Կ. Սևտերտերյան. «Յուրաքանչյուր վիրահատություն ստեղծագործական գործընթաց է»

Տարեվերջին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցկացվեց առաջին վիրաբուժական կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեցին վիրաբուժական ծառայության հիմնախնդիրներն ու ձեռքբերումները: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Կարեն Սևտերտերյանը ներկայացրեց ակնակապիճի եզակի վիրահատություններ, որոնք կատարվել են վիրաբուժության նորարարական եղանակներով:

Այդ և այլ թեմաների շուրջ էլ զրուցել ենք Կարեն Սևտերտերյանի հետ:

– Պարո՛ն փոխգնդապետ, խնդրում եմ՝ համառոտ ամփոփե՛ք Ձեր ղեկավարած բաժանմունքում 2015 թ.-ին իրականացված աշխատանքները:

– 2015 թ.-ի ընթացքում մեր բաժանմունքում գերակշռել են պլանային վիրահատությունները, որոնք հիմնականում կապված են եղել քթի միջնապատի ծռվածության, հարքթային ծոցերի բորբոքումների հետ: Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ նախորդ տարիների համեմատ՝ 2015 թ.-ին վնասվածքները և սուր բորբոքային հիվանդությունները նահանջել են, ինչի արդյունքում էլ կարողացել ենք իրականացնել մեծ թվով պլանային վիրահատություններ՝ որոշ դեպքերում կիրառելով նաև նորարարական եղանակներ. դա ժամանակ և ուժերի կենտրոնացում էր պահանջում:

– Նորարարական ի՞նչ եղանակներով են կատարվել վիրահատությունները: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գևորգյանը վիրաբուժական կոնֆերանսի ժամանակ նկատեց, որ շատ դեպքերում Դուք Ձեր մոտեցումներով եք առաջնորդվել…

– 2015 թ.-ի ընթացքում մեր կողմից իրականացված աշխատանքներից կառանձնացնեի հատկապես ակնակապիճի վիրահատությունները: Ակնակապիճը, ըստ էության, բավականին բարդ շրջան է, որի հիվանդությունների բուժմամբ, վիրահատություններով զբաղվում են ակնաբույժները, քիթ-կոկորդ-ականջի մասնագետները, պլաստիկ վիրաբույժները, նեյրովիրաբույժները և դիմածնոտային վիրաբույժները: Դիմածնոտային վիրաբույժների՝ ոսկրային պատերի ռեզեկցիայի միջոցով ակնակապիճի նորագոյացությունների հեռացման վիրահատությունների փորձը հատկապես Հայաստանում բավարար չէ: Դիմածնոտային վիրաբույժների գործողությունները հիմնականում սահմանափակվել են փափուկ հյուսվածքների հատման եղանակով ականկապիճի վիրահատական մուտքերով կատարվող վիրահատություններով:

Այսինքն՝ ակնակապիճի հետին տարածությունների վիրահատական մուտքն ապահովելու համար ստորին պատի ռեզեկցիայի և հետագայում սեփական ոսկրով աուտոպլաստիկայի եղանակով վիրահատություններ, մեր դիտարկմամբ, նախկինում մեզ մոտ չեն կատարվել: Մշտապես եղել են ստորին օրբիտոտոմիաներ, ակնակապիճի ստորին պատի հեռացում, բայց սեփական ոսկրով պլաստիկայի տեխնիկան մեր կողմից է մշակվել: Իհարկե, նաև նախապատրաստական լուրջ աշխատանքներ են կատարվել. մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք աշխարհի կտրվածքով տարբեր հեղինակների՝ նախկինում կատարած վիրահատությունների հայտնի փորձերը:

