Համակարգիչը կհասկանա, թե երբ է մարդ ցավ զգում

Ստենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են համակարգչային մի ծրագիր, որն արձագանքում է մարդու օրգանիզմում կատարվող ցանկացած փոփոխության դեպքում, մասնավորապես այն բավականին զգայուն է ցավի հանդեպ: «Մենք փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք կարող ենք մարդու նյարդային համակարգին կցել ժամանակակից տեխնոլոգիաները՝ հասկանալու համար, թե արդյոք մարդը զգում է ցավ, թե՝ ոչ: Կարծում եմ՝ այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ պատասխանը դրական է»,- նշում է հետազոտության ղեկավար, դոկտոր Շոն Մաքեյը:

Գիտնականները վստահ են, որ այդ ծրագիրը հատկապես օգտակար կլինի մանկաբուժության ոլորտում, քանի որ երեխաները չեն կարողանում հստակ ասել իրենց գանգատների մասին: Հետազոտությունների համար մասնագետներն օգտագործել են դեռևս 1995 թ.-ին մշակված ալգորիթմները: Ծրագրի փորձարկումներին մասնակցել են 8 կամավորներ, որոնց գլխուղեղի աշխատանքն ու ազդակները սկանավորվել են:

Բժիշկները նրանց նյարդային համակարգն ուսումնասիրել են չեզոք և ակտիվ վիճակներում: Գրեթե 80 տոկոսի դեպքում պատկերը համապատասխանել է մասնակցի զգացողություններին: Ներկայումս բժիշկներն աշխատում են ծրագրի կատարելագործման ուղղությամբ. մասնագետները վստահ են, որ ծրագիրը հետագայում կկարողանա տարբերակել հիվանդի նաև խրոնիկ և սուր ցավերը:

(http://www.reuters.com)