Սնունդը, որ բարիք է, կարող է դառնալ չարիք

Մարդու օրգանիզմի ավելորդ կշիռն առողջությանը սպառնացող վտանգի առաջին ահազանգն է, իսկ գիրությունն արդեն լուրջ տագնապ է: Սնունդը, որը բարիք է, կարող է դառնալ նաև չարիք:

Գոյատևելու համար մարդը պետք է հարմարվի կյանքի մշտապես փոփոխվող պայմաններին: Մեր ժամանակներում կյանքի թափն այնքան արագ է, որ մարդը չի հասցնում հարմարվել դրան: Առաջանում է, այսպես կոչված, կենսասոցիալական առիթմիա. փոխվում է սննդի ռեժիմը, դառնում ոչ ռացիոնալ, անկանոն, հանգեցնում նյարդային համակարգի գերբեռնվածությանը, ֆիզիկական ակտիվության նվազմանը: Այս ամենն ուղղակիորեն նպաստում է մարմնի կշռի ավելացմանը:

Հին դարերի գիտնականներն առողջագիտական կանոնները մշակելիս մեծ տեղ են տվել չափավոր սնվելու գաղափարին: Դեռևս Ցիցերոնը (մ.թ.ա. I դար), ամփոփելով իր ժամանակի գիտելիքները, նշել է, որ պետք է սնվել և խմել այնքան, որքան անհրաժեշտ է ուժերի վերականգնման համար: Առողջության պահպանման և երկար ապրելու նախապայմանը նա համարել է ամեն ինչի մեջ չափավորությունը, այդ թվում՝ նաև սննդի և խմելու առումով՝ սկսած երիտասարդ տարիներից: Եզնիկ Կողբացին (Մաշտոցի աշակերտ, V դար) առողջությանը վնասակար է համարել սննդի չչափավորված և անբծախնդիր օգտագործումը: Հայ բժշկապետ Մխիթար Հերացին հիվանդությունների զարգացման գործում կարևոր նշանակություն է տվել սնմանը, իսկ հիվանդությունների բուժման համար դեղաբուժությունը զուգորդել է սննդաբուժության հետ: XV դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Հոգուտ բժշկության» աշխատության մեջ գրեթե բոլոր օրգան-համակարգերի հիվանդությունների ժամանակ, բացի դեղաբուժությունից, նկարագրել է նաև սննդի միջոցով բուժման եղանակները:

Առողջ և երկարակյաց լինելու կարևոր պայմանը սննդի ռեժիմի և չափավորման պահպանումն է: Ուտելուց հետո պետք է քաղց զգալ. սեղանից պետք է հեռանալ քաղցի զգացումով: «Պետք է ուտել, որպեսզի ապրել, այլ ոչ թե ապրել, որպեսզի ուտել» (Ցիցերոն):

Գիրությունը կրճատում է կյանքի տևողությունը: Ճարպակալման հիմնական պատճառը (80%-ը) գերսնվելն է, 20%-ը՝ ժառանգական հակումը և ներզատական գեղձերի (մակուղեղ, մակերիկամներ, ենթաստամոքսային գեղձի ներզատական մաս, սեռական գեղձեր) ֆունկցիայի խանգարումները:

«Մարդը չի հիվանդանում չափավոր սնվելուց, միայն գերսնվելուց ամեն ժամ սպասի՛ր դժբախտության» (Նիզամի Գյանջևի): Ավելորդ սննդից օրգանիզմը «խեղդվում է», «սնունդը, որը չի մարսվում, ուտում է իրեն ուտողին»: Մարմնի կշռի ամեն մի ավելորդ կիլոգրամը կյանքը կրճատում է 1%-ով:

Օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, բարձր աշխատունակությունը պահպանելու և երկարակեցություն ապահովելու համար չափազանց կարևոր է մարսողության (նաև արտազատության) օրգանների աշխատանքի բնականոն ռիթմի պահպանումը: Պարզվել է, որ ստամոքսահյութի մեջ աղաթթվի (սպիտակուցային սնունդը մարսող պեպսին ֆերմենտն ակտիվացնող) քանակը ռիթմիկորեն փոփոխվելու շնորհիվ օրվա առաջին կեսին նրա թթվությունը ցածր է լինում: Օրական ռիթմային փոփոխության են ենթարկվում նաև ենթաստամոքսային հյութի, աղիքահյութի քանակն ու դրանցում ֆերմենտների քանակը և ակտիվությունը (նաև լեղու քանակը), աղիների շարժողական ֆունկցիան: Ուստի շատ կարևոր է նաև օրվա ընթացքում տարբեր սննդանյութերի ընդունման ռեժիմը:

Չնայած մարսողության ֆունկցիային մասնակցող լեղին լյարդում արտադրվում է անընդհատ, սակայն առավել շատ՝ օրվա առաջին կեսին:

Հայտնի է, որ լյարդը, բացի մարսողության ֆունկցիայից, պահեստավորում է նաև գլիկոգեն (կենդանական օսլա), ջուր: Օրվա առաջին կեսին նա ծախսում է պահեստավորված գլիկոգենը, նրան վերածելով պարզ շաքարի՝ հետ է վերադարձնում նաև կուտակված ջուրը: Օրվա երկրորդ կեսին սկսում է յուրացնել շաքարը և կուտակել գլիկոգեն ու ջուր: Դրան էլ հետևում է օրվա ընթացքում արյան շաքարի պարունակության խիստ ռիթմային տատանումը: Ուստի պետք է օրվա ընթացքում սնունդն ընդունել ճիշտ՝ մարսողության հյութերի բավարար քանակով ու որակով պարբերականորեն արտադրվելուն համապատասխան: Այս ուղղությամբ չափազանց մեծ աշխատանք է կատարել ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ի. Պ. Պավլովը. «Գրեթե մշտական երևույթ է, որ ստամոքսահյութի թթվությունը և հյութարտադրության արագությունը սերտորեն կապված են միմյանց հետ. որքան հյութարտադրությունն ուժեղ է, այնքան թթվությունը բարձր է, և հակառակը: Իսկ ինչո՞ւ է այդպես, չէ՞ որ ստամոքսահյութը գեղձերի կողմից միևնույն թթվությամբ է պատրաստվում»: Պատճառն այն է, որ «որքան արտադրվող հյութի քանակը մեծ է…, այնքան, բնականաբար, այն ամբողջ զանգվածով քիչ է չեզոքացվում, այնքան դրա թթվությունն ավելի է մոտենում իսկականին»: Օրվա առաջին կեսին սննդաբաժնում պետք է գերակշռեն սպիտակուցներն ու ճարպերը:

Դեռ հնուց խարազանվել է շատակերությունը (որկրամոլություն)՝ վաղաժամ ծերացմանը նպաստող պատճառներից մեկը: Սնունդն օրգանիզմ պետք է մտնի փոքր բաժիններով, քանի որ չափից ավելի կերած մարդը միշտ գտնվում է քնկոտ, թմրած վիճակում: Դեռևս մ.թ.ա. IV դարում Հիպոկրատն ասել է. «Մեր սննդանյութերը պետք է լինեն բուժիչ միջոցներ, իսկ բուժիչ միջոցները պետք է լինեն սնուցող նյութերը»: Ուրեմն անհրաժեշտ է, որ ներմուծված սննդի որակը և քանակը խիստ համապատասխանեն մարսողության օրգանների ֆունկցիայի օրական ռիթմերին` «կենսաբանական ժամացույցներին»: Այդ ռիթմի խանգարման՝ «կենսաբանական ժամացույցի փչացման» դեպքում էլ խանգարվում են տարբեր օրգան-համակարգերի փոխհարաբերությունները, ինչը տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում:

