«Այստեղ ամեն հիվանդ զինվորին բուժելիս… հաղթանակի բերկրանք եմ զգում»

Սուրբ Սարգսի տոնի նախօրեին (2015 թ.) ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալը հյուրընկալել էր «Ռոտոնդա» թատերախմբին: Բոլոր բաժանմունքներից հիվանդները հավաքվել էին թերապիայի բաժանմունքի սրահում և դիտում էին ներկայացումը, իսկ թերապիայի բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Նելլի Օհանյանը, զինվորների թիկունքում կանգնած, նրանց էր հետևում և լսելով զինվորներից մեկի՝ իրեն հարազատ Սիսիանի բարբառը՝ կամացուկ հարցրեց զինվորին. «Սիսիանի՞ց ես…»: «Այո՛»,- պատասխանեց զինվորը և փոքրիկ «հարցաքննությունից» հետո բացահայտեց, որ երիտասարդ բժշկուհին Սիսիանում բոլորի կողմից սիրված, վաստակաշատ ուսուցչուհու՝ Ջուլիետա Հայկազովնայի դուստրն է:

– Օրեր առաջ մի հիվանդ զինվոր էին բերել Երևանի կայազորային հոսպիտալ,- մեզ հետ զրույցի ժամանակ պատմեց Նելլի Օհանյանը,- զննեցի նրան և ուղարկեցի ֆլյուորոգրաֆիայի: Հասնելով դռների մոտ՝ զինվորը շրջվեց ու ասաց ինձ. «Բժշկուհի՛, Ջուլիետա Հայկազովնային կբարևեք…»:

– Դուք նույնպե՞ս Ջուլիետա Հայկազովնայի աշակերտն եք եղել:

Ո՛չ, ես ռուսական դպրոցում եմ սովորել, իսկ մայրս 45 տարի ռուսերեն է դասավանդել Սիսիանի թ. 3 միջնակարգ դպրոցում:

Մայրս մեծացել է Ուզբեկստանում: Երբ եկել է Հայաստան, հայրս, նկատելով նրան՝ գեղեցիկ, բոլորից տարբեր, սիրահարվել է, սիրել են միմյանց ու ամուսնացել: Ծնվել ենք մենք՝ 4 քույրերս, և երբ արդեն դպրոց պիտի գնայինք, մեր տանը տարաձայնություններ են սկսվել: Հայրս պնդել է, որ իր աղջիկները հայկական դպրոցում սովորեն, մայրս առարկել է, քանի որ ինքը ռուսախոս էր և տնային առաջադրանքները կատարելիս չէր կարողանա մեզ լիարժեք օգնել: Ի վերջո, եկել են համաձայնության. մեզանից երկուսը ռուսական դպրոց են հաճախել, երկուսը՝ հայկական: Հայրս խոստացել է, որ ինքը կօգնի քույրերիս, բայց նա մասնագիտությամբ շինարար էր, մասնակցում էր շենքերի նախագծման, կառուցման աշխատանքներին և մեծ մասամբ տանը չէր լինում…

Միմյանց թև ու թիկունք դարձած՝ ծնողներս ջանքեր չեն խնայել, որ մեր մանկությունը, պատանեկությունը գունեղ, հետաքրքիր անցնեն: Չորսս էլ երաժշտական դպրոց ենք ընդունվել. մեծ քույրս՝ դաշնամուրի բաժին, երեքս՝ քանոնի: Ես շատ էի սիրում իմ գործիքը, և երբ բեմ էի դուրս գալիս՝ քանոնը ձեռքիս, ու նվագում էի միջոցառումների ժամանակ, զգում էի, որ մարդիկ լսում են ինձ, որ իմ նվագը գրավել է նրանց…

– Եթե այդքան սիրում էիք Ձեր երաժշտական գործիքը, բեմը, ինչո՞ւ քանոնահար չդարձաք:

-5 տարի սովորել եմ քանոնի բաժնում, ևս 2 տարի՝ դաշնամուրային: Երբ դպրոցի ավարտական դասարանում էի սովորում, երաժշտական դպրոցի տնօրենը եկավ մեր տուն և համոզում էր ծնողներիս, որ ուսումս շարունակեմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, քանոնահար դառնամ: Հայրս պատասխանեց, որ ես պիտի որոշեմ, իսկ ես դեռևս 5 տարեկանից շատ վճռական էի տրամադրված. «Բժշկուհի եմ դառնալու… և վերջ»:

Ճիշտ է, դպրոցական տարիներին ամեն ինչ հետաքրքրում էր ինձ, տարբեր խմբակների եմ հաճախել՝ ձեռագործություն, պար, վոլեյբոլ (7 տարի), երազում էի գեղասահքի չեմպիոն դառնալ (իսկ Սիսիանում նույնիսկ սահադաշտ չկար, որտեղ կարող էի մարզվել), բայց բժշկուհի դառնալու երազանքը վեր էր ամեն ինչից, ինձ այլ դերում երբեք չեմ պատկերացրել:

– Կարծո՞ւմ եք՝ ի վերուստ նախանշվո՞ւմ է մարդու ճանապարհը, թե՞ մենք ենք այն հարթում կամ գուցե կորցնում ենք:

Չեմ կարող ասել, բայցայն ամենը, ինչին հասել եմ, ես ձեռք եմ բերել մեծ դժվարություններով, հետևողական ու անտրտունջ ջանքերի շնորհիվ. ինձ երբեք ոչինչ հենց այնպես չի տրվել… Դպրոցի ավարտական դասարանում սկսեցի ինքնուրույն պարապել, չդիմեցի կրկնուսույցների օգնությանը և իմ համառության շնորհիվ ընդունվեցի Բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետ, հետբուհական կրթությունը շարունակեցի կլինօրդինատուրայում՝ստանալով ընտանեկան բժշկի մասնագիտական որակավորում:

– Իսկ ինչպե՞ս զինվորական բժիշկ դարձաք:

– Երբ ավարտեցի կլինօրդինատուրան և վերադարձա Սիսիան, կարող էի քաղաքացիական հիվանդանոցում սկսել մասնագիտական գործունեությունս. գնացի այնտեղ, ծանոթացա բուժանձնակազմի հետ, հետո եկա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ և որոշեցի, որ այդտեղ պիտի մնամ: Հոսպիտալում ամեն ինչ հոգեհարազատ էր ինձ: Այն սպասարկում էր ոչ միայն զինծառայողներին, այլև տեղի՝ հիմնականում անվճարունակ բնակիչների հույսն էր. մարդիկ գիտեին, որ օրվա բոլոր ժամերին կարող են բացել հոսպիտալի դուռը, և բժիշկները կընդունեն իրենց, կօգնեն, ինչով կարող են:

Ծառայական ուղիս սկսվեց Զանգեզուրի կայազորային հոսպիտալից. 2004-2014 թթ. ծառայել եմ թերապիայի բաժանմունքում, 8 տարի ղեկավարել այն: Ամեն առավոտ ավտոբուսով գալիս էինք հոսպիտալ, երեկոյան վերադառնում, բայց գրեթե միշտ երեկոյան Սիսիան վերադառնալիս մեր ավտոբուսն ուշանում էր իմ պատճառով. բոլորն արդեն կարծես սովորել էին՝ «բժշկուհի Օհանյանը չի վերջացրել», ու սպասում էին ինձ:

Ծառայել ենք գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի չենք ունեցել: Եղել են օրեր, երբ ծառայությունն ավարտելուց և տուն վերադառնալուց հետո բժիշկներին 4-5 անգամ կանչել են հոսպիտալ. բոլոր բժիշկները պետք է տեղում լինեին հիվանդին կամ վիրավորին ընդունելիս, զննում էինք նրանց, արագ կատարում բոլոր հետազոտությունները, համապատասխան բաժանմունք տեղափոխում, հետո միայն կարող էինք տուն վերադառնալ կամ մինչև լույս նստած մնալ հիվանդի կողքին:

Բժիշկներից յուրաքանչյուրը երբեք չի մտածել՝ իմ հիվանդը չէ, ու մի կողմ չի քաշվել, այլ օգնել ենք միմյանց, ինչով կարողացել ենք: Եվ սովորել ենք, ձեռք բերել այն հմտությունները, մասնագիտական փորձառությունը, արագությունը, որ ունենք այսօր:

– Արագ կողմնորոշվելը, արագ գործելը արհեստավարժությա՞ն չափանիշ են, թե՞ բնավորություն:

– Արագ կողմնորոշվելը, գործելը և՛ բնավորություն են, և՛ արհեստավարժության չափանիշ, որը հնարավոր է զարգացնել ծառայության ընթացքում: Սուր շնչառական հիվանդությունների բռնկումների ժամանակ 5-6 օրով գործուղվել ենք մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր: 1 կամ 2 բժիշկ և 1000-ից ավելի զինվորներ. մի քանի օրում զննում էինք բոլորին, հայտնաբերում հիվանդներին, տեղափոխում նրանց հոսպիտալ: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող էինք հապաղել. աստիճանաբար արագ գործելաոճն իմ ձեռագիրն էր դառնում:

– Զանգեզուրի կայազորային հոսպիտալի թերապիայի բաժանմունքը Ձեր ղեկավարությամբ երեք տարի անընդմեջ ճանաչվել է լավագույնը: Ինչպե՞ս եք նվաճել այդ բարձունքը և երեք տարի այն անառիկ պահել:

– Նախ կցանկանայի նշել, որ Զանգեզուրի կայազորային հոսպիտալը երեք տարի անընդմեջ ազգային բանակում լավագույնն է ճանաչվել: Հիշում եմ՝ ինչպիսի ցնծություն, ոգևորություն էր հոսպիտալում, երբ առաջին անգամ հոսպիտալի պետ Կամավոր Խաչատրյանը, Երևանից վերադառնալով, բերեց փոխանցիկ դրոշը: Ամբողջ բուժանձնակազմը՝ իր անբասիր ծառայությամբ, նվիրումով, իսկապես վաստակել էր լավագույնը համարվելու կոչումը:

Որպես թերապիայի բաժանմունքի պետ՝ ես վստահ էի, որ իմ բաժանմունքն էլ լավագույնն է: Մենք որոշել էինք հաղթել. գերազանց հանձնեցինք բոլոր քննությունները, ֆիզստուգարքը և ազգային բանակում լավագույն բաժանմունք ճանաչվեցինք:

Սակայն ամենավառ ու թանկ հիշողությունս Զանգեզուրի կայազորային հոսպիտալի 20-րդ տարեդարձն էր: Ամբողջ սպայական կազմը՝ տոնական համազգեստով, շարվել էր հոսպիտալի բակում, բազմաթիվ հյուրեր ունեինք, հնչեցին շնորհավորանքի խոսքեր, բարեմաղթանքներ, ապա երգելով մեր զորամասի երգը՝ «Գետաշենը», մենք հանդիսավոր երթ կատարեցինք: Պատմում եմ ու ապրում նույն ոգևորությունը:

– Եվ փոխանցում եք… Շո՞ւտ եք հուզվում:

Այո՛, շատերը կարծում են, որ բաժանմունքի պետ լինելով՝ խիստ, ուժեղ, ամուր բնավորություն ունեմ, բայց երբ մնում եմ մենակ, ինքս ինձ խոստովանում եմ, որ ինձ շատ հեշտ է խոցելը…

Երբեմն լինում են պահեր, երբ իսկապես ծանր է. ծառայությունը խլում է ամբողջ ժամանակս, ուժերս, մի պահ կարծես սպառվում եմ… Ուզում եմ հանդիմանել ինձ, բայց դա ընդամենը մեկ ակնթարթ է տևում: Այսօր ես հնարավորություն ունեմ արտերկրում շարունակելու մասնագիտական գործունեությունս, նույնիսկ գնացի Մոսկվա, ծանոթացա պայմաններին, ամեն ինչ գերազանց էր, բայց Հայաստան վերադարձա:

Այստեղ ամեն հիվանդ զինվորին բուժելիս, նրան առողջ, կազդուրված տեսնելիս և ճանապարհելիս հաղթանակի բերկրանք եմ զգում, որը նոր եռանդ, ոգևորություն է հաղորդում ինձ:

– Երևանի կայազորային հոսպիտալում ծառայում եք երկու տարի. ի՞նչ է փոխվել այստեղ այդ ժամանակահատվածում:

Բաժանմունքը հիմնովին վերանորոգվել է, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը և բաժանմունքում բուժսպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվել: Այսօր Երևանի կայազորային հոսպիտալի թերապիայի բաժանմունքն ունի բոլոր հնարավորությունները բուժծառայությունը հավուր պատշաճի իրականացնելու համար, բուժանձնակազմն իր պարտականությունները կատարելիս չի թերանում:

Սակայն ես չեմ հանդարտվում՝ գոհանալով այն ամենով, ինչին հասել ենք, և ամեն օր ուզում եմ մի նոր բարեփոխում կատարել բաժանմունքում, նորություն ավելացնել… Փնտրում եմ, մտածում:

– Նորությունները հաճախ ընդդիմախոսների մեծ բանակ են ունենում. որոշումներ կայացնելիս համարձա՞կ եք:

– Այո՛, Զանգեզուրի կայազորային հոսպիտալում ծառայելու տարիներին բավականին ծանր թոքաբորբով հիվանդ զինծառայողների ենք բուժել: Հետագայում, երբ հիվանդության պատմագրերն ուղարկել ենք Երևան, մեզ հանդիմանել են՝ ասելով, որ նման ծանր դեպքերը հարկ էր բուժել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Պատկերացրե՛ք, զինվորին բերել են Մեղրիից, մի ամբողջ օր նա ճանապարհ է կտրել, ինչպես կարող էի հյուծված, հոգնած, տկար հիվանդին չընդունել կամ այդ վիճակում ուղարկել Երևան, ռեանիմոբիլ չունեինք, երբեմն ճանապարհները փակ էին լինում, ուստի արագ մոբիլիզացնելով բոլոր ուժերը՝ տեղում անհապաղ սկսում էինք բուժել նրանց՝ մեզ վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, իսկ դա և՛ համարձակություն, և՛ սեփական ուժերիդ հանդեպ վստահություն էր պահանջում:

– Այսօր ՍՇՀ ախտորոշելիս, ինչ-ինչ մտավախություններ ունենալով, բժիշկների զգալի մասն անտիբիոտիկ է նշանակում: Ե՞րբ կարելի է խուսափել դրանցից. գաղտնիք չէ, որ անտիբիոտիկները նաև կողմնակի հակազդեցություններ են ունենում:

– Սուր շնչառական հիվանդությունների խմբին տարբեր հիվանդություններ են դասվում, որոնց մի մասը, իսկապես, անհնար է բուժել՝ առանց անտիբիոտիկ կիրառելու: Սակայն վիրուսային վարակները բուժելիս ես խուսափում եմ անտիբիոտիկ նշանակելուց (հիվանդին մեծ քանակությամբ հյութեր, թեյ ենք տալիս, օրգանիզմը մաքրում հեղուկներով և հիվանդին մշտապես հսկողության ներքո ենք պահում): Մի կողմից՝ անտիբիոտիկներն ընկճում են երիտասարդի իմունային համակարգը, մյուս կողմից՝ օրգանիզմը սովորում է դրանց, և հիվանդության բարդացման ժամանակ կամ ավելի ծանր հիվանդություններ բուժելիս ստիպված ենք լինում արդեն 2, ավելի ուժեղ անտիբիոտիկ օգտագործել:

Բժշկագիտությունը ստիպված է լինում նոր դեղամիջոցներ ստեղծել, որովհետև եղած ռեսուրսներն այլևս ի զորու չեն հաղթահարելու ախտածին մանրէները, և գուցե տարիներ անց բժշկագիտությունը հիմնավորի, որ բազմաթիվ հիվանդություններ հենց հզոր դեղամիջոցների՝ չհիմնավորված, սխալ նշանակումների հետևանքով են առաջացել:

Խոսելով բժշկագիտության առջև ծառացած հրատապ խնդիրների, ժամանակի մարտահրավերների մասին՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի թերապիայի բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Նելլի Օհանյանը կարևորեց մասնագիտական գործունեությանը զուգահեռ գիտական գործունեությամբ զբաղվելու անհրաժեշտությունը. բարդ և պատասխանատու ծառայական ուղի անցած բժիշկը պետք է գիտականորեն ամրագրի իր ուսումնասիրությունների, ուշագրավ դիտարկումների արդյունքները և մասնակցի բժշկագիտության համաշխարհային առաջընթացին:

Էդիտա Մելքոնյան