Պենիցիլինի գյուտը

20-րդ դարի 30-ական թվականներին դիզենտերիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ժանտախտը և այլ հիվանդություններ շարունակում էին տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Անգամ սեպսիսը մահվան դատավճիռ էր:

Թեև 19-րդ դարի Ֆրանսիացի մանրէաբան, քիմիկոս Լուի Պաստերը հայտարարել էր, որ սիբիրյան խոցի բացիլները կարող են ոչնչանալ միկրոօրգանիզմ-հարուցիչների ազդեցությամբ, սակայն աշխարհում առաջին հակաբիոտիկի հայտնագործման ստույգ տարեթիվն ընդունված է համարել 1928 թվականի սեպտեմբերի 28-ը:

«Երբ ես արթնացա 1928 թվականի սեպտեմբերի 28-ին, իմ՝ աշխարհում առաջին հակաբիոտիկի հայտնագործությամբ բժշկության բնագավառում հեղափոխություն անելու նպատակ ամենևին չունեի»,-իր օրագրում այսպիսի գրառում է արել բրիտանացի մանրէաբան, աշխարհում առաջին հակաբիոտիկի գյուտարար Ալեքսանդր Ֆլեմինգը:

Որքան էլ զարմանալի է, պենիցիլինի հայտնագործումն իսկապես պատահականության արդյունք էր: Ֆլեմինգն արդեն լայն ճանաչում էր վայելում որպես հեղինակավոր մանրէաբան: Նա զբաղվում էր ստաֆիլոկոկերի հատկությունների ուսումնասիրությամբ:

1928 թ.-ին ամառային մեկամսյա արձակուրդից հետո Ֆլեմինգը վերադարձավ իր լաբորատորիա: Նա ստաֆիլոկոկերի բոլոր փորձանմուշները թողել էր լաբորատորիայի մի անկյունում։ Մանրէաբանը նկատեց, որ տարաներից մեկում կանաչ բորբոսասնկեր են աճել, իսկ ստաֆիլոկոկերի օջախները ոչնչացվել են: Ֆլեմինգին հաջողվեց բորբոսասնկերից անջատել այն նյութը, որը սպանել էր մանրէներին և այն պենիցիլին անվանեց: Երկար ժամանակ նա չէր կարողանում մաքուր պենիցիլին ստանալ՝ կլինիկական օգտագործման համար:

1940 թ.-ին գերմանացի կենսաքիմիկոս Էռնեստ Բորիս Չեյնին և անգլիացի մանրէաբան Հոուարդ Ֆլորիին հաջողվեց ստանալ բավարար քանակությամբ մաքուր պենիցիլին: Այդ հայտնագործությունը փոխեց պատմության ընթացքը։ Պենիցիլինի զանգվածային արտադրության և կիրառման շնորհիվ հաջողվեց պայքարել այնպիսի հնագույն հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սիֆիլիսը, գանգրենան, տուբերկուլյոզը։

Հայտնի է, որ առաջին մարդը, ում կյանքը հաջողվեց փրկել պենիցիլինի կիրառման շնորհիվ, 15-ամյա պատանի էր, որը տառապում էր սեպսիսով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պենիցիլին կիրառելու շնորհիվ տասնյակ հազարավոր զինվորներ փրկվեցին վերջույթների անդամահատումներից և փտախտից:

1945 թվականին առաջին հակաբիոտիկի գյուտարարներն արժանացան Նոբելյան մրցանակի: