«Երեխաների հետ ես խոսում եմ իրենց լեզվով…»

1999 թ.-ից ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում գործում է մանկաբուժական ծառայությունը: Այդ ժամանակից ի վեր բժիշկ-մանկաբույժ, բուժծառայության կապիտան Արմինե Գևորգյանը սպասարկում է ԶՈՒ զինծառայողների ընտանիքների՝ մինչև 18 տարեկան երեխաներին՝ առողջություն պարգևելուց բացի՝ իր հոգու ջերմությունից բաժին հանելով բոլոր մանուկներին:

– Կյանքի փուլերից, ապրած տարիներից, անշուշտ, մանկությունն է ամենագունեղն ու հեքիաթայինը: Ինչպիսի՞ն եք հիշում Ձեր մանկությունը, ինչի՞ մասին էիք երազում:

– Ծնվել եմ Երևանում՝ ծառայողների ընտանիքում: Հայրս տնտեսագետ էր, գլխավորում էր մեծ գիտարտադրական միավորման ֆինանսների բաժինը, մայրս՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, դասավանդում և միաժամանակ գիտական գործունեությամբ էր զբաղվում Երևանի պետական համալսարանում: Վառ ու գունեղ մանկություն եմ ունեցել: Այդ տարիների հուշերը, գեղեցիկ ակնթարթները մշտապես ուղեկցում են ինձ, ջերմացնում… Ես շատ էի սիրում երեխաներին և ինձ հաջողվում էր ընկերանալ բոլորի հետ: Հիշում եմ՝ ինձ միշտ անհանգստացնում էր այն հարցը, թե ինչու են մարդիկ հիվանդանում, և շատ հաճախ փորձում էի ինձ հուզող հարցերի պատասխանները ստանալ մեծահասակներից: Օրինակ՝ հետաքրքրվում էի, թե ինչու են հիվանդները ջերմում: Քրոջս հետ մեր մանկության խաղերի առանցքում էլ գրեթե միշտ հիվանդ տիկնիկներին «բուժելն» էր: Թեև հետաքրքրություններս, նախասիրություններս բազմազան էին, բայց մասնագիտության ընտրության հարցում ամեն ինչ ի սկզբանե որոշված էր. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետ:

– Նախքան ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում աշխատելը մասնագիտական ի՞նչ ճանապարհ եք անցել:

– Ուսումն ավարտելուց հետո 4 տարի աշխատել եմ որպես տեղամասային բժիշկ, ապա մասնագիտացել որպես մանկական աղեստամոքսային համակարգի բժիշկ, այնուհետև վերապատրաստում անցել և հետագա 8 տարիներին աշխատել «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-գաստրոէնտերոլոգ: Մասնակցել եմ ՀՀ առողջապահության նախարարության և UNICEF-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի՝ ուսումնասիրելով երեխաների առաջնային բուժսպասարկման ոլորտի հիմնախնդիրներն ու նոր մոտեցումները: 1999 թվականից ծառայության եմ անցել ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում: Կարճ ժամանակ անց ընդունեցի իմ առաջին հիվանդներին: Ստեղծվեց իմ փոքրիկ կոնտինգենտը, որը մշտապես դիմում է թե՛ առողջական խնդիրներով, թե՛ խորհրդատվության նպատակով: Դիմելիությունն այսօր բավականին մեծ է: Մեզ դիմում են Հայաստանի բոլոր մարզերից, ունեմ պացիենտներ նաև ԼՂՀ-ից: Երեխաները հետազոտվում և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում՝ հետագայում ևս գտնվելով իմ հսկողության ներքո: Այն երեխաները, ովքեր նեղ մասնագիտացված բուժօգնության կարիք ունեն, ուղեգրվում են համապատասխան բուժհաստատություններ՝ ստացիոնար բուժում ստանալու: Անչափ կարևորում եմ սանլուսավորչական աշխատանքները թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների հետ, որոնք, անշուշտ, արդյունավետ են հիվանդությունները կանխարգելելու և բարդություններից խուսափելու առումով:

– Դուք սպասարկում եք 0-18 տարեկան երեխաներին: Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում: Տարիքային ո՞ր խմբի հետ աշխատանքն է առավել բարդ:

– Դիմում են տարբեր պրոֆիլի հիվանդություններով՝ վերին շնչուղիների հիվանդություններ, թոքաբորբեր, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ, ալերգիաներ… ինչպես նաև նեղ մասնագիտական խնդիրներով:

Ամենաբարդ կոնտինգենտը 0-ից մինչև 3 տարեկան երեխաներն են, քանի որ նրանք չեն կարողանում խոսքի միջոցով արտահայտել իրենց գանգատները: Նրանց հիվանդությունները ճիշտ ախտորոշելու համար միայն բուժզննումները բավարար չեն, անհրաժեշտ է նաև ծնողների օգնությունը: Ավելի բարձր տարիքի երեխաների հետ առավել հեշտ է աշխատելը, քանի որ գիտակից են և գրեթե միշտ առաջնորդվում են բժշկի խորհուրդներով:

– Ես մինչ օրս հիշում եմ իմ մանկաբույժին, հիշում եմ անգամ նրա զրույցները, ջերմությունը… Անխոս, ամենահզոր դեղը վստահությունն է բժշկի հանդեպ, իսկ ինչպե՞ս է հաջողվում ճիշտ հաղորդակցվել երեխայի հետ, շահել նրա վստահությունը, հավատը…

– Իմ մեջ դեռ ապրում է մանուկը, և երեխաների հետ ես խոսում եմ իրենց լեզվով: Երբեմն երկար զրուցում ենք, փորձում եմ շեղել նրանց ցավից, հիվանդությունից: Հաճախ խնդրում եմ երգել, արտասանել, դպրոցական առարկաների, հետաքրքրությունների, նախասիրությունների մասին եմ հարցնում: Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվում, և կարելի է ասել, որ գրեթե միշտ հաղորդակցությունը հաջողվում է: Չափազանց կարևոր է նաև հոգեբանական աշխատանքը ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ, ովքեր բժշկի պարզաբանումների, խորհուրդների, զրույցի կարիքն ունեն:

– Բժշկի համար ո՞րն է ամենամեծ վարձատրությունը:

– Հիվանդ երեխային առողջացած, առույգ, ուրախ ու ժպտադեմ տեսնելը: Դա է ինձ համար ամենամեծ գնահատականը, իմ ամենամեծ հաջողությունը: Չափազանց հաճելի է, երբ տեսնում ես, որ քո օգնությամբ ծնողների տագնապները, մտահոգությունը, անհանգստությունն արդեն անցյալում են, քանի որ երեխան առողջ է: Այդ դեպքում մեր զինծառայող ծնողներն առավել հանգիստ են իրականացնում իրենց դժվարին ծառայությունը: Ինձ մոտ բուժում ստացող փոքրիկները մեր ապագա զինվորներն են և զինվորների ապագա մայրերը, նրանց առողջությունը բոլորիս հաղթանակն է:

– Երբեմն լսում ենք այն կարծիքը, թե զինվորական ծառայությունը և կնոջ պարտականությունները դժվարությամբ են համատեղվում, և գրեթե միշտ տուժում է ընտանիքը:

– Թե՛ աշխատանքում, թե՛ մարդկային հարաբերություններում կարգապահությունը և պատասխանատվության զգացումը կարևոր սկզբունքներ են: Ինձ միշտ հաջողվել է հավասարակշռություն և ներդաշնակություն պահպանել թե՛ ծառայության մեջ, թե՛ ընտանիքում:

– Բժշկությունից բացի՝ ի՞նչ նախասիրություններ ունեք:

– Սիրում եմ գրականություն, երաժշտություն. արվեստասեր մարդ եմ և փորձում եմ մշտապես հաղորդակից լինել մշակութային կյանքին՝ հաճախակի այցելելով թատրոն, համերգ:

– Որպես մանկաբույժ՝ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ծնողներին:

– Թերևս ամենակարևոր խորհուրդը. սիրելի՛ ծնողներ, առավել ուշադի՛ր եղեք ձեր երեխաների նկատմամբ և ժամանակին դիմե՛ք բժշկի օգնությանը:

Հասմիկ Գյոզալյան