ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Ս. Գրիգոր Նարեկացու անվան աղոթասրահում մատուցվեց Ս. պատարագ

Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հոսպիտալի հոգևոր սպասավոր տեր Սամուել քահանա Սարգսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ:

Այն արդեն երրորդն էր զինվորական հոսպիտալի հարկի ներքո և սպասված էր ոչ միայն հոսպիտալում բուժվող զինվորների, հերթապահ բուժանձնակազմի կողմից, այլև հիվանդներին այցելող հարազատները նույնպես, առաջին հարկից առնելով խունկի բույրը, բարձրանում էին, գտնում մատուռը, մոմեր վառում ու խաչակնքվելով դուրս գալիս աղոթասրահից:

Փետրվարի 7-ին Բուն բարեկենդանն է՝ Մեծ պահքի նախընթաց օրը: Պատարագիչ քահանան իր քարոզում մեկնեց օրվա խորհուրդը և պահքի նշանակությունը հոգու փրկության համար. «Բարի կենդանություն՝ բարի, անհոգ, ապահով կյանք. այս խորհուրդն ունի Բուն բարեկենդանը և խորհրդանշում է Ադամի ու Եվայի երանելի կյանքը դրախտում: Չէ՞ որ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. նրանք կարող էին ուտել բոլոր պտուղներից՝ բացի բարու և չարի գիտության ծառի պտուղից:

Հաճախ մեզ հարցնում են՝ ինչո՞ւ Աստված պահքը տվեց մարդուն, ո՞րն է պահքի խորհուրդը: Պատասխանը պարզ է. մարդը հոգի է և մարմին, և ինչպես կերակուրները հաճելի են մարմնին, այնպես էլ պահքը հաճելի է հոգուն: Ինչպես հիվանդությունն է կործանում մարմինը, այնպես էլ մեղքն է կործանում հոգին, և հոգին նույնպես ապաքինման, նորոգման կարիք ունի, իսկ հոգու սպեղանին անկեղծ զղջումն է, աղոթքը, ապաշխարանքը և իհարկե պահեցողությունը: Սակայն պահքը դառնում է անօգուտ, երբ հրաժարվելով կենդանական ծագում ունեցող կերակուրներից՝ մարդիկ չեն ջանում հրաժարվել մեղքերից և իրավամբ չեն դառնում կենդանի Աստծուն՝ նրա խոսքն ընդունելով որպես կենդանի և ապրեցնող կերակուր:

…Այսօր հանդիպում ենք աստվածաբանների, ովքեր իրականում այնքան են հեռացել Աստծուց, որ հայտարարում են՝ Աստված չկա… Սակայն դա չի նշանակում, որ Աստված դադարել է գոյություն ունենալուց: Այսօր մեր շրջապատում հանդիպում ենք մարդկանց, ովքեր պահք չեն պահում (երբեմն՝ խստասրտության կամ թուլակամության, ինչու ոչ, նաև հոգևոր անգիտության պատճառով), և դա դեռ չի նշանակում, որ պահքը կորցրել է իր խորհուրդն ու նշանակությունը. այն ճանապարհ է անկումից մինչև փրկագործություն»:

Քարոզից հետո Տերունական աղոթքն էր, և հոսպիտալի «հոգևոր երգչախումբը»՝ երկու փոքրիկ աղջիկներ՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի ատամնաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Արտաշես Քարտաշյանի դստրերը, նույնպես սկսեցին երգել… Ջրօրհնեքի արարողության կարգը կատարելիս Արտաշես Քարտաշյանը Խաչի կնքահայրն էր դարձել և հոգևոր սպասավորի շապիկը հագին՝ միշտ մասնակցում է ժամերգություններին:

Պատարագին մասնակցում էր նաև ժամկետային զինծառայող Նաիրի Բալաբեկյանը, ով հոսպիտալում վիրահատվելուց հետո՝ հետվիրահատական ապաքինման ընթացքում, իր հիվանդասենյակում սրբապատկերներ է նկարել հոսպիտալի մատուռի համար և աղոթասրահի պատին պատկերել Գրիգոր Նարեկացուն՝ «Նարեկը» ձեռքին:

«Պահքը ճանապարհ է անկումից մինչև փրկագործություն…», և «մոլորված» են նրանք, ովքեր շարունակում են կարծել, որ ոգով տկարն է ընտրում այդ ճանապարհը:

  • 803
  • 807
  • 800
  • ktrac
  • 810