Մայրական ջերմություն սահմանապահ զինվորին

3-րդ բանակային զորամիավորման՝ հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի բուժկետի բուժքույր Գայանե Մելիքյանը ծննդով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքից է: Նա երկարամյա մասնագիտական ուղի է անցել Բերդի քաղաքային հիվանդանոցում. 1980 թ.-ին՝ ուսումն ավարտելուց անմիջապես հետո, աշխատել է արյան փոխներարկման կաբինետում, ապա՝ թերապևտիկ բաժանմունքում:

1992-1993 թվականներն ամենածանրն էին. պատերազմը մոլեգնում էր նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում: Բերդը և տարածաշրջանի գյուղերը ենթարկվում էին թշնամու զինված հարձակումներին և հրետակոծություններին: Այդ տարիներին տիկին Գայանեն աշխատում էր հիվանդանոցի դոնորական կաբինետում:

Պատերազմի մասին հիշողությունները դեռ ցավ են պատճառում

– Որքան էլ ժամանակն անցնի, պատերազմի տարիների մասին դառը հիշողությունները շարունակելու են ցավ պատճառել: Այդ օրերն անհնար է ջնջել հիշողության ծալքերից: Ծանր ժամանակներ էին… Սահմանամերձ մեր քաղաքը, հարևանությամբ գտնվող գյուղերը ողջ ուժգնությամբ ապրեցին պատերազմի արհավիրքը: Բնակավայրերը ենթարկվում էին գնդակոծությունների: Հիվանդանոցը (հատկապես դոնորական կաբինետը) աշխատում էր գերլարված աշխատանքային գրաֆիկով: Զինվորական հոսպիտալը դեռևս չէր կազմավորվել, և վիրավորներին առաջնագծից անմիջապես տեղափոխում էին հիվանդանոց: Քաղաքացիական բնակչության շրջանում ևս վիրավորները շատ էին: Ամեն գիշեր կանչ էր գրանցվում, հաճախ էլ օրեր շարունակ հիվանդանոցում էինք անցկացնում: Բոլոր ծառայությունները գործում էին նկուղային հարկում: Անգամ վիրահատությունները նկուղում էին կատարվում՝ մոմի լույսի ներքո: Խաղաղության համար մենք թանկ գին ենք վճարել… Այսօր էլ մեր խաղաղ կեցության համար պարտական ենք Հայոց սահմանները հսկող զինվորին և սպային:

…Բերդի հիվանդանոցում աշխատել եմ մինչև 2001 թվականը: 2008-2010 թվականներին ծառայել եմ Տավուշի առանձին բժշկական ջոկատում, իսկ որոշ ժամանակ հետո ծառայության եմ անցել այս զորամասում:

Մայրական ջերմություն սահմանապահ զինվորին

– Բուժքրոջ մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է: Զինվորը մայրական ջերմության ու հոգատարության կարիք ունի… Նա պետք է զգա, որ մենակ չէ, որ շրջապատված է հոգատարությամբ: Իմ երկու որդիներն իրենց պարտքը կատարել են, և ես հրաշալի ճանաչում եմ զինվորի հոգեբանությունը: Լինելով հարազատներից, ընտանիքից հեռու՝ զինվորն ապավինում է մեզ և ուշադրության պակաս երբեք չպետք է ունենա: Ես ծառայում եմ հոգատար բուժանձնակազմի հետ: Մեր երիտասարդ բժիշկները լավագույնս են տիրապետում իրենց մասնագիտական հմտություններին, սրտացավ են զինվորի հանդեպ: Երբեք որևէ խնդիր չի անտեսվում:

Տղաներն ամուր են…

– Մեր բուժկետի հիվանդները հիմնականում դիրքապահ զինվորներ են: Տղաներ, ովքեր պատվով են իրականացնում իրենց վստահված դժվարին ծառայությունը, ամուր են, խիզախ: Ես՝ որպես մայր, մեր երկրին խաղաղություն, բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում:

Հասմիկ Գյոզալյան