Հայ-լեհական համագործակցություն

Փետրվարի 15-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի հրավերով և նրա ուղեկցությամբ այցելեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ, որտեղ նրանց դիմավորեցին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, լեհ բարերարներ, «Կոլպակ» ՍՊԸ-ի տնօրեն Սլավոմիր Բիենը և «Լյուբավա Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Ռուխը:

Մանկատուն կատարած այցելությունը նշանավորվեց լեհ բարերարների կողմից հերթական նվիրատվությամբ: ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին գոհունակությամբ նշեց, որ երեխաների նկատմամբ հոգատարությունը կապում է հայ և լեհ ժողովուրդներին: Հայ-լեհական համագործակցության շրջանակում այս նախաձեռնությունը միակը չէ, որ լեհ բարերարներին կապում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ին. արդեն մի քանի տարի է, ինչ այդտեղ «Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ, լեհահայ բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ գործում է ատամնաբուժական կաբինետ:

«Լյուբավա Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Ռուխն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, նրա տիկնոջը՝ Յադվիգա Նովակովսկային և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ նշելով, որ առանց նրանց աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել հերթական նախաձեռնությունը:

«Քաջատեղյակ լինելով Ձեր հասարակական ակտիվ գործունեության, զինվորին, քաղաքացիներին աջակցելու, օգտակար լինելու Ձեր պատրաստակամության, ինչպես նաև Ձեր մեծ, բարի սրտի մասին, ցանկացանք, որ Դուք այսօր նույնպես ներկա լինեք այստեղ»,- դիմելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ ասաց Յադվիգա Նովակովսկան:

Ռուզաննա Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով վստահության և հրավերի համար, նշեց, որ 2015 թվականի հոկտեմբերին «Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ, լեհահայ բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հրավերով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ. .

«Ինձ ի սկզբանե հետաքրքրեց այդ ծրագիրը, քանի որ ատամնաբուժական ծառայությունը սպասարկում է հաշմանդամություն ունեցող, անգամ անկողնային վիճակում գտնվող երեխաներին: Եվ քանի որ մենք նույնպես ունենք ծանր հաշմանդամություն ունեցող զինծառայողներ, համագործակցության շրջանակում կփնտրենք ուղիներ՝ մեր գործընկերների փորձը ռազմաբժշկական ծառայության մեջ ներդնելու համար»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Յադվիգա Նովակովսկան նշեց, որ Հայաստան ժամանելուն պես բարեգործական ծրագրերով զբաղվելու մեծ ցանկություն է ունեցել:

«Իմանալով, որ լեհահայ ատամնաբույժ Ջուլիետա Կիվորկովան ատամնաբուժական կաբինետ է հիմնել մանկատանը, ցանկացա, որ այդ բարի ավանդույթը շարունակական լինի: Փորձեցի Հայաստանը ներկայացնել լեհ ձեռներեցներին և շահագրգռել նրանց, որպեսզի այստեղ ևս բարեգործական ծրագրեր իրականացնեն: Հայ և լեհ ժողովուրդներին կապում են դարավոր բարեկամությունը և ավանդույթները,- ասաց Յադվիգա Նովակովսկան և հավելեց,- ես տիկին Օհանյանի հետ զրուցել եմ այս նախաձեռնության մասին: Նրա մեծահոգությունը, կարիքավորներին աջակցելու պատրաստակամությունը միավորեցին մեզ: Միգուցե ոչ բոլորը նկատեցին, բայց տիկին Օհանյանը նույնպես նվիրատվություն արեց ատամնաբուժական կաբինետին»:

Ներկաները շրջեցին մանկատան խմբասենյակներում, նվերներ հանձնեցին երեխաներին:

Նշենք նաև, որ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին և լեհ բարերարները «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Հանուն զինվորի առողջության» ծրագրին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:

Հասմիկ Գյոզալյան

  • 403e
  • 404
  • despan
  • 409
  • 401
  • 410
  • 414
  • 413
  • 406a
  • 408
  • _Z2B5708 (Medium)
  • _Z2B5469 (Medium)
  • _Z2B5724 (Medium)
  • _Z2B5672 (Medium)
  • _Z2B5783 (Medium)