«Նույնիսկ պատերազմի ժամանակ պետք է մարդ մնալ…»

