Բոլոր միջոցները պետք է ծառայեցնել զինվորի առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը

Փետրվարի 4-ին «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հերթական այցելությունը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեղում ծանոթանալու դիմածնոտային վիրաբուժության և ստոմատոլոգիական բաժանմունքներում մասնագիտական բուժօգնության իրականացման պայմաններին, գնահատելու առկա հնարավորությունները, քննարկելու խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակներ առաջարկելու՝ ատամնաբուժական ծառայության զարգացման, որակի և մատչելիության բարձրացման նպատակով:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Կարեն Սևտերտերյանը, ներկայացնելով բաժանմունքի հնարավորությունները, գոհունակությամբ նշեց, որ այն հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունենալով մասնագիտական բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ՝ հավուր պատշաճի է կատարում իր առջև դրված խնդիրները և պատրաստ է ժամանակի մարտահրավերներին դիմակայելուն: Այդ բաժանմունքում վիրաբուժության նորարարական եղանակներով կատարվում են բարդ, երբեմն եզակի վիրահատություններ, սակայն բուժանձնակազմը չի բավարարվում առկա ձեռքբերումներով և մասնակցելով վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի՝ կատարելագործում է մասնագիտական հմտությունները: Ներկաների գնահատմամբ՝ ՊՆ ԿԿԶՀ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքն այսօր իսկապես չի զիջում առաջավոր երկրներում համապատասխան ծառայություն իրականացնող բաժանմունքներին:

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բ/ծ գնդապետ Արամ Ասատուրյանի, հոսպիտալի ստոմատոլոգիական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Արմեն Զուրաբյանի ուղեկցությամբ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը եղան նաև բաժանմունքի ախտահանման, կլինիկական սենյակներում, ռենտգեն կաբինետում, ատամնատեխնիկական լաբորատորիայում: Ռուզաննա Խաչատրյանը զրուցեց բաժանմունքներում բուժվող զինծառայողների հետ, ծանոթացավ նրանց առողջական խնդիրներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով:

Նեղ մասնագիտական խորհրդակցության ընթացքում ներկաները կարևորեցին պատանեկան տարիքում բերանի խոռոչի հիվանդությունների հայտնաբերելը և ապագա զինվորին մինչև զորակոչ բուժելը: Նշվեց, որ անհրաժեշտ է նաև մեծացնել բաժանմունքներում մատուցվող ծառայությունների ծավալը, բարելավել բաժանմունքների նյութական հագեցվածությունը, արտերկրյա գործընկերների հետ ձեռք բերված փոխհամաձայնությունների շրջանակում իրականացնել բժիշկների վերապատրաստման նոր դասընթացներ, ապահովել նրանց գիտական, կլինիկական գործունեության զարգացումը:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, լինելով ատամնաբույժ, իմպլանտոլոգ, ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված, փաստեց՝ բերանի խոռոչի հիգիենան որքան մեծ նշանակություն ունի մարդու առողջության պահպանման, օրգանիզմում հիվանդությունների կանխարգելման գործում: Ըստ այդմ՝ նա համոզմունք հայտնեց, որ այսուհետև նույնպես բոլոր միջոցները պետք է ծառայեցնել զինվորի առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը:

  • 010
  • 001
  • ughac
  • 06
  • 011
  • 012
  • 013
  • 019
  • 020
  • 018
  • 021
  • 022