Ipad-ի նոր հավելվածը կօգնի շիզոֆրենիայով հիվանդներին

Մարդու ուղեղը մարզող նոր խաղային հավելվածը մշակել ու փորձարկել են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Նրանք պնդում են, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ շիզոֆրենիայով տառապող հիվանդների հիշողության վերականգնման ու ամրապնդման վրա: Շիզոֆրենիան հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ: Հիվանդության հիմնական դրսևորումներից են լսողական ցնորքները, պարանոիդ կամ արտառոց զառանցանքները, ինչպես նաև անկազմակերպ մտածողությունն ու խոսքը։ Առաջին ախտանիշները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում, բուժվում կամ կառավարվում են մի շարք դեղամիջոցներով, սակայն հիվանդը ճանաչողական մի շարք խանգարումների պատճառով բավականին դժվար է ինտեգրվում հասարակությանը: Խնդիրն ուսումնասիրող հետազոտական խումբը Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, նեյրոհոգեբան Բարբարա Սահակյանի գլխավորությամբ մշակել է Ipad-ների համար նախատեսված խաղի համակարգչային հավելված, որը նպաստում է անհատական էպիզոդիկ հիշողության վերականգնմանը: Հավելվածի ստեղծման, մշակման ու ծրագրավորման աշխատանքներին մասնակցել են հոգեբաններ, նյարդաբաններ, ծրագրավորողներ և շիզոֆրենիայով տառապող 22 հոգի, ովքեր խաղային հավելվածը գործարկել են շուրջ մեկ ամիս՝ օրական 8 ժամ: Այնուհետև էպիզոդային հիշողության վերականգնման համար նախատեսված հատուկ թեստի միջոցով գնահատվել է հավելվածի արդյունավետությունը: Մասնագետները փաստել են, որ հավելվածն օգտագործած հիվանդները թեստերի հարցերին պատասխանելիս ավելի քիչ են սխալվել ու հիշողությունը վերականգնելու փորձեր արել: Պրոֆեսոր Սահակյանը նշում է, որ խաղային հավելվածը թույլ կտա անել այն, ինչը դեղամիջոցներով պարզապես անհնար է անել:

(http://www.sciteclibrary.ru/rus/catalog/pages/15206.html)