«Ժամանակին մենք անփորձ էինք, գրիչը փոխարինեցինք զենքով և գնացինք պատերազմ»

Սեղանին՝ թղթապանակների, թերթերի կողքին, փոքրիկ, սպիտակ նոթատետր է դրված, որի էջերին բժշկի հապճեպ արված գրառումներն են՝ վիրավորի անուն, ազգանուն, ախտորոշում… Ու լուսանկարներ… Լուսանկարներ, որոնցից ամեն մեկը պատերազմի մի դրվագ է անմահացնում: Սենյակի մի անկյունում էլ նշմարում եմ սանիտարական պայուսակը:

Պատերազմի օրերի մասին հիշեցնող այդ փոքրիկ արխիվը թանկ մասունք է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, բժիշկ-ազատամարտիկ Հրայր Հովսեփյանի համար:

Դեռ ընդհատակյա փուլից զինվորագրվելով Արցախյան շարժմանը՝ նա ակտիվորեն մասնակցել է հայրենի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին` Խնապատ, Փառուխ, Քարագլուխ, Խրամորթ, Նախիջևանիկ սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Աղդամ, Սուրենավան, Սումա, Գյուլուջա բնակավայրերի, Օմարի բարձունքի և դրանց հարակից տարածքների ազատագրման և ինքնապաշտպանական մարտերին, մարտի դաշտում եղել է զինվոր և բժիշկ:

Գիտեմ՝ ամենադժվարը պատերազմի մասին խոսելն է: Զրուցակիցս ափսոսում է, որ մարտական ընկերները ներկա չեն, այնուամենայնիվ չի մերժում խնդրանքս. դրվագ առ դրվագ հիշում է պատերազմական օրերը, պատմում, վերապրում… ու ասես սկիզբ է առնում հերոսապատումը՝ տղերքի սխրանքի պատմությունը:

Առաջին բախումն ադրբեջանցիների հետ

Հրայր Հովսեփյանը ծնվել է 1971 թ.-ին Ասկերանի շրջանի Խանաբադ (Խնապատ) գյուղում՝ ծառայողի ընտանիքում: Հայրը վարորդ էր, մայրը՝ դպրոցի ճաշարանի խոհարարը: Հրայրը դպրոցական նստարանից բանաստեղծություններ էր գրում, աչքի ընկնում գերազանց առաջադիմությամբ, ինչը չէր կարող աննկատ մնալ. 7-րդ դասարանում ընտրվել է Կոմերիտմիության քարտուղար:

1987 թ., Հրայրը 9-րդ դասարանի աշակերտ էր: Դպրոցական էքսկուրսիա էր կազմակերպվել դեպի Կիև: Մեկնում էին գնացքով: Գնացքի թեյարանում ադրբեջանցիներից մեկը հայհոյեց հայերին: Հրայրը, չհանդուրժելով վիրավորանքը, ապտակեց վերջինիս, որից հետո վիճաբանություն սկսվեց: Կողքի սեղանի շուրջ նստած ստեփանակերտցի անծանոթ երիտասարդներն օգնության հասան Հրայրին: Հետագայում ընկերացան, իսկ մի քանի օր անց, երբ վերադարձան Արցախ, Հրայրը տղաների հրավերով մեկնեց Ստեփանակերտ: Նրան հայտնեցին, որ երեկոյան Զորի Բալայանի հետ հանդիպում է լինելու՝ միաժամանակ զգուշացնելով, որ այն խիստ գաղտնի է: Հանդիպումը կայացավ: Զորի Բալայանը թռուցիկների օրինակներ տվեց տղաներին՝ ասելով, որ ցանկալի է յուրաքանչյուրից հազար օրինակ արտագրել և փակցնել քաղաքի փողոցներում:

«Մենք ամբողջ գիշեր չքնեցինք: Մեծ ոգևորությամբ թռուցիկներ էինք պատրաստում ու տարածում: Այդ օրն առաջին անգամ ծնողներիս խաբեցի՝ ասելով, թե քննություններիս պատրաստվելու նպատակով Ստեփանակերտում եմ գիշերելու»,-հիշում է ազատամարտիկը:

1988 թ.-ի փետրվարի 22-ին Ասկերանում մեծ հանրահավաք էր, որին մասնակցում էին նաև Խանաբադ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ Հրայրի գլխավորությամբ: Աղդամից եկած ադրբեջանական հրոսակախմբերը, թալանելով ու քանդելով շեները, հասել էին Ասկերան:

«Հայրս, որ աշխատում էր Ասկերանում, մոտեցավ ու դիմեց ինձ. «Ինչո՞ւ եք գյուղը թողել անտեր, բոլորդ եկել այստեղ»: Գյուղում իսկապես ոչ ոք չկար: Երկու դասընկերներիս՝ Բաղդասար Խաչատրյանի և Արարատ Մինասյանի հետ անմիջապես վերադարձանք գյուղ, որսորդական հրացաններ վերցրինք, գնացինք դեպի գյուղի սահմանագծում գտնվող ֆերմա, դիրքավորվեցինք և սկսեցինք սպասել: Քիչ անց մի ավտոբուս թեքվեց դեպի մեր գյուղ, իսկ հետևից՝ ադրբեջանցի խուժանը, որը հանդիպել էր Ասկերանում հավաքված մարդկանց դիմադրությանը և շարժվել դեպի Խանաբադ: Մենք սկսեցինք կրակել: Դա իմ առաջին կրակոցն էր: Իհարկե, հեռավորությունը մեծ էր, մեր հրացանների փողերը դեպի երկինք էին ուղղված, բայց նրանք կանգ առան: Մեր համագյուղացիները վերադարձան Ասկերանից, իսկ ադրբեջանցի հրոսակները խուճապահար փախան»,- պատմում է զրուցակիցս:

Մարտիկը

1988 թ.-ից Հրայր Հովսեփյանն ուսանում էր Երևանի պետական բժշկական ինստիտուտում, թեև հոգով ու մտքով հայրենի Խանաբադում էր: 1991 թ.-ի հունվարն էր: Արցախից եկող լուրերը հանգիստ չէին տալիս բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանողին: Հունվարյան ձնառատ մի օր հանրակացարանից դուրս գալով՝ ծանոթ տղաների հանդիպեց: Ասացին՝ գնում են Գավառ, այնտեղից էլ՝ ուղղաթիռով Արցախ: Հրայրն առանց վարանելու միացավ խմբին և մեկնեց հայրենի եզերք: Երկու օր անց, դժբախտաբար, թշնամուն հաջողվեց գրավել հարևան Խրամորթ գյուղը: Հայկական կողմը վիրավորներ ուներ: Հանկարծ ավերված գյուղից խուճապահար փախչող ամբոխից մի տղա առանձնացավ ու մոտենալով Հրայրին՝ հայտնեց, որ մայրը ծանր վիրավոր է և անօգնական վիճակում գտնվում է Խրամորթում: Հայրապետ Օհանջանյանի ուղեկցությամբ Հրայրը գտավ ծանր վիրավոր կնոջը և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելով՝ փրկեց նրա կյանքը:

Հաջորդ օրը Հրայր Հովսեփյանը ներկայացավ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանին և նրա հրամանով ձեռնամուխ եղավ Ասկերանի բուժծառայության ստեղծմանը: Սանիտարական մեքենայի և անհրաժեշտ գույքի տրամադրումից հետո՝ կարճ ժամանակում, դաշտային հոսպիտալ բացազատվեց: Հստակ գիտակցելով բժշկի առաքելությունը, իր ներկայությունը հոսպիտալում՝ Հրայրը մտքերով առաջնագծում էր, այնտեղ մարտնչող զինվորի կողքին: Ադրբեջանցիները կրկին լայնածավալ հարձակում գործեցին՝ այս անգամ Քարագլուխ գյուղի ուղղությամբ: Ծանր մարտեր էին, վիրավորների թիվը մեծ էր: Հրայրը հրամանատարին խնդրեց իրեն փոխարինող գտնել հոսպիտալում, իսկ ինքը մնաց Խանաբադի ջոկատի հետ՝ մշտապես լինելով ամենաթեժ կետերում: Զրուցակիցս պատմում է, որ գրեթե ամեն ամիս թշնամին մեծածավալ հարձակումներ էր գործում հայրենի գյուղի ուղղությամբ, սակայն Խանաբադի ջոկատի տղաներն անօրինակ նվիրումով ու սխրանքով հետ էին մղում թշնամու բոլոր հարձակումները, անգամ ռազմավար կուտակում և ամրացնում դիրքերը:

Հրայրը մշտապես առաջնագծում էր: Նա զինվոր էր՝ պատրաստ թշնամուն ճզմելուն, բժիշկ, ով կյանքեր էր փրկում ու շարք վերադարձնում վիրավոր ընկերներին:

Նաև՝ թշնամու թիկունքում

Բժիշկ-ազատամարտիկ Հրայր Հովսեփյանը ոչ միայն մարտի դաշտում էր, այլև թշնամու թիկունքում: 1992 թ.-ի հունիսի 9-ին նա և Արթուր Հայրապետյանը Աղդամի «Գյոռուտ» կոչվող տեղանքով ներթափանցեցին թշնամու թիկունք՝ վերադառնալով կարևոր տեղեկություններով:

«Արևոտ օր էր, բայց առավոտից անձրև էր տեղում,- հիշում է ազատամարտիկը,- «Գյոռուտը» համարվում էր ադրբեջանցիների՝ այդ ուղղությամբ ամենաուժեղ դիրքն ու անմատչելի էր թվում: Ես փոքր-ինչ լարված էի: Մինչ օրս հիշում եմ Արթուրի խոսքերը. «Քեզ լապուխի պես պահի՛ր, որ ադրբեջանցիները չկասկածեն»: Նա մեծ փորձ ուներ և բոլոր գործողությունների ժամանակ տղաներին վստահություն էր ներշնչում, տիրապետում էր բոլոր զինատեսակներին: Առաջանալով թշնամու թիկունքում՝ հասանք մինչև շտաբ և վերադարձանք մեզ անհրաժեշտ տեղեկություններով: Արթուրը ճանապարհին մի տանկի վրա դանակով խաչ նկարեց: Օրեր անց ադրբեջանցիներն այդ տանկով, երկու ՀՄՄ-ով և մեծ կենդանի ուժով հարձակվեցին մեր դիրքերի վրա: Արթուրին հաջողվեց ականանետով շարքից հանել տեխնիկան, սակայն հերոսաբար զոհվեց: Ես հաշված րոպեների ընթացքում նրա կողքին էի, սակայն, ավա՜ղ, վերքերը մահացու էին»:

1993 թվականի աշնանը Հրայրը կրկին ներթափանցեց թշնամու թիկունք՝ մասնակցելով հատուկ առաջադրանքի: Մի կրակակետից անընդհատ կրակում էին Ստեփանակերտի ուղղությամբ: Առաջին հայացքից սովորական տանկ թվացող զինտեխնիկայի մասին անհրաժեշտ տեղեկություններով զինված՝ տղաները վերադարձան: Հաջորդ իսկ օրը հատուկ գործողությամբ հայկական կողմը գրավեց ադրբեջանցիների САУ կոչվող զինատեսակը, որը հեռահար կրակ էր վարում Ստեփանակերտի ուղղությամբ:

«Սաղավարտն ինչների՞ս է պետք, բժիշկը հետներս չի՞…»

Խանաբադի ջոկատի տղաները գիտեին՝ անգամ ամենաբարդ կետերում բժիշկն իրենց հետ է, և դա վստահություն էր ներշնչում մարտիկներին: Հերթական օպերացիայից առաջ տղաների համար սաղավարտներ բերեցին: Շատերն ընդդիմացան, թե դրա անհրաժեշտությունը չկա: Ջոկատի տղաներից Զավենն էլ ասաց՝ «Սաղավարտն ինչների՞ս է պետք, բժիշկը հետներս չի՞…»:

Բժիշկը…

«Անկախ գոյություն ունեցող կանոնակարգված չափանիշներից, թե բժիշկն առաջնագծից քանի կիլոմետր հեռավորության վրա պետք է լիներ, ես միշտ համոզված էի, որ բժիշկը պետք է հնարավորինս մոտ լինի առաջնագծին: Այդ առումով բոլորիս համար օրինակ էր Վալերի Մարությանը, ով իր խմբով լինում էր առաջնագծին մոտ տարբեր հատվածներում և հազարավոր կյանքեր փրկում»,- ասում է զրուցակիցս, ապա խոստովանում, որ անասելի ցավ էր զգում, երբ չէր հաջողվում փրկել վիրավորին, թեև բժիշկը մարտի դաշտում անում էր անհնարինը:

1993 թվականին՝ Աղդամի ազատագրումից հետ, Հրայրը նշանակվեց դաշտային հոսպիտալի պետ. «Վալերի Մարությանը մի քանի ամիս մնաց հոսպիտալում: Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի խաչմերուկում գտնվող հոսպիտալում բարդ վիրահատություններ էին կատարվում, բազմաթիվ կյանքեր փրկվում»:

1994 թվականի հունիսի 19-ին Աղդամի հոսպիտալում հերթական վիրահատություն էր: Հրայր Հովսեփյանն օգնում էր Վալերի Մարությանին: Այդ նույն պահին Սումմա-Գյուլուջա տեղամասում ծանր մարտեր էին: Հրայրը՝ տեղեկանալով, որ Խանաբադի ջոկատը ծանր կացության մեջ է, և վիրավորները շատ են, անմիջապես ուղևորվեց այնտեղ:

«Վիրավորները շատ էին: Ծանր օր էր, այնքան ծանր, որ անգամ չէի նկատել՝ ինչպես է ժամանակն անցել: Արդեն օրվա վերջն էր, երբ հերթական վիրավորին տեղափոխելով վտանգավոր հատվածից և հասցնելով բուժակ Ագոյի մոտ՝ ես հետ գնացի: Պատրաստվում էի սանիտարական մեքենան կարգի բերել, պատգարակը դրեցի, այդ պահին գնդացրի կրակահերթը հասավ ինձ»,- վերհիշում է Հրայրը:

Բժշկի վերքերը ծանր էին: Նրան տեղափոխեցին հոսպիտալ: Վալերի Մարությանն անհապաղ վիրահատեց. կյանքը փրկված էր: Հաջորդ առավոտյան Հրայր Հովսեփյանը տեղափոխվեց Երևան, ապա՝ Մոսկվա:

Մասնակի ապաքինվելուց հետո բժիշկ-ազատամարտիկը վերադարձավ շարք, իսկ 1997 թվականին զորացրվեց առողջության պատճառով: 2-րդ կարգի հաշմանդամ է:

Պարգևները

Հրայր Հովսեփյանի նվիրումը բարձր է գնահատվել թե՛ ժողովրդի, թե՛ պետության կողմից: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար 1994 թ.-ին նա պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով:

Ժամանակը ծնում է իր հերոսներին

Նախկին զինվոր չի լինում. բժիշկ-ազատամարտիկ Հրայր Հովսեփյանն այսօր էլ հաճախակի առաջնագիծ է այցելում՝ գոտեպնդելով, քաջալերելով սահմանապահ զինվորին. «Երբեմն ասում են՝ եթե այսօր մարտական գործողություններ սկսվեն, ոչ ոք չի մասնակցի: Իմ խորին համոզմամբ՝ առաջինը հենց նման կերպ մտածողները կլքեն երկիրը: Հուլիս-օգոստոսյան միկրոպատերազմի օրերին մենք տեսանք, թե որքան շատ էին այն մարդիկ, ովքեր առաջնագիծ գնալու պատրաստակամություն էին հայտնում: Դա է հայի տեսակը: Ես վստահ եմ՝ եթե անհրաժեշտ լինի, այսօր էլ տղաներն անվարան կմեկնեն՝ վտանգված երկիրը պաշտպանելու: Ժամանակը ծնում է իր հերոսներին: Այսօրվա հերոսը զինվորն է: Ես հաճախ եմ զրուցում դիրքապահ զինվորների հետ և հիանում եմ նրանց պատրաստակամությամբ ու խիզախությամբ:

Ժամանակին մենք անփորձ էինք, գրիչը փոխարինեցինք զենքով և գնացինք պատերազմ: Այսօրվա զինվորը պատրաստված է, նա բարձր գիտակցմամբ ու խիզախությամբ է կատարում իր մարտական խնդիրը: Ես հավատում եմ նրան: Բոլորիս պարտքն է լինել բանակի կողքին: Ես գնում եմ առաջնագիծ իմ հին զինվորական համազգեստով, գնում եմ՝ որպես զինվոր: Ինձ հետ տանում եմ իմ 4 որդիներին, ովքեր վաղը զինվոր են դառնալու»:

Հասմիկ Գյոզալյան

  • Hrayr 1
  • Hrayr 2
  • Hrayr 3
  • Hrayr 5
  • Hrayr 6
  • Hrayr 7