Սննդից ստացված էներգիայի և դրա ծախսի ռեժիմը կարգավորվում է ինքնաբերաբար՝ ախորժակի միջոցով: Այս առումով տեղին է հետևյալ ասացվածքը. «Լավ չէ, երբ ախորժակդ վատ է, բայց շատ վատ է, երբ ախորժակդ գերազանց է»: Ավելորդ սնունդը, հաճախակի գերսնումն աստիճանաբար խախտում են գլխուղեղում գտնվող հագեցման (կշտության) կենտրոնի ֆունկցիան, և առատորեն սնվելու սովորույթն ամրապնդվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Քաղցի և հագեցման նյարդային կենտրոնների միջև գոյություն ունի փոխադարձ կապ. երբ մի կենտրոնը դրդված է, մյուսն արգելակված է: Այդ կենտրոններում դրդման և արգելակման գործընթացները միմյանց հաջորդում են պարբերականորեն: Շատակերությունը վերացնում է երկու կենտրոնների փոխհարաբերության ռիթմը, հարթեցնում այն, և քանի որ առավել դրդված է լինում քաղցի կենտրոնը, ուստի առաջանում է քաղցի անհագ զգացում, և մարդն ուտում ու գիրանում է: Օրինակ՝ ամերիկացի քառասուն տարեկան երկվորյակ եղբայրների կշիռը եղել է 327 և 315 կգ: Նրանցից յուրաքանչյուրի նախաճաշը պարունակել է 18 ձու, 2 կգ խոզի ապխտած ճարպ, 1 կգ հաց, 1 լ մրգահյութ, 16 գավաթ սուրճ: Իսկ ճաշը և ընթրիքը միասի՞ն…

Ահա թե ինչի է հասցնում սնունդ ընդունելու երկու հիմնական լծակների՝ քաղցի և հագեցման նյարդային կենտրոնների պարբերական փոխադարձ (ռեցիպրոկ) գործունեության խախտումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճարպակալումն ընդունել է որպես համաճարակ: Երկրագնդի մեկ միլիոնից ավելի մարդ ունի հավելյալ քաշ: Կան չափազանց գեր մարդիկ: Օրինակ՝ 34 տարեկան մի ամերիկուհի 800 կգ է (նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ), իսկ ոմն տղամարդ՝ 1000 կգ:

Վտանգավոր է նաև հակառակ երևույթը, երբ քաղցի զգացման կենտրոնի գործունեությունը գերակշռում է հագեցման կենտրոնի զգացման նկատմամբ, երբ մարդը քաղց չի զգում և տևական ժամանակ կարող է չսնվել, հետևաբար օրգանիզմը նիհարում, հյուծվում է:

Ճարպով գերհագեցած սնունդը շատ խոլեստերին է պարունակում, ինչը նպաստում է խոլեստերինային հաստուկներով, զարկերակների լուսանցքի նեղացմանը կամ խցանմանը, աթերոսկլերոզի, սրտի, ուղեղի կաթվածի առաջացմանը, արյան մածուցիկության բարձրացմանը, հյուսվածքների թթվածնաքաղցի ի հայտ գալուն: Դանդաղում է նաև իմունային բջիջների առաջացման գործընթացը, ընկճվում է օրգանիզմի իմունիտետը:

Ճարպակալում կարող է առաջացնել ոչ միայն շատակերությունը, այլև քաղցրակերությունը, քնելուց անմիջապես առաջ սնվելը, աղի չարաշահելը և այլն:

Սննդի ընտրության հարցում մարդկանց կուլտուր-կրթական մակարդակն ավելի մեծ դեր է կատարում, քան ֆինանսական հնարավորությունները: Նյութապես ապահով մարդկանց մեծ մասը չարաշահում է սնունդը՝ բավականություն ստանալով շատ ուտելուց, չնայած հասկանում է դրա վնասակարությունը:

Ճարպակալումը բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի, առաջին հերթին՝ սիրտ-անոթային համակարգի վրա, դժվարացնում արյան շրջանառությունը, սահմանափակում է դրան օժանդակող մկանների (ծայրամասային սրտիկներ) գործունեությունը, ինչը հանգեցնում է սրտի ծանրաբեռնվածության մեծացմանը, ուստի սիրտը ժամանակից շուտ մաշվում է: Շնչառության համակարգի ճարպակալման հետևանքով թոքերը փոքրանում են, սահմանափակվում են շնչառական մկանների կծկումները, առաջանում է շնչարգելություն, փոքրանում է թոքերի կենսական տարողությունը, արտաքին միջավայրի զանազան անբարենպաստ գործոնների ազդեցության նկատմամբ դիմացկունությունը, տեղի է ունենում աշխատունակության անկում: Դա վերաբերում է բոլոր տարիքի մարդկանց:

Ճարպակալման խումբը կարելի է որոշել մի քանի եղանակներով: Դրանցից մեկը գոտկատեղի և ազդրերի շրջագծի քանորդի որոշումն է: Տղամարդկանց համար եթե ստացված թիվը գերազանցում է 1.0, իսկ կանանցը՝ 0.8 թիվը, ապա սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն աճում է 3-4, իսկ կաթվածով՝ 9-10 անգամ: Այդ ցուցանիշների աճն ուղեկցվում է զարկերակային արյան ճնշման բարձրացմամբ, արյան մեջ խոլեսթերինի, գլյուկոզի, ինսուլինի, նատրիումի և ուրիշ նյութերի պարունակության ավելացմամբ: Ամենաբարձր ռիսկի խմբի մեջ մտնում են այն ճարպակալվածները, որոնց օրգանիզմում ճարպի հիմնական զանգվածը կուտակված է որովայնի հատվածում, որը կոչվում է «ճարպային գոգնոց»: Բազմաթիվ հիվանդություններ հնարավոր է բուժել ճարպակալումը բուժելու դեպքում: 65 և ավելի տարիքի մարդկանց 20%-ն ավելորդ քաշ ունի: Ծերերի ճարպակալումը մեծացնում է մահացության վտանգը:

Սննդի օրաբաժնի մասին խոսելիս պետք է հիշել, որ ծեր հասակում նվազում է նյութափոխանակության ուժգնությունը: Այդ մասին է վկայում տարիքին զուգընթաց մարսողական ֆերմենտների ակտիվության և հիմնական փոխանակության թուլացումը:

Տարեց և ծեր մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել բանջարեղեն, որը մեծ քանակով բարդ ածխաջուր՝ թաղանթանյութ (ցելյուլոզա) է պարունակում և չնայած օրգանիզմում դա չի մարսվում, սակայն նպաստում է սննդանյութերի յուրացմանը, ուժեղացնում մարսողության համակարգի պարբերական կծկումները, վերացնում փորկապությունը, փորափքումը, օժանդակում է կղանքի ձևավորմանը: Բանջարեղենը հարուստ է վիտամիններով, կենսաբանորեն ակտիվ այլ նյութերով, հանքանյութերով: Շատ օգտակար է ֆիտոնցիդներ պարունակող բանջարեղենի (սոխ, սխտոր, սոխուկ և այլն) օգտագործումը. դրանք նաև ուժեղացնում են աղիների շարժումները և արգելակում նրանցում կատարվող նեխման գործընթացները: Ականավոր գիտնական Ի. Ի. Մեչնիկովն իր ժամանակին ասել է, որ «եթե մարդը մեռնում է 150 տարուց շուտ, ապա այդպիսի մահը «բռնի մահ է»»: Նրա համոզմամբ՝ վաղաժամ ծերացումը «մի հիվանդություն է», որն առաջանում է ոչ ճիշտ սնման պատճառով աղիներում առաջացած նեխման արդյունքներով՝ նեխանյութերով ինքնաթունավորումից:

Գիրության կանխման միջոցները տարբեր են. բացի շարժողական ակտիվությունից, հաշվեկշռված սնումից անհրաժեշտ է նաև կյանքի ռեժիմի, կենսակերպի օրական կենսառիթմի (քնի և արթնության), վարժանքի, մարզանքի, աշխատանքի և հանգստի ճշգրիտ պահպանումը:

Առավել գիրությունից բեռնաթափվելու համար անհրաժեշտ է բժշկի և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի միջամտությունը: Ֆիզիկական վարժությունները սննդի քանակի ու որակի սահմանափակման հետ զուգակցելիս կբարձրացնեն նյարդային, արյան շրջանառության, շնչառության, մարսողության և այլ համակարգերի գործառական հարմարողականությունը, նաև կվերացնեն ճարպակալումից առաջացած շնչարգելությունը, քնկոտությունը, կվերականգնեն բարձր աշխատունակությունը: Օրգանիզմի ավելորդ քաշը պակասեցնելու նպատակով առաջարկվում է հետևել որոշ կանոնների. որակապես փոխել սննդի բաղադրամասերը՝ նվազեցնել ճարպերի, ածխաջրերի (հատկապես քաղցրեղենի) քանակը, ավելի շատ բանջարեղեն, արմատապտուղներ, ընդեղեն (լոբի, ոսպ, ոլոռ), դդում, մրգեր օգտագործել, սնվել խոշոր աղացած ալյուրից, չհղկված բրնձից, ձավարեղենից պատրաստված կերակուրներով և ուտել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է, այլ ոչ թե՝ երբ ցանկանալ: Պետք է սահմանափակել կենդանական ծագմամբ սննդամթերքի՝ տարբեր յուղերի, ձվի, մսի, պանրի, նաև պաղպաղակի, ընկույզի, ախորժաբեր համեմունքների օգտագործումը: Հարկ է շաբաթվա որոշ օրերին բեռնաթափել օրգանիզմը՝ սնվելով կաթնաշոռով, մածունով, վարունգի, խնձորի աղցաններով, հետևել աղիների բնականոն գործունեությանը, անհրաժեշտության դեպքում կատարել աղիների մաքրում: Պետք է ավելացնել էներգիայի ծախսը ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարմամբ՝ առավոտյան մարմնամարզությամբ, քայլքով, հեծանվավազքով, ցատկապարանով ցատկելով, լողով, ցնցուղով ջրցողվելով, ինքնամերսումով: Արդյունավետ են նաև ասեղնա-ռեֆլեքսաբուժությունը, մարզախաղերը:

Այս միջոցների կիրառմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է բուժել ուղեկցող հիվանդությունները, հրաժարվել առողջությանը վնասող վտանգավոր ինքնաբուժումից: Խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում քաշը պակասեցնել մեկ շաբաթվա ընթացքում 1-1.5 կգ ռեժիմով:

Ներկայումս կան դեղորայքային մեթոդներ, որոնք գործում են քաղցի և հագեցման կենտրոնների՝ սննդային ճարպի ներծծման արգելակման, ջերմածնության ակտիվացման վրա ազդող մեխանիզմներով: Առաջարկվում են նաև վիրաբուժական եղանակով ճարպերի արտածծում, վիրահատմամբ հեռացում, ինչպես նաև ստամոքսի մասնահատում: Սակայն այդ մեթոդներին պետք է շատ զգույշ վերաբերվել:

Ճարպակալված մարդկանց գրեթե 50%-ը զարկերակային արյան բարձր ճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, լյարդի ցիռոզի, շաքարախտի, քրոնիկական նեֆրիտի, չարորակ նորագոյացությունների, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների, հենաշարժական համակարգի և այլ հիվանդությունների հակվածություն ունի: Ճարպակալված մարդու աշխատունակությունը նվազում է, կյանքի տևողությունը կրճատվում է 8-10 տարով:

10%-ով մարմնի ավել քաշ ունեցող մարդիկ կոչվում են «ավելորդ կշիռ ունեցողներ», 20%-ի դեպքում՝ «ճարպակալվածներ», իսկ 40%-ի դեպքում՝ «հիվանդագին ճարպակալվածներ»: Մեծ քանակով ճարպի (հատկապես կենդանական) օգտագործումը հանգեցնում է կրծքագեղձի, հաստ աղու, շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը:
Համասփյուռ Հովհաննիսյան,

կենս. գիտ. թեկնածու, դոցենտ

  • 182n2fhkgqxikjpg