«Պարտավոր ենք առաջ գնալ ժամանակին համաքայլ»

ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկան՝ միակը Զինված ուժերում, 2 տասնամյակից ավելի պատմություն ունի: Բուժհաստատության անցած ճանապարհի, գործառույթների, ամբուլատոր բժշկական ծառայության կազմակերպման, ձեռքբերումների և այլ թեմաների շուրջ զրուցել ենք ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի պետ, բուժծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանի հետ:

– Պարո՛ն փոխգնդապետ, խնդրում եմ՝ համառոտ անդրադարձ կատարե՛ք ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի կազմավորման պատմությանը:

– Ինչպես զինվորական բոլոր ծառայությունները, ռազմաբժշկական ծառայությունը ևս ստեղծվեց ժամանակի պահանջով և հայրենիքի կանչով: Մարտի դաշտում յուրաքանչյուր զինվոր պետք է ներշնչված լինի վստահությամբ, հավատով, որ թիկունքում կամ անմիջապես իր կողքին իրենց ծառայությունն են իրականացնում զինվորական բժիշկները, ովքեր ևս հայրենյաց պաշտպաններ են՝ կոչված մարդկային կյանքեր փրկելու: ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը դժվարին և ծանր ուղի է անցել՝ վերելքներով, վայրէջքներով, իսկ այսօր, հուրախություն բոլորիս, ունենք կայացած ռազմաբժշկական կառույց:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի անցած ճանապարհին, այն ստեղծվել է դեռևս 1994 թ.-ի մարտի 15-ին՝ որպես կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին կից ստորաբաժանում, երբ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Երևանի երկաթուղայինների հիվանդանոցը և պոլիկլինիկան ՀՀ Կառավարության՝ 1993 թ.-ի դեկտեմբերին ընդունած որոշման համաձայն` վերաենթարկվեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը: 1996 թ.-ի հունվարին ՊՆ կենտրոնական հոսպիտալի պոլիկլինիկան վերակազմավորվեց որպես առանձին զորամաս՝ վերանվանվելով ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կենտրոնական պոլիկլինիկա: 2000 թ.-ից՝ տեղակայման վայրը փոխելուց հետո առ այսօր, այն գտնվում է Շիրվանազդեի 21 հասցեում՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալին կից մասնահարկում:

– Ի՞նչ ծառայություններ են իրականացվում Ձեր ղեկավարած բուժհաստատությունում:

– Տարիներ շարունակ կենտրոնական պոլիկլինիկան իրականացրել է ամբուլատոր բժշկական ծառայություն համապատասխան կոնտինգենտի համար և բազմաֆունկցիոնալ ծառայություններ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում՝ սկսած բուժպրոֆիլակտիկ աշխատանքներից, հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումից, դրանց նախնական ախտորոշումից մինչև հոսպիտալացում:

Կենտրոնական պոլիկլինիկայում գործում են երեք բաժանմունքներ՝ վիրաբուժական, թերապևտիկ և ատամնաբուժական, որտեղ իրենց ծառայությունն են իրականացնում հմուտ և բարձրակարգ մասնագետներ: Բացի վերը նշված բաժանմունքներից այստեղ գործում են նաև կլինիկական լաբորատորիա, ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտության կաբինետներ, դեղատուն, որը դիսպանսեր հաշվառման մեջ գտնվող զինծառայողներին մշտապես ապահովում է անվճար դեղորայքով: Վիրաբուժական բաժանմունքը համալրված է համապատասխան մասնագետներով՝ վիրաբույժ, վնասվածքաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, գինեկոլոգ, ակնաբույժ, ուրոլոգ: Թերապևտիկ բաժանմունքը ևս համալրված է նեղ մասնագետներով՝ բժիշկ-սրտաբան, ֆթիզիատոր, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, մաշկավեներաբան, մանկաբույժ, որն, ի դեպ, միակն է և սպասարկում է զինծառայողների ընտանիքների անդամ երեխաներին: Ատամնաբուժական 2 կաբինետներում իրականացվում է ատամնաբուժական ծառայություն բոլոր զինծառայողների և նրանց հավասարեցված կոնտինգետնի համար:

– Կենտրոնական պոլիկլինիկայի կողմից մատուցվող ծառայություններից ովքե՞ր են օգտվում:

– Նախ նշեմ, որ 2009 թ.-ին կենտրոնական պոլիկլինիկան հիմնանորոգվել է, և այսօր էլ բոլոր աշխատասենյակներում ստեղծված են պայմաններ՝ հիվանդներին պատշաճ մակարդակով սպասարկելու համար:

Պոլիկլինիկայի առջև դրված են հետևյալ խնդիրները.

· Բոլոր զինծառայողներին և նրանց հավասարեցված կոնտինգենտին սահմանված կարգով ցուցաբերել մասնագիտացված և որակավորված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն:

· Անհետաձգելի բուժօգնություն բոլոր կարիքավորներին:

· Ստացիոնար բուժման կարիք ունեցող անձանց ընտրություն, նախապատրաստում և ուղեգրում համապատասխան բուժհաստատություններ:

· Հետհոսպիտալային շրջանում վերականգնողական բուժում՝ հետագա փորձաքննությամբ:

· Տարեկան մեկ անգամ կցագրված կոնտինգենտի դիսպանսերիզացիա:

· Կցված զորամասերի բուժծառայություններին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում նախորոշված միջոցառումների հարցում: Նշված զորամասերում բուժպրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպում և հիվանդ զինծառայողների վաղաժամ հայտնաբերում(ի դեպ՝ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել այն):

· Զինծառայողներին և նրանց հավասարեցված կոնտինգենտին անհրաժեշտության դեպքում տնային պայմաններում հետազոտում և բուժում:

· Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրում և ժամկետների երկարացում:

· Ռազմական և քաղաքացիական սանիտարահամաճարակային ծառայությունների հետ համատեղ հակահամաճարակային միջոցառումների անցկացում:

· Առողջ ապրելակերպի և հիգիենիկ գիտելիքների քարոզում:

· Գիտական, նորարարական և ռացիոնալիստական աշխատանքի վարում:

Պետք է նշեմ նաև, որ կենտրոնական պոլիկլինիկան իրականացնում է ՌԴ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների բուժզննումները, ազատամարտիկների, զինհաշմանդամների, զինթոշակառուների բուժզննումը և ուղեգրումը հանրապետության բուժհիմնարկներ՝ ստացիոնար բուժում ստանալու համար: Այստեղ են իրականացվում նաև պայմանագրային զինծառայության անցնելու կապակցությամբ, ինչպես նաև տարիքային սահմանին հասած զինծառայողների առողջական վիճակի փորձաքննությունները: Պոլիկլինիկայի գործառույթներից է տարբեր երկրներ(Կոսովո, Իրաք, Աֆղանստան) խաղաղապահ առաքելության մեկնող զինծառայողների՝ խորացված բժշկական հետազոտությունների իրականացումը, որպեսզի լիովին բացառվի առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին: Մեկնելուց առաջ կատարվում են նաև համապատասխան վակցինացիաներ: Բժշկական հետազոտություններ իրականացվում են նաև նրանց վերադարձից հետո՝ տարբեր երկրներից վիրուսների և հիվանդացությունների ներթափանցումը կանխելու նպատակով: Այս առումով մեր աշխատանքները բավականին արդյունավետ են:

– Ինչպե՞ս է իրականացվում պոլիկլինիկայի համագործակցությունը զորային օղակի բուժծառայության հետ:

– Մենք պարբերաբար այցելում ենք պոլիկլինիկային կցագրված զորամասեր՝ աջակցելու, գործնական օգնություն ցուցաբերելու երիտասարդ զինվորական բժիշկներին, մեր փորձը կիսելու նրանց հետ: Զորամասերի հետ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Կամավոր Խաչատրյանի ցուցումով և հսկողությամբ ավելի ամուր հիմքերի վրա է դրվել, և նկատելի են դրական տեղաշարժեր:

– Ո՞րն եք համարում Ձեր ղեկավարած կառույցի ամենակարևոր ձեռքբերումը:

– Կենտրոնական պոլիկլինիկայի բուժանձնակազմը կուռ թիմ է, որը պատվով է կատարում իր առջև դրված բարդ խնդիրները: Մեր բժիշկներն աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և մարդկային առաքինություններով, ունեն երկար տարիների փորձ: Մենք առաջնորդվում ենք «Հիվանդի հետ վարվի՛ր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեր մեկ այլ բժիշկ» կարգախոսով՝ մասնագիտական գիտելիքներից զատ անչափ կարևորելով նաև բժշկական էթիկան: Ըստ այդմ՝ կարողանում ենք բարձր մակարդակով իրականացնել մեր ծառայությունը:

Ինչ վերաբերում է նյութատեխնիկական հագեցվածությանը, այն կգնահատեի բավարար: Տարիների ընթացքում, հատկապես վերջին ժամանակներում մենք ձեռք ենք բերել մի շարք սարքավորումներ, սակայն ժամանակակից բուժսարքավորումներով հագեցվածության խնդիրը մշտապես արդիական է. բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ, և մենք պարտավոր ենք առաջ գնալ ժամանակին համաքայլ:

– Պարո՛ն փոխգնդապետ, 2014 թ.-ի հոկտեմբերին կայացած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի արտասահմանցի մասնակիցները հիացմունքով էին արտահայտվել մեր բանակի ռազմաբժշկական ծառայության մասին՝ նշելով, որ չնայած երիտասարդ տարիքին՝ այն կայացած է և օրինակելի: Կանգնած լինելով ռազմաբժշկական ծառայության ստեղծման ակունքներում՝ Դուք ևս Ձեր վաստակն ունեք…

– Նախ պետք է նշեմ, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան», որի անմիջական ջանքերով կազմակերպվեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը, մեծ ձեռքբերում է մեզ համար: Ուրախալի և ողջունելի է ասոցիացիայի գործունեությունը: Ինչ վերաբերում է գիտաժողովին, ապա այն իսկապես աննախադեպ էր թե՛ ծավալով, թե՛ կազմակերպչական առումներով: Ինքս մեծ ուշադրությամբ հետևել եմ տարբեր երկրներից ժամանած մասնագետների արձագանքներին: Նրանց զարմանքն ու հիացմունքն ինչ-որ տեղ բնականոն են. մեր բուժծառայությունն ընդամենը 24 տարեկան է, սակայն որակական առումով չի զիջում եվրոպական երկրների, Ռուսաստանի Դաշնության ռազմաբժշկական ծառայություններին: Այսօր ծառայության մեջ գտնվող բժիշկները, բուժքույրերը, ովքեր պատերազմի բովով են անցել, զինվորական բժիշկների ամենալավ սերունդն են: Նրանք պետք է օրինակ լինեն երիտասարդ մասնագետների համար: Մեր պատերազմը չի ավարտվել, անելիքներ դեռ շատ ունենք:

Ռազմաբժշկական ծառայությանը մաղթում եմ նոր ձեռքբերումներ, հայոց բանակին և հայոց աշխարհին՝ խաղաղություն ու հաղթանակներ:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9