Յուրաքանչյուր վիրահատություն ստեղծագործական գործընթաց է: Երբեմն, բացի արդեն հայտնի վիրահատական եղանակներից, նոր մեթոդների դիմելու, նոր լուծումներ գտնելու անհրաժեշտություն է առաջանում՝ ի շահ հիվանդի: Միմյանց նման հիվանդներ գոյություն չունեն, յուրաքանչյուր վիրահատություն խիստ անհատական է և պահանջում է ստեղծագործական մոտեցում: Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ վիրաբուժությունը արկածախնդրություն չի հանդուրժում: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը և անցած ուղին մերժելով՝ նոր արահետներ փնտրել: Սակայն հաշվի առնելով, որ որոշ դեպքերում նախկին փորձը բավարար չէ, մեր փնտրտուքների արդյունքում անսպասելի լուծումներ են ի հայտ գալիս, որոնք հետագայում նորարարական մեթոդների մշակման հիմք են դառնում: Մեր փնտրտուքը ոչ թե արկածախնդրություն կամ արդեն հայտնի մեթոդների մերժում էր, այլ ջանքեր, որոնք անհրաժեշտ փորձի բացակայության պայմաններում նպատակաուղղված էին առավել արդյունավետ մեթոդների մշակմանը:

– Տարին արդյունավետ էր նաև նրանով, որ բաժանմունքը տեղափոխվեց հիմնովին վերանորոգված մասնաշենք…

– Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ակտիվ գործունեությունը, պլանային վիրահատություններ իրականացնելու հնարավորությունները մեծապես պայմանավորված էին նոր շենքային պայմաններով: Մեր նախկին մասնաշենքը շուրջ երկու տարի վերանորոգման մեջ էր, 2015 թ.-ին տեղափոխվեցինք անճանաչելիորեն փոխված նոր բաժանմունք: Այստեղ առկա են բոլոր հնարավորությունները ոչ միայն զինծառայողների, այլև նրանց հարազատների, քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ապահովելու համար:

– Պարո՛ն փոխգնդապետ, ի՞նչ նորություններ կան բաժանմունքի տեխնիկական հագեցվածության առումով:

– Հագեցվածության առումով ևս 2015 թ.-ը արդյունավետ էր: Բաժանմունքը համալրվել է ժամանակակից գործիքներով և նյութերով, որոնք նախատեսված են դիմածնոտային շրջանի ոսկրերի վնասվածքների բուժման առավել արդյունավետ եղանակներ կիրառելու, ոսկրային պլաստիկայի, ոսկրերի աճեցման, դիմածնոտային շրջանի ոսկրերի աուգմենտացիայի համար: Դրանք մեզ վստահություն են ներշնչում զբաղվել այնպիսի պաթոլոգիաների բուժմամբ, որով նախկինում միգուցե կդժվարանայինք:

Հույս ունենք, որ այս տարի՝ նախկինում մեր պատվիրած գործիքները ստանալուց հետո, դիմածնոտային շրջանի էնդոսկոպիկ վիրաբուժությունը զարգացնելու հնարավորություն կունենանք: Մեզ համար մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն էնդոսկոպիկ վիրաբուժության ներդրումն ու հետագա զարգացումն է լինելու:

– ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ թշնամու ձեռնարկած հերթական հարձակումը հետ մղելիս հատուկջոկատայինների հետ մերձամարտի բռնված և ծանր վիրավորումներ ստացած զինծառայող Նորայր Քամալյանը բուժվել է Ձեր բաժանմունքում: Շուրջ մեկ տարի առաջ, երբ այցելեցի նրան, կրկին վիրահատվել էր, և արդեն պլանավորվում էր վերջնական ապաքինման փուլը: Բուժումն ամբողջությամբ ավարտվե՞լ է:

– Բուժման ընթացքը դեռ շարունակվում է: Ոսկրային դեֆեկտներով հիվանդությունների բուժումը երկար ժամանակ է պահանջում: Մենք ունենք դրական ընթացք: Պլանավորված է կատարել ատամների իմպլանտացիա և ծամողական ֆունկցիայի ամբողջական վերականգնում: Ամենայն հավանականությամբ ընթացիկ տարվա ընթացքում բուժումը կավարտենք, և ֆիզիկական որևէ խնդիր Նորայրին չի հիշեցնի այդ ծանր միջադեպի մասին:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5