ.՝ Մալաթիայի հիվանդանոցում, 1988թ-ից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, Արցախյան պատերազմին:

«Բժիշկների խորհրդակցության ժամանակ հայտարարեցի, որ ես եմ մեկնելու Արցախ, որ ռազմաճակատը ավելի տարեց ու փորձառու բժիշկների տեղն է, որ իմ գնալը ավելի արդյունավետ կլինի, և եթե ինչ-որ բան է պատահելու, թող ինձ լինի, ոչ թե ջահելներին: Այդ պահին ինձ մոտեցավ սանֆակի ուսանողներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը և ասաց, որ գալիս է ինձ հետ: …Գիշերվա ժամը 1-ին արագ-արագ հավաքեցի իրերս ու դուրս եկա տանից: Դրսում շատ մութ էր, երկնքում աստղ չէր երևում: Խարխափելով փորձեցի մոտենալ մեքենային, երբ հանկարծ ոտքս ինչ-որ բանի դեմ առավ, ու ես երեսնիվայր փռվեցի գետնին: Տիգրանն էր, նա նստել էր շենքի մուտքի մոտ ու սպասել, մինչև դուրս գամ… Երբ հասանք օդանավակայան, մեզ մոտեցավ բժշկական ինստիտուտի ուսանողներից մեկը՝ բեյրութցի Համբարձում Մելքոնյանը՝ սպիտակ օսլայած վերնաշապիկը հագին, սպորտային ուսապարկը մեջքին ու ասաց.

-Ես ալ պիտի գամ կռիվ:

-Բայց դու անձնագիր ունե՞ս,- հարցրինք նրան:

-Ոչ, օվիրումն է:

Համբիկը մարտականորեն էր տրամադրված: Մինչ ես ու Տիգրանը զբաղեցնում էինք նախարարության ներկայացուցիչներին, նա սողոսկել էր ուղղաթիռ ու թաքնվել դագաղների արանքում ու դրանցից մեկի կափարիչն էլ քաշել վրան (ուղղաթիռի մեջ չորս դիակ կար, ղարաբաղցի տղաներ էին…):

Մենք թռանք: Մեկ ժամվա ճանապարհը վեց ժամ տևեց, մինչև զոհված տղաներին նրանց հարազատներին հանձնեցինք (նրանք Ղարաբաղի տարբեր շրջաններից էին): Արդեն երեկո էր, երբ հասանք Ստեփանակերտ ու ներկայացանք Վալերի Մարությանին: Գիշերը անցկացրինք հոսպիտալում, իսկ առավոտ կանուխ մեկնեցինք Հադրութ: Գարուն էր: Ճանապարհն անցնում էր անտառների ու ալպիական դաշտերի միջով և ինձ հիշեցնում իմ մանկության, պատանեկության երջանիկ օրերը: Հադրութի հիվանդանոցն ավերված էր. այն շատ մոտ էր ռազմաճակատի գծին, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: Տիգրանը, Համբիկը և ես հիվանդանոցի անձնակազմի հետ, որը մի քանի կանանցից էր կազմված, սկսեցինք կարգի բերել այն, ինչ հնարավոր էր: Հիվանդանոցի գլխավոր բժիշկն էլ կին էր, Բաքվի փախստականներից՝ Սուսաննա Սարկիսովան: Միասին կարգավորեցինք հիվանդասենյակները, մահճակալներ տեղադրեցինք, նկուղից բերեցինք ռենտգեն ապարատը, որի էկրանը նստած էր, բայց գոնե բեկորների տեղը ցույց էր տալիս: Երկու օրվա ընթացքում մոտ 400 վիրավոր ընդունեցինք: Տիգրանն ու Համբիկը վիրահակապում էին և օգնում ինձ վիրահատությունների ժամանակ: Միաժամանակ երկու վիրահատական սեղանների վրա էի աշխատում: Երկու ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ դուրս եկանք հիվանդանոցից, այն էլ, որ Հադրութը տեսնենք… Այն ուղղակի հրաշք էր՝ շրջապատված զմրուխտ անտառներով, ծաղկած դաշտերով, իսկ գարնանային մաքուր օդը արբեցնում էր:

Հիշում եմ՝ ամենածանր օրը ապրիլի 26-ն էր: Թշնամին, անտառում թաքնվելով և թույլ տալով, որ մեր տղաները բաց դաշտում հայտնվեն, բոլոր կողմերից շրջապատել էր և տարբեր զինատեսակներից ուժգին կրակ բացել նրանց վրա: Ջոկատի մի մասը զոհվել էր, մյուսները՝ ծանր վիրավորվել: Վիրավորվել էր նաև նրանց հրամանատարը՝ Արթուր Սիմոնյանը: Երբ Արթուրին բերեցին, արնաքամ էր եղել, զարկերակը չէր շոշափվում: Պատգարակը, որի վրա պառկած էր, ամբողջովին լերդացած արյունով էր լցված: Նրան անմիջապես վիրահատարան մտցրինք: Բեկորը թիակի տակից մտել էր, վնասել լյարդը, ստամոքսը, պատռել թոքը, ստոծանին: Տիգրանը որովայնը բացեց, Համբիկը՝ կրծքավանդակը: Սկսեցի վիրահատել: Վիրահատությունը ութ ժամ տևեց, այդ ընթացքում երկու անգամ սիրտը կանգ առավ: Հանձնվել չէր կարելի… Կրծքավանդակը ամբողջովին բաց էր, ձեռքով սկսեցի մերսել, ու սիրտը աշխատեց… Մենք կարողացանք փրկել Արթուրին: Վիրահատությունից երկու օր անց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ եկավ հիվանդանոց, հետաքրքրվեց՝ ինչպես է Արթուրի, մյուս վիրավորների վիճակը, հարցրեց՝ ինչով կարող է օգնել: Կես ժամ էլ չէր անցել, երբ մի մեքենա կանգնեց հիվանդանոցի մոտ և ոտքից գլուխ զինված մի քանի տղամարդ մտան հիվանդանոց: Արթուրի մարտական ընկերներն էին՝ Արարատ Խրիմյանը, Մանվել Գրիգորյանը և Ջոնիկը: …Արթուրը խնդրեց ընկերներին, որ իրեն պատուհանի մոտ տանեն: Մտածում էինք՝ որտեղից բռնենք նրան, որ ցավ չպատճառենք, ամբողջ մարմինը վիրակապերի մեջ էր: Զգուշությամբ թևերի տակն ընկանք ու մոտեցրինք պատուհանին: Գարնանային տաք ու անուշ եղանակ էր, պատուհանից հրաշալի տեսարան էր երևում:

-Բա մարդ էս կանաչը, էս բնությունը կթողնի ու կմեռնի: Ես ապրել եմ ուզում,- ասաց Արթուր Սիմոնյանը:

Եվ ապրեց…

Մինչև զինադադարը մնացինք Հադրութում: Մեր հիվանդների մի մասին, որոնց կարելի էր նստած տեղափոխել, ավտոբուսով ուղարկեցինք Գորիս. Տիգրանը ուղեկցեց նրանց, հասցրեց Գորիսի հիվանդանոց ու վերադարձավ: Ուղղաթիռներով տեղափոխեցինք ծանր վիրավորներին, որոնք դեռ պատգարակների վրա էին: Երբ այնտեղ այլևս անելիք չունեինք, մենք էլ որոշեցինք վերադառնալ Երևան: Մի շաբաթ ուղղաթիռի սպասեցինք: Գիշերները երկինքը պարզ ու աստղազարդ էր, իսկ առավոտյան ժամը հինգից պատվում էր թանձր մառախուղով: Վերջապես եկավ և մեր սպասած ուղղաթիռը և վերջին հիվանդներին վերցնելով մեզ հետ՝ վերադարձանք Երևան»:

Երբ հարցրի Լևոն Ճաղարյանին՝ որն է կյանքի շարժիչ ուժը, նա պատասխանեց.

-Սերը: Կյանքը զուր է առանց սիրո: Ե՛վ կնոջը, և՛ բնությունը, և՛ մասնագիտությունը գժվելու չափ պետք է սիրես: Պետք է սիրես նկարչությունը, որ կարողանաս լավ նկարել: Պետք է սիրես հեծանիվը, որ վարել սովորես: Փայտը, եթե ուզում ես ձև տալ նրան, ստանալ այն, ինչ պատկերացնում ես:

-Ռոմանտի՞կ եք,- հարցնում եմ նրան:

-Ես պատմեմ, իսկ Դուք որոշեք՝ ռոմանտիկ եմ, թե ոչ:

Սիրում եմ գարունը, երբ նոր-նոր ծլում են կանաչն ու ծաղիկը, մի անբացատրելի զգացողություն եմ ունենում. ուզում եմ շոյել նրանց: Սիրում եմ բնությունը՝ սարերը, դաշտերը, անտառները և հատկապես ծաղիկները՝ դաշտային, ալպիական: Իմ առանձնասենյակի ամեն մի անկյունում ծաղիկ եմ տնկել ու խնամում եմ: Նայեք իմ աճեցրած կիտրոնի ծառին, ինչ բերք է տվել, տեսնում եք՝ պտուղները ինչ խոշոր են: Արդեն մի քանի անգամ բերք եմ հավաքել,- ժպտում է Լևոն Ճաղարյանը ու շարունակում,- երգ-երաժշտություն եմ սիրում, երգում եմ: Կանանց ու աղջիկներին եմ սիրում, կյանքն եմ սիրում, մարդկանց եմ սիրում…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)