Թումանյանին պետք է փնտրել ոչ միայն անցյալում, այլև ապագայում

Փետրվարի 19-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը Երևանի գրողների միության նախագահ, «Նոր-Դար» գրական ամսագրի խմբագիր Աբգար Ափինյանի հրավերով մասնակցեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթին, որը նախաձեռնել էր Երևանի գրողների միությունը:

Հայաստանի ազգային գրադարանի դահլիճի կամարների ներքո այսօր թևածում էին թումանյանական շունչն ու ոգին: Ներկաները եկել էին՝ մեկ անգամ ևս հիշելու մեծն պոետին, հաղորդակցվելու Թումանյանի տիեզերական ոգուն, նրանից բխող լույսին, լսելու նրա ձայնը: Միջոցառմանը ներկա էին երիտասարդ ստեղծագործողներ, գրականագետներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, Երիտասարդ գրողների գրական ակումբի անդամներ:

«Մենք ավանդաբար նշում ենք Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձը, սակայն այս տարի մեր ազգային մեծության ծննդյան օրը նշում ենք առանձնահատուկ կերպով: Մեր երիտասարդ ստեղծագործողները, որոնց համար Թումանյանը հոգևոր հայր և առաջնորդ է, այսօր իրենց երկրպագության, մեծարանքի, խոնարհումի խոսքն են ասելու ամենայն հայոց բանաստեղծի մասին: Նրանք նորօրյա գրականության մեջ շարունակում են թումանյանական ավանդույթները, հավատարիմ են մարդասիրության, ազգասիրության այն սկզբունքներին, որ բերեց մեծ հայը: Այսօր էլ՝ տասնամյակների խորքից, հնչում է Թումանյանի ձայնը՝ որպես լուսարձակ ճանապարհ ցույց տալով հայ ժողովրդին: Մենք այսօր ասում ենք, որ Թումանյանին պետք է փնտրել ոչ միայն անցյալում, այլև ապագայում: Մենք առաջ ենք ընթանում, մեզ սպասում է Հովհաննես Թումանյանը»,- ասաց Աբգար Ափինյանը:

Երևանի գրողների միության նախագահը շնորհակալություն հայտնեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ միջոցառմանը մասնակցելու, խորհրդանշական այս օրը երիտասարդ ստեղծագործողների կողքին լինելու համար: Նա նշեց, որ բարձր է գնահատում Ռուզաննա Խաչատրյանի և նրա ղեկավարած կառույցի ազգանվեր գործունեությունը:

Հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն էլ իր խոսքը սկսեց՝ մեջբերելով Հովհաննես Թումանյանի՝ մահվանից երկու ամիս առաջ ասած խոսքերը, որոնք կարծես մարգարեություն են:

««Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու: Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան: Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»: Ես համոզված եմ՝ այդ «մի օրը» եկել է,- ասաց թումանյանագետը և շարունակեց,- իսկ այդ «ուրիշ բանը» իմ 25 տարվա ուսումնասիրությունների արդյունքում, կարծում եմ, գտել եմ»:

Միջոցառմանն յուրահատուկ հմայք, գրական շունչ հաղորդեց ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը՝ իր անզուգական ձայնով հնչեցնելով Թումանյանի քառյակները:

Այնուհետև երիտասարդ ստեղծագործողներ Դավիթ Սամվելյանը, Արմինե Բոյաջյանը, Աստղիկ Սողոյանը, Մարիամ Քոչարյանը, Սուսաննա Ղազարյանը և այլք, որոնց Աբգար Ափինյանն անվանեց «Թումանյանի գրական թոռներ», մեծարանքի խոսքեր ասացին մեծ բանաստեղծի մասին, ապա սիրով իրենց հեղինակած գրքերը նվիրեցին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին:

Հասմիկ Գյոզալյան

  • _Z2B7189
  • mij3mat
  • mijaranc girq
  • menak
  • mijgrqov
  • _Z2B7253
  • _Z2B7278 - Copy
  • _Z2B7437
  • _Z2B7376
  • _Z2B7403
  • _Z2B7297 - Copy
  • _Z2B7246
  • _Z2B7453
  • _Z2B7413
  • dgirg2
  • _Z2B7431
  • _Z2B7277
  • _Z2B7312 - Copy
  • yuz+rx
  • egga3
  • _Z2B7375
  • _Z2B7384
  • mij3+
  • _Z2B7400
  • imageegg3
  • d4
  • gumarel 1-in
  • imageegg1