Վերադառնալու եմ շարք. ականի պայթյունից վիրավորված լեյտենանտը վճռական է տրամադրված

Օգոստոսի 28-ին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորում էին ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոծինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը:
21-ամյա լեյտենանտ Հովհաննես Կոծինյանն այս տարի է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: Վիճականահությունից հրաժարվել է և ինքնակամ ընտրել մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Արձակուրդից հետո նորաթուխ սպան համալրել է ԶՈւ շարքերը՝ ծառայության անցնելով իր ընտրած զորամասում:
Ընդամենը 2 օր անց տեղի ունեցավ միջադեպը, որի ժամանակ վտանգը լիովին գիտակցելով ու անտեսելով՝ օգնության շտապեց հրամանատարին:
«Քանի որ 2 օր առաջ էի ծառայության անցել, ինձ չէին ուզում բարձրացնել դիրքեր, ես իմ կամքով գնացի: Ինժեներական աշխատանքներն արդեն ավարտել էինք: Անձնակազմի հետ վերև էի բարձրացել: Գումարտակի հրամանատարը, վաշտի հրամանատարը, վարորդը մեզնից մոտ 20 մետր ներքև էին: Հանկարծ պայթյունի ձայն լսեցի: Շրջվեցի, տեսա, որ ական է պայթել, և պարոն փոխգնդապետի ոտքը վիրավոր է: Անձնակազմին ասացի՝ դուք տեղից չշարժվեք, ինքս իջա պարոն փոխգնդապետին օգնելու: 5-10 մետր իջա ներքև և… պայթեց երկրորդ ականը »:
Նկատելով, որ Հովհաննեսը ցանկանում է մոտենալ, նրան փորձել են կանգնեցնել, բայց…
«Չէի կարող չգնալ»,-ժպտալով պատմում է լեյտենանտը ու շարունակում.
«Զգուշացրեցին չմոտենալ: Բայց ես այդ պահին իմ մասին չէի մտածում: Մտածում էի օգնելու և հնարավորինս շուտ հրամանատարին այդ վայրից տեղափոխելու մասին: Հակառակորդը մոտ էր և ամեն վայրկյան կարող էր հարձակվել: Պարոն փոխգնդապետին դեռ չէի հասցրել ճանաչել, այդ զորամասում իմ ծառայության երրորդ օրն էր ընդամենը, սակայն հասցրել էինք զրուցել, իսկ միջադեպից կես ժամ առաջ հաց էինք կիսել: Անկախ նրանից` մարդուն լավ ես ճանաչում, թե ոչ, մարտական դիրքում բոլորը հարազատ են: Եթե անգամ չիմանայի ով է, ես այդ քայլին կգնայի: Ինձ համար այդ պահին էական չէին կոչումն ու պաշտոնը: Հայ էր և օգնության կարիք ուներ: Առաջինը դա է… Նեղության մեջ գտնվող հային պիտի օգնես, ոչ թե փախչես կամ վախենաս, թե մի փուշ էլ քո մատը կարող է մտնել»:
Վիրավորվելուց հետո Հովհաննեսն անմիջապես իր գոտին կապել է զարկերակին` արյունահոսությունը հնարավորինս դադարեցնելու նպատակով: Դասակի զինվորներին հրահանգված էր մոտ չգնալ: Վաշտի հրամանատարի, ապա և դիրքը պահող անձնակազմի օգնությամբ Հովհաննեսը տեղափոխվել է ավելի անվտանգ վայր: Առաջին օգնությունը ցուցաբերել է զորամասի բժիշկը, ապա անմիջապես մյուս վիրավորների հետ տեղափոխվել է Բերդի հոսպիտալ, այնուհետև հենց նույն գիշերը՝ Երևան:
Հովհաննես Կոծինյանը պայթյունի հետևանքով կորցրել է ձախ ոտքի մի մասը` ծնկից ներքև: Սակայն լավատեսությունն ու ոգու արիությունը չեն լքել իր կոչմանը նվիրված լեյտենանտին:
«Գիտեի, որ վտանգը միշտ կա: Գիտեի դեռ մասնագիտություն ընտրելիս: Ինժեների գործը միշտ ակաների հետ է: Միշտ չէ, որ մեր ճանպարհը հարթ է: Վաղ թե ուշ սա լինելու էր: Ես հոգեպես միշտ տրամադրել էի ինձ և չընկճվեցի»:
Լեյտենանտ Կոծինյանը սակրավոր է: Զինվորականի մասնագիտությամբ հետաքրքրված է եղել մանկուց: Դպրոցն ավարտելուն պես երազանքի հետքերով որոշել է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Երրորդ կուրսում 3 հնարավոր տարբերակներից ընտրել է սակրավորի մասնագիտությունը` ծնողների կամքին հակառակ:
«Երկու տարվա ընթացքում լուրջ հետաքրքրություն էր առաջացել: Թեպետ ինձ միշտ հետաքրքրել է պայթուցիկների ու ականների հետ աշխատելը: Ծնողներս համաձայն չէին իմ ընտրության հետ, սակայն երբ հասկացան, թե որքան մեծ է ցանկությունս, զիջեցին»:
Ոգեշնչվել է Մոնթեի կերպարով: Հերոսի մասին պատմող գրքեր է կարդացել, ֆիլմեր դիտել, հիացել հատկապես Մոնթեի մարտավարությամբ , զորքը ղեկավարելու և անձնակազմի հետ շփվելու եղանակով:
Ուսման ընթացքում էլ Հովհաննեսը հաջողություններ է ունեցել: Մասնակցել է կուրսանտական դասընթացների, ձեռքի տակ եղած միջոցներով ականադաշտերը հաղթահարելու տարբերակներ առաջարկել:
«Սովորական պլաստմասե շշերով և տախտակով տարբերակ էինք առաջարկել: Աշխատանքը կատարել էինք ես և դասախոսս՝ մայոր Ժոզեֆ Միրզախանյանը: Այն կազմված էր սովորական տախտակի կտորից, որի կողքերից կպչուն ժապավենով 6-ական շիշ էինք ամրացրել: Դրանով հնարավոր է ոտքը հեռացնել ականից: Բանաձևով ապացուցել էինք, որ ինչքան ոտքը հեռու է ականից, հարվածի ուժը փոքրանում է, կոտրվում է միայն փայտը: Սա միանգամայն կիրառելի տարբերակ է, քանի որ իրերը հեշտությամբ կարելի է ձեռք բերել, բացի դրանից չափազանց հեշտ է նաև պատրաստման եղանակը»:
Երիտասարդ սպան գերազանց է պատկերացնում իր դժվարին առաքելությունը, հաջողության ամենակարևոր պայմաններից մեկը համարում զինվոր-սպա ճիշտ կառուցված փոխհարաբերությունները.
«Սպան պիտի միշտ հոգատար լինի զինվորի նկատմամբ: Զինվորն էլ իր հերթին երբ զգում ու տեսնում է այդ հոգատարությունը, այն փոխադարձ է դառնում: Դա ավելին է, քան հրամանանատար-ենթակա հարաբերությունները: Եթե զինվորին վերաբերվես որպես հարազատի, նույն պատասխանն էլ իրենից կստանաս»:
Խոսելով օգոստոսյան իրադարձությունների մասին՝ զրուցակիցս նշում է.
«Հակառակորդն այս անգամ էլ հարձակվեց՝ վախկոտ շնագայլի նման: Վախենում են բացեիբաց հարձակվել, մոտենում, կծում են ու փախչում: Սա պարտվածի հոգեբանություն է: Իրենց այսօրվա գեներալները ջարդված ու փախած, պարտված բանակի գեներալներ են»:
Հովհաննեսն այս պահին Վանաձորում է: Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ոտքը կպրոթեզավորեն: Իսկ մինչ այդ պատմում է նաև բուժանձնակազմի մասին.
«Բոլոր վիրավորներիս բուժել են լավագույն մասնագետներ: Դեռ մի քանի օր էր՝ պառկած էի հոսպիտալում, արդեն էական փոփոխություն էի զգում: Ջերմ վերաբերմունքի են այստեղ արժանանում թե սպաները, թե շարքային զինծառակողները: Հոգատարություն եմ զգացել թե վերակենդանացման բաժնում, թե հիվանդասենյակում»:
Լեյտենանտը ապաքինվելուց հետո ծառայությունն ամեն գնով շարունակելու նպատակ ունի:
«Այս միջադեպը լուրջ փոփոխություն չի առաջացրել, որ ընտրությունս փոխեմ կամ հրաժարվեմ ծառայելուց: Միգուցե այլևս չկարողանամ սահմանային զորամասում ծառայությունս շարունակել, բայց կշարունակեմ ծառայել ազգային բանակում և գիտելիքներս կփոխանցեմ զինվորներին»:

Հասմիկ Գյոզալյան