Խիզախ նվիրումով

Մարտակերտի շրջանային հիվանդանոցի բժշկուհի Միլետա Հովհաննիսյանի՝ առաջատարի արշավը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից՝ պիոներական դրուժինայի նախագահ, կոմերիտական կազմակերպության քարտուղար, բազմաթիվ օլիմպիադաների հաղթող: Հետագայում՝ մասնագիտական գործունեությանը զուգահեռ, նրան են վստահել շրջանի բուժաշխատողների արհմիության կոմիտեի նախագահի, ավանային, ապա քաղաքային խորհրդի դեպուտատի, կինխորհրդի քարտուղարի և այլ պաշտոնները: Իսկ Արցախյան պատերազմի տարիներին Միլետա Հովհաննիսյանի խիզախությունը, ամեն իրավիճակում արագ կողմնորոշվելու և մարդկանց օգնելու պատրաստակամությունը երբեմն զարմացրել է գործընկերներին:

-Արցախյան շարժումն արդեն սկսվել էր,- պատմում է Միլետա Հովհաննիսյանը:-Թուրքերը Չլդրանում մի երիտասարդ տղայի էին սպանել: Մեր կինխորհուրդը որոշեց օգնություն տանել զոհվածի ընտանիքին: ճանապարհն անցնում էր թուրքական գյուղերի միջով: Խորհրդի անդամները վախենում էին, քանի որ թուրքերը քարերով ու մահակներով հարձակվում էին ավտոմեքենաների վրա, ջարդուփշուր անում, սպանում մարդկանց: «Վախենալ պե՛տք չի, նստե՛ք մեքենան»,- ասացի նրանց, ինքս նստեցի վարորդի կողքին, ու մենք շարժվեցինք: Երբ առաջին գյուղը մտանք, թուրքերը, ավտոմեքենայի ձայնը լսելուն պես, դուրս էին թափվել տներից ու քարերը ձեռքներին՝ սպասում էին ավտոմեքենայի մոտենալուն: Հետ գնալ այլևս չէինք կարող: Պետք է առաջ գնայինք: Նրանք շրջապատեցին մեքենան:

-Հանգի՛ստ նստեք, միայն ես դուրս կգամ ավտոմեքենայից,- ասացի ու դուրս եկա մեքենայից:

Բոլորը ճանաչեցին ինձ, նրանցից շատերին էի բուժել ու անուններով գիտեի: Մի քանիսը նույնիսկ առաջ եկան, ձեռքով բարևեցին: Նրանց տրամադրությունը փոխվեց.

-Վա՜յ, մեր հաքիմն ա,- ասացին ու սկսեցին դժգոհել, որ անտեր են մնացել, որ աղդամցի ծայրահեղականներն են թշնամանք ու ատելություն տարածում վաղեմի հարևանների՝ հայերի հանդեպ:

Երբ պատրաստվում էինք շարունակել ճանապարհը, նրանք մեզ հավատացնում էին, որ հանգիստ կարող ենք գնալ ու վերադառնալ, որ մեզ վրա չեն հարձակվի:

…Դեռևս ոչ պատերազմ էր, ոչ խաղաղություն. թշնամու «ալազանի» ու «գրադի» արկերը ավերում էին Մարտակերտի շրջանը: Այստեղ տեղակայված ռուսական զորամիավորումը պատրաստվում էր հեռանալ Մարտակերտից: Շրջկոմի քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի քարտուղար Վահան Գաբրիելյանը շատ ջանքեր է գործադրում՝ նրանց համոզելու, որ իրենց զենքերի մի մասը թողնեն Մարտակերտում, բայց նրանք անդրդվելի էին: Մենք՝ հայերս, զինամթերքի խիստ կարիք ունեինք…

Ռուսական զորամիավորումը տեղակայված էր գիշերօթիկ դպրոցի շենքում (դպրոցի շենքը հիվանդանոցի դիմացն էր): Երբ նկատեցինք, որ տանկերն ու զրահամեքենաները պատրաստվում են դուրս գալ, մենք՝ ես, Լյուդան, Շուրան և Անժիկը, արագ դուրս եկանք հիվանդանոցից ու ձեռք ձեռքի տված՝ կանգնեցինք ուղիղ զրահամեքենաների առջև՝ փողոցի մեջտեղում: Առաջին զրահամեքենայից մի զինվորական, գլուխը հանելով, մեզ դիմեց.

-Женщины, отойдите, а то стрелять будем.

Իսկ ես, որ կարծես գերբնական ուժ էի ստացել, անվախ կեցվածք ընդունած, հորդորում էի կողքիս կանգնած կանանց, որ չվախենան, չհեռանան, ամուր բռնել էի նրանց ձեռքերը: Շուրջը մեծ բազմություն էր հավաքվել: Տղամարդիկ, զգալով իրավիճակի լրջությունը, մոտեցան և մեզ հեռացրին ճանապարհից: Ռուսները հեռացան՝ իրենց հետ տանելով ողջ զինանոցը:

Պատերազմը սկսվեց…

Մարտակերտը օրեցօր դատարկվում էր: Վիրավորների հոսքը մեծանում էր: Հրամանատարներ Վլադիմիր Բալայանը, Լեռնիդ Ազգալդյանը էլեկտրաշարժիչ բերեցին հիվանդանոց, ապահովեցին մեզ վառելիքով, որպեսզի բուժսպասարկումը պատշաճ կերպով կատարենք: Հիվանդների անվտանգությունը ապահովելու համար մաքրեցինք հիվանդանոցի նկուղը, վերադասավորեցինք այն և բոլոր հիվանդներին իջեցրինք նկուղ: Արկերի բեկորներից պաշտպանելու համար էլ նկուղի շուրջբոլորը ավազով լի պարկեր շարեցինք:

Սակայն թշնամին, գրավելով ու ավերելով գյուղերը, մոտենում էր շրջկենտրոնին: Երբ մեզ հայտնեցին, որ թշնամու տանկերն ու զրահամեքենաները մտել են Լենինավան ու Մարաղա և շարժվում են դեպի Մարտակերտ, Սերգեյ Օհանյանը վիրահատում էր Շահումյանից բերված վիրավորին (նա հիվանդանոցի վիրաբույժն էր, գլխավոր բժիշկը ու ամբողջովին կրում էր հիվանդանոցի անխափան գործունեությունը ապահովելու ծանր պատասխանատվությունը). լսելով լուրը՝ նա ասաց.

-Ինչ անեմ, վիրահատությունը պիտի ավարտեմ…

Բոլորս շփոթված էինք, բայց դա միայն սկզբում էր… Անեսթեզիոլոգ Պավել Աթայանը սկսեց բարձր ձայնով երգել. «Արյունոտ դրոշ մեր ազատության…»: Բժիշկ, բուժքույր, հիվանդ, դուրս գալով հիվանդասենյակներից, նկուղի միջանցքներից, հավաքվեցինք ու սկսեցինք ձայնակցել նրան: Այնպես խրոխտ ու բարձր էինք երգում, որ կարծես ուզում էինք լուր տալ թուրքերին, որ ոչ մի թնդանոթ, ոչ մի տանկ ու հրթիռ չի կարող վախեցնել ու լռեցնել մեզ: Իսկ մարաղեցի Գյոզալը, որ գերությունից ազատվել ու տունդարձի ճանապարհին վիրավորվել էր ականի պայթյունից, գլուխը ձեռքերի մեջ առած, լալիս էր…

Ավարտելով վիրահատությունը՝ Սերգեյ Օհանյանը գնաց շտաբ՝ ստացած տեղեկությունները ճշտելու: Հաջորդ օրը ծանրացած հոգիներով, արտասուքն աչքներիս՝ հեռացանք Մարտակերտից՝ մեզ հետ տանելով բոլոր հիվանդներին, անհրաժեշտ գույքը, սարքավորումները, դեղամիջոցները:

Մի քանի կիլոմետր հեռավորության վրա բարձրադիր Կուսապատ գյուղն էր: Մենք տեղավորվեցինք գյուղի դպրոցում, որտեղ ոչ մի հարմարություն չկար, գյուղն էլ ամբողջովին հոսանքազրկված էր: Մի կերպ տեղավորեցինք վիրավորներին, միացրինք կաթիլայինները: Սակայն հաջորդ օրվանից թնամու կործանիչները սկսեցին ռմբակոծել Կուսապատը: Դարձյալ պետք էր կազմակերպել վիրավորների տարհանումը: Նրանց ավտոմեքենաներով տեղափոխում էինք Ստեփանակերտ, ուղղաթիռներով՝ Երևան: Կուսապատում առաջին անգամ հանդիպեցի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, որին նմանեցնում էի Գևորգ Չաուշին: Հետո եկան «Տիգրան Մեծ» ջոկատի տղաները: Նրանց ներկայությունը ոգևորում էր մեզ, զգում էինք, որ պաշտպանված ենք:

Պատերազմի ընթացում Միլետա Հովհաննիսյանը մեկնում է նաև Շահումյան՝ տեղաբնակներին բուժօգնություն ցուցաբերելու:

-Մարտակերտի շրջանային հիվանդանոցի շտապօգնության մեքենայով սպասարկում էինք Էրքեջ, Բուզլուխ, Վերին Շեն, Մանաշիտ, Հայ Պարիս գյուղերը: Շահումյանի շրջանային հիվանդանոցում Մարտակերտից ժամանած բժիշկներս հիվանդների ընդունելություն էինք կազմակերպում, համայց կատարում:

1992 թ. Միլետա Հովհաննիսյանը մեկնում է Երևան, որտեղ ժամանակավոր բնակություն էին հաստատել նրա ծնողները և զավակները՝ Լիլիթն ու Գեղամը: Աշխատանքի է անցնում շտապօգնության կայանի Արեշի մասնաճյուղում, հերթական կանչերով մեկնում է օդանավակայան, գործընկերների հետ ընդունում վիրավորներին և հիվանդնոցներ տեղափոխում:

-Ամեն անգամ մոտենում էի օդաչուներին, ու առաջին հարցս լինում էր՝ Մարտակերտից վիրավոր կա՞… Երևի բոլոր մարդիկ են այդպես, որտեղ էլ լինեն, արյան թե սրտի կանչով առաջինը իրենց ազգակցին, հայրենակցին են փնտրում:

Մարտակերտը վերջնականապես ազատագրելուց հետո ես վերադարձա իմ ծննդավայր: Գնացի մեր տունը տեսնելու, որը դեռևս պատերազմի առաջին օրերին «գրադը» ավերել էր: Ամեն ինչ թալանված էր… Իջա նկուղ, մեր ընտանեկան ալբոմի նկարները՝ պատառոտված, կիսաայրված, փռված էին գետնին, դա էր միակ բանը, որ մնացել էր մեր ունեցվածքից…

Խորհրդակցելով շրջանի ղեկավարության հետ՝ ձեռներեց, գործարար կանանց հետ կինխորհուրդ կազմեցինք ու որոշեցինք այն անվանել «Ռուզան»՝ ի հիշատակ Արցախ աշխարհի հերոսուհի դստեր, որը սերում էր Հասան Ջալալյանի տոհմից, ում անձնազոհության շնորհիվ կասեցվեց արաբ զորապետի արշավանքը, ում շնորհիվ կանգուն մնաց Գանձասարի վանքը: Մեր միջոցներով, մեզ տրամադրված գումարներով անհրաժեշտ սննդամթերք, հագուստ էինք գնում ու բաժանում կարիքավորներին: Այցելում էինք մանկապարտեզներ, դպրոցներ, զորամասեր: Հիշում եմ՝ երբ երկրորդ, երրորդ անգած նույն զորամաս էինք գնում, զինվորները, մեզ ճանաչելով, ուրախ ընդառաջ էին գալիս…

Տարիներ անց Միլետա Հովհաննիսյանի դուստրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, նույնպես բժշկի մասնագիտությունն է ընտրում: Գերազանցությամբ ավարտում է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, պարգևատրվում «Մխիթար Հերացու» մեդալով, երկու տարի սովորում կլինօրդինատուրայում, ապա մեկնում է Բոնն և այնտեղ երկու տարի ուսանելով՝ դառնում Եվրոպական ակադեմիայի անդամ, ապա աշխատանքի անցնում Հալլե քաղաքի կլինիկայում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

Երևանի պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել եմ Ստեփանակերտում, ապա վերադարձել Մարտակերտ՝ իմ ծննդավայր Մարտակերտ… Մեկ ուրիշ տեղ ո՛չ ապրել, ո՛չ աշխատել ես չեմ ցանկացել, չեմ կարողանում,- խոստովանում է Մարիետա Հովհաննիսյանը:- Կարծես Համո Սահյանն ինձ համար է ասել. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…»:

…Շատ եմ սիրում այն ամենը, ինչը հայկական է, և ուժերիս ներածին չափով փորձում եմ պահել, փայփայել հայկականը՝լինի ավանդույթ, ճաշատեսակ, արվեստ, թե ուղղակի անուն (նույնիսկ ծննդատան պատին մի մեծ ցուցակ եմ փակցրել, որտեղ տղամարդու և կնոջ՝ հարյուրից ավելի հայկական անուններ են գրված… ջանքերս զուր չեն անցնում):

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)

  • milet2
  • milet1