Գիտնականները մարդկային մկանի արհեստական գործող հյուսվածք են ստեղծել

Գիտական պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան Դյուք համալսարանի գիտնականներն արհեստականորեն աճեցրել են մկանային հյուսվածք, որը կծկվում է՝ ի պատասխան էլեկտրոնային ազդակների: Քիմիական մի շարք նյութերի հանդեպ հյուսվածքն արձագանքում է ճիշտ նույն կերպ, ինչպես մարդու իրական մկանային հյուսվածքը: Ցավոք, դեռևս շուտ է ակնկալել, որ մասնագետները կկարողանան մարդկային մկան աճեցնել, սակայն նշյալ հայտնագործությունը պետք է մեծ առաջխաղացում համարել: Այնուամենայնիվ, գիտնականները վստահեցնում են, որ հյուսվածքը թույլ կտա մի շարք ուսումնասիրություններ կատարել որոշ հիվանդությունների դեմ պայքարի գործում:

Գիտնականների խումբը, որը ղեկավարում է Դյուք համալսարանի բիոինժեներ Նենադ Բերսեքը, արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում է տարբեր կենդանիների մկանային հյուսվածքները՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պայմաններում են ձևավորվում ու գոյատևում մկանային հյուսվածքները: Տարիների ուսումնասիրությունները, ի վերջո, արդյունք տվեցին. բիոինժեներները գտան այն տարրերը և այն համապատասխան միջավայրը, որտեղ կարելի է մարդկային մկանի կենդանի հյուսվածք ստեղծել ու պահել:

«Մեր հիմնական նպատակն է յուրաքանչյուր հիվանդի համար միայն իրեն համապատասխան մկանային հյուսվածք ստեղծելը: Մենք կարող ենք մարդու մկանային հյուսվածքից օրինակ վերցնել և աճեցնել նմանօրինակ հյուսվածք: Մենք տվյալ արհեստական հյուսվածքի վրա նաև փորձարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք՝ հասկանալու համար, թե որ դեղամիջոցն ինչ ազդեցություն է թողնում տվյալ հիվանդի առողջական վիճակի վրա»,- հայտարարել է Նենադ Բերսեքը:

http://www.dailytechinfo.org/