Բուժակները և սանհրահանգիչները զորային օղակում անփոխարինելի են

Այցելելով ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկը՝ հանդիպեցինք գնդի բուժկետի սանհրահանգիչ Արամ Բոսինյանի հետ և փորձեցինք պարզել՝ ինչպես է նա դարձել սանհրահանգիչ, ինչ առանձնահատկություններ ունի իր ծառայությունը, և ինչպես են իրականացնում այն:

2015 թ. զորակոչվեցի ազգային բանակ: Ես և ծառայակից 6 ընկերներս, ովքեր նույնպես բժշկական կրթություն ունեն, ներկայացվեցինք որպես սանհրահանգիչ ծառայելու համար և վերապատրաստվելով ԼՂՀ Մարտակերտի ԱԲՋ-ում՝ անցանք ծառայության:

– Ձեր գնահատմամբ՝ կարողանո՞ւմ եք հավուր պատշաճի իրականացնել ծառայությունը:

– Փորձում ենք: Մեզանից յուրաքանչյուրը, անշուշտ, գիտակցում է իր՝ սանհրահանգչի դերն ու կարևորությունը հիվանդ զինվորի կողքին և հատկապես վիրավորներին առաջին բուժօգնությունը ցուցաբերելիս: Սխալվելու իրավունք չունենք, անհապաղ վերացնում ենք կյանքին սպառնացող անմիջական վտանգը, կանխում հետագա բարդությունների զարգացումը և իհարկե ճիշտ նախապատրաստում վիրավորներին տրանսպորտային տարհանմանը:

Վերապատրաստման ընթացքում խորապես ուսումնասիրել ենք նաև հրազենային վիրավորումների ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները: Հրազենային վիրավորումների ժամանակ նախ ժամանակավոր դադարեցնում ենք արտաքին արյունահոսությունը, վերքի վրա ասեպտիկ վիրակապ դնում, ցավազրկող ներարկում, վերքային վարակի կանխարգելման նպատակով կիրառում ենք հակաբիոտիկային պրոֆիլակտիկա, սրտի կանգի դեպքում փակ մերսում, արհեստական շնչառություն կատարում: Սակայն չափազանց կարևոր է ճիշտ որոշել արյունահոսության տեսակը (դրանք լինում են զարկերակային, երակային, մազանոթային), որովհետև ազդրի և բազկի զարկերակների վնասման դեպքում, եթե անհապաղ համապատասխան բուժօգնություն չցուցաբերվի, մահը վրա է հասնում 1-2 րոպեների ընթացքում, իսկ գիտակցության կորուստը՝ 15 վայրկյանում: Ամեն վայրկյանը կյանք արժե, և երբ գիտակցում ես, որ նաև քո ձեռքերում են վիրավորին փրկելու ոսկե վայրկյանները, արժևորում ես ծառայությունդ և ամենայն պատասխանատվությամբ կատարում այն:

– Այսօր յուրաքանչյուր զինծառայող ունի իր անհատական դեղատուփը, անհատական վիրակապական փաթեթը, որոնք նախատեսված են առաջին բուժօգնությունը ցուցաբերելու համար, բայց եթե զինծառայողը չտիրապետի ինքնօգնության, փոխօգնության հմտություններին, այդ միջոցները չեն կարող իրենց նպատակին ծառայել: Ձեր զինվորները գիտե՞ն ինքնօգնության, փոխօգնության կանոնները:

– Իհարկե, բոլորն էլ որոշ չափով տիրապետում են այդ հմտություններին, սակայն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնավարժական միջոցառումներ կազմակերպել՝ նրանց իրազեկելու, պատրաստելու, պատրաստվածության մակարդակը բարձր պահելու նպատակով:

Մեր զորամասն Արցախի հյուսիսարևելյան դարպասն է, և հակառակորդի կողմից ոտնձգություններ լինում են. պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

– Երբ ավարտեք պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը, ինչո՞վ եք զբաղվելու:

– Ես ավարտել եմ Դիլիջանի գեղարվեստի ակադեմիան, նկարիչ եմ, քանդակագործ: Իմ քանդակները հաջողությամբ վաճառվել են և այսօր էլ ցուցադրված են որոշ վաճառասրահներում: Ես սիրում եմ ստեղծագործել և կփորձեմ ընտանիքիս, հարազատներիս ու նաև ինձ համար բարեկեցիկ կյանք ապահովել:

Հ.Գ.: Սանհրահանգիչը ժպտում է ու լռում: Զորամասի բուժկետի պետ, բուժծառայության լեյտենանտ Արա Միրաքյանը, ով լսում էր մեր զրույցը, հավելեց. «Բուժակները,սանհրահանգիչները զորային օղակում, մարտական հենակետերում իսկապես անփոխարինելի են (լինում են դեպքեր, երբ մենք, հասնելով մարտական հենակետ, տեսնում ենք, որ նրանք աշխատանքի կեսն արել են, իսկ ամենակարևորը՝ չեն սխալվել): Մենք բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը և հետագայում, ինչ ճանապարհ էլ նրանք ընտրեն, կարող են վստահ լինել, որ իրենց պարտքը հայրենիքի, ժողովրդի առաջ կատարել են, իսկ ես հավատում եմ, որ եթե հարկ լինի, դարձյալ կկատարեն»:

Էդիտա Մելքոնյան