«Երեխաների վերածնունդ»

Բժշկական գիտությունների թեկնածու, վնասվածքաբան-օրթոպեդ, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության հիմնադիր, «Երեխաների վերածնունդ» ՀԿ նախագահ Կարեն Քոլոյանը մասնագիտական գործունեությունը սկսել է ՌԴ Պոչեպի Կենտրոնական տարածքային հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում: 1984 թ. տեղափոխվելով Հայաստան՝ աշխատանքի է անցել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի մանկական օրթոպեդիայի բաժանմունքում: Ղեկավարել է Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցային համալիրի մանկական օրթոպեդիայի, թիվ 3 համալսարանական հիվանդանոցի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքները: 2007-ից «Արաբկիր» ԲՀ Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավարն է:

-Օրթոպեդիան ինքնին արվեստ է: Ես այն համեմատում եմ նկարչության հետ: Ինչպես նկարիչն է վերցնում վրձինը, նախ մտովի պատկերացնում կտավը, ապա սկսում ստեղծագործել, այնպես էլ օրթոպեդը, յուրաքանչյուր վիրահատություն նախ մտովի է պատկերացնում, ապա սկսում է… և հետագայում տեսնելով իր կատարած աշխատանքի արդյունքը՝ հիվանդ երեխայի «վերածնունդը», հպարտություն, բերկրանք է ապրում: Երբ երեխան, որ նախկինում երբեք չէր քայլել, որին գրկած կամ անվասայլակով էին բերել քեզ մոտ, վիրահատվելուց, բուժվելուց հետո իր ոտքով գալիս է դեպի քեզ, գրկում ու համբուրում, դա արդեն անմեկնելի երանություն է…

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այդքան շուտ մերվել, ընկերանալ երեխայի հետ:

…Պետք է համբերություն ունենաս, շահես երեխայի վստահությունը. եթե բուժումը հակառակ նրա կամքի սկսես, այնպես կգոռգոռա, ոտքերը գետնին կդոփի, որ ոչինչ չես կարողանա անել: Ես նրան նստեցնում եմ ծնկներիս և սկսում եմ ամենայն մանրամասնությամբ բացատրել՝ ինչը ինչպես եմ անելու, որպեսզի բուժեմ իրեն: Խոսում եմ նրա հետ, ինչպես հավասարը հավասարի հետ կխոսեր, իր լեզվով, որ ինձ ընդունի, հավատա, վստահի: Եվ հավատացեք, երեխան զգում է, որ ես իրեն չեմ խաբում ու ընկերանում է ինձ հետ:

Մենք աշխատում ենք երեխաներին ցավ չպատճառել, այլ ազատել ցավերից, որպեսզի նրանք ոչ թե փախչեն մեզանից, այլ ցանկանան վերադառնալ մեզ մոտ: Հաշմանդամ երեխաներին օգնելու, բուժելու նպատակով ես ստեղծեցի «Փյունիկ»միությունը: Հիշում եմ՝ 1989 թ. երկրաշարժից տուժած 11 երեխայի ճամբար տարանք՝ Սևանի ափ, ու նկատեցինք՝ ինչպիսի բարերար ազդեցություն ունեցավ այդ հանգիստը նրանց առողջության, ինքնազգացողության, հոգեբանության վրա: Ոգևորվելով արդյունքներից՝ ձմեռային ճամբար էլ կազմակերպեցինք: Մեզ օգնեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական ֆոնդը:

-Ե՞րբ եք կատարել առաջին ինքնուրույն վիրահատությունը:

Հիմա երևի չհիշեմ, բայց կարող եմ ասել՝ երբ եմ զգացել առաջին հաղթանակը վիրահատությունից հետո:

ԱՄՆ-ի նշանավոր բժիշկներից Մայք Սասմանը երկրաշարժից հետո երկու անգամ եկավ Հայաստան և բազմաթիվ վիրահատություններ կատարեց: Այդ ընթացքում մենք մտերմացանք: Ամերիկա վերադառնալուց մի քանի տարի անց նա հրավիրեց ինձ՝ Պորտլենդի՝ իր ղեկավարությամբ գործող լավագույն կլինիկաներից մեկում վերապատրաստվելու: Ես սիրով ընդունեցի նրա հրավերը և ընտանիքիս հետ մեկնեցի Պորտլենդ: Սասմանը զբաղվում էր մանկական ուղեղային կաթվածների բուժմամբ. նրանից և՛ սովորում էի, և՛ աշխատում: Հենց այնտեղ էլ որոշեցի Հայաստան վերադառնալուն պես զբաղվել մանկատներում ապրող հիվանդ երեխաներին բուժելով, և այդպես էլ արեցի: Իմ ամենաերջանիկ օրերից մեկն էլ այն օրը եղավ, երբ մանկատնից բերված երեխան բարեհաջող վիրահատությունից հետո ապաքինվեց… Ավելի մեծ երջանկություն անգամ չէի կարող պատկերացնել:

1994 թվականից Կարեն Քոլոյանի գլխավորությամբ մի խումբ բժիշկներ մեկնում են Հայաստանի, Արցախի մանկատներ, հավաքագրում ուղեղային կաթվածով հիվանդ կամ հաշմանդամ երեխաներին, նրանց մի մասին բերում Երևան, վիրահատում, բուժում, իսկ Արցախի, Գյումրիի մանկատան երեխաներին վիրահատում են տեղի հիվանդանոցներում:

-Տասը տարիների ընթացքում 100-ից ավելի հիվանդ երեխաների ենք վիրահատել: Սակայն երեխայի լիարժեք ապաքինման գործում չափազանց կարևոր էր նաև հետվիրահատական խնամքը, վերականգնողական բուժումը, այլապես մեր բոլոր ջանքերը կլինեին: …Սպիտակի մանկատանը երեխաների խնամքով զբաղվում էին Մայր Թերեզայի գթության քույրերը, որոնք համակ ուշադրությամբ, սիրով, հոգատարությամբ էին վերաբերվում երեխաներին, ոչ միայն խնամում էին ու կերակրում, այլև զբաղվում էին նրանց դաստիարակությամբ, ջանում էին, որ նրանց հոգեկան աշխարհը խաղաղ, կայուն լինի:

-Պարոն Քոլոյան, ունե՞ք չիրականցված երազանքներ:

-Երազում էի գոնե մեկ անգամ Մարաթոնյան վազքի մասնակցել (դպրոցի ավարտական դասարանում մասնակցել եմ վազքի մրցումներին և գրավել առաջին տեղը, դարձել Հայաստանի չեմպիոն… այսօր արդեն առողջությունս թույլ չի տալիս զբաղվել սպորտով): Մյուս երազանքս ԱՄՆ-ում գործող օրթոպեդիկ կլինիկաների նման մի հիվանդանոց էլ մեզ մոտ ստեղծելն է, որտեղ բուժսպասարկումր կիրականացվի ամենաբարձր մակարդակով և անվճար, ու բոլոր երեխաները հնարավորություն կունենան բուժվելու: Այսօր ես երազում եմ, ինչու ոչ, նաև ծրագրում, գնալ աֆրիկյան որոշ երկրներ և մանկական օրթոպեդիական կլինիկա հիմնել նաև այնտեղ, բուժել հիվանդ երեխաներին, դասախոսություններ կարդալ:

Մեզ հաջողվել է Հայաստանում մանկական օրթոպեդիան բարձր հիմքերի վրա դնել: Անցնելով ավերիչ երկրաշարժի, պատերազմի միջով՝ մենք մեծ փորձ ենք ձեռք բերել:

-Արցախյան պատերազմի տարիներին Դուք նույնպես մեկնել եք Արցախ և Ձեր մասնագիտական կարողությունները ծառայեցնելով՝ բազմաթիվ վիրավորների փրկել:

Առաջին անգամ Ալբերտ Եսայանի հետ մեկնեցի Գետաշեն… Հաջորդ անգամ Վիգեն Մարգարյանի, Աշոտ Աղաբաբյանի հետ ուղղաթիռով թռանք Քոլատակ: Երբ հասանք, արդեն գիշեր էր: Մեզ ավտոմեքենայով հասցրին Ստեփանակերտ: Առաջին գիշերն անցկացրինք Սամվել Գևորգյանի տանը: Առավոտյան շուտ արթնացանք: Ես դուրս եկա բակ և սկսեցի ուշադիր զննել շրջապատը: Այնքան խաղաղ էր, այնքան գեղեցիկ, ու դժվար էր պատկերացնել, որ այդտեղ պատերազմ է… Մենք նախաճաշեցինք և գնացինք մարզային հիվանդանոց: Այնտեղ ընդամենը մեկ վիրասրահ էր գործում: Մենք առաջարկեցինք ավելացնել ևս երկուսը, և ինքներս երկու սենյակ ընտրելով՝ կահավորեցինք այն անհրաժեշտ սարքավորումներով: Նույն օրը՝ ժամը 16.00-ի սահմաններում, հակառակորդը սկսեց գնդակոծությունը, և րոպեներ անց բերեցին վիրավորներին: Այդ օրը հագա համազգեստս և մեկ ամիս այն չհանեցի: Վիրահատում էինք մարտի դաշտից բերված ազատամարտիկներին, վիրավոր բնակիչներին (նրանց մարմիններից հանված զենքերի փամփուշտները, արկերի բեկորները՝ որպես ծանր հուշեր, այսօր էլ պահում եմ ինձ մոտ՝ մի փայտյա տուփի մեջ):

Ստեփանակերտում ծանոթացա, աշխատեցի Վալերի Մարությանի հետ, և հոսպիտալի հիմնադրման գործում ես նույնպես իմ ներդրումն ունեցա: Ականատես եղա Խոջալուի ազատագրմանը և փափագում էի իմ աչքերով տեսնել՝ ինչպես են ազատագրում Շուշին, բայց Շուշիի ազատագրման օրերին, ցավոք, ես այնտեղ չէի…

Արցախյան պատերազմի տարիներին շատ մասնագետներ եկան մեզ օգնության, մեզ հետ աշխատեցին, սովորեցրին: Նրանցից ոմանք էլ մնացին Հայաստանում և այսօր էլ հրաշքներ են գործում, ինչպես Հրայր Հովակիմյանը:

-Իսկ ո՞վ է Կարեն Քոլոյանը և ի՞նչ նշանաբան ունի կյանքում:

-Մարդ, որը քնում, արթնանում է մի մտայնությամբ՝ հիվանդ երեխաներին բուժելու, և «երեխաների վերածնունդ»է երազում…

-Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:

-Մարդիկ բազմազան են: Շատ անհետաքրքիր կլիներ կյանքը, եթե բոլորս իրար նման լինեինք: Բայց ով էլ լինի, ես նրա մեջ փնտրում ու գնահատում եմ բարությունը, ազնվությունը: Մարդը պետք է ազնիվ լինի և՛ իր, և՛ միջավայրի նկատմամբ:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)