«Լևոն Սարգսյանը միշտ համոզված էր, որ իր մահից հետո թանգարանը կպահպանվի»

Փետրվարի 19-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան N 2 դպրոցի տնօրեն, լուսահոգի նկարիչ, բանաստեղծ, բժիշկ Լևոն Սարգսյանի այրի Իրեն Հակոբյան-Սարգսյանի հրավերով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հյուրընկալվեց Լևոն Սարգսյանի արվեստանոց-թանգարանում: Նրան ուղեկցում էին Երևանի գրողների միության նախագահ, «Նոր-Դար» գրական ամսագրի խմբագիր Աբգար Ափինյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը և մի խումբ երիտասարդ ստեղծագործողներ:

Արդեն 16 տարի է՝ արվեստագետը հեռացել է կյանքից, սակայն նրա արվեստանոցում ժամանակը կանգ է առել: Վարպետի մոխրամանը և կիսատ ծխախոտն անգամ մնացել են այնտեղ, որտեղ թողել է: Ամենուր նրա անձնական իրերն են՝ կահույքը, լուսանկարները, գրքերը, ստեղծագործությունները և շունչը…

Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.-ին Երևանում: 1961 թ.-ին ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտի դեղագործական բաժինը և ստացել դեղագործի որակավորում: 1972 թ.-ից աշխատել և գեղանկարչության վարպետության դասեր է առել ՀՀ վաստակավոր նկարիչ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում: 1973 թ.-ից պարբերաբար մասնակցել է ժողովրդական ստեղծագործողների և պրոֆեսիոնալ նկարիչների հանրապետական, համամիութենական ցուցահանդեսներին: Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են նաև արտերկրում՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Հաիթիում: Լևոն Սարգսյանը ժողովրդական ստեղծագործությունների համամիութենական առաջին փառատոնի դիպլոմատ է, երկրորդ փառատոնի դափնեկիր, (1973 թ.), ԽՍՀՄ և ՀՀ նկարիչների միության անդամ: Ունեցել է նաև մի շարք անհատական ցուցահանդեսներ Երևանում, Էջմիածնում, Ռիգայում, Մոսկվայում, Տաշքենդում: Նրա ստեղծագործությունները պահվում են Երևանի պատմության թանգարանում, Ժողովրդական ստեղծագործության պետական թանգարանում, Էջմիածնի գավառագիտական թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

«Մենք հանդիպեցինք 1997 թ.-ին: Այս տանն էր ապրում Լևոն Սարգսյանը, այստեղ էր նաև նրա արվեստանոցը: Ես եկել էի նկարները դիտելու, սակայն մեր հանդիպումը ճակատագրական էր: Հաջորդ օրը նա զանգահարեց և ինձ տողեր նվիրեց. «Բիբերիս ցողերը՝ քո պարանոցին թաց մարգարտաշար»: Մեր համատեղ կյանքը, ցավոք, կարճ էր, ընդամենը երեք տարի… Սակայն ես կատարյալ երջանկություն ու մեծ սեր եմ վայելել: Այսօր էլ ես երջանիկ կին եմ. նա միշտ ինձ հետ է, ես ամեն վայրկյան զգում եմ նրա ներկայությունը: Լևոն Սարգսյանը միշտ համոզված էր, որ իր մահից հետո թանգարանը կպահպանվի: Այս տարիների ընթացքում ես արել եմ հնարավորը՝ նրա ստեղծագործությունները պահպանելու համար այնպես, ինչպես ինքն է թողել»,- ասաց Իրեն Հակոբյան-Սարգսյանը, այնուհետև հետաքրքիր դրվագներ պատմեց Լևոն Սարգսյանի կյանքից, հյուրերին ներկայացրեց նրա ստեղծագործությունների պատմությունը:

Նկարիչ, բանաստեղծ, բժիշկ Լևոն Սարգսյանի տուն-թանգարանի՝ արվեստով ներծծված պատերի ներսում ներկաների միջև հետաքրքիր զրույց ծավալվեց ազգային բանակի, դպրոց-բանակ կապի, արվեստի, մշակույթի, արդի գրականության և այլ թեմաների շուրջ:

Հասմիկ Գյոզալյան

  • _Z2B7470
  • _Z2B7508
  • _Z2B7496
  • _Z2B7497
  • 2-nayel
  • _Z2B7504
  • 2--in
  • image99
  • image92
  • image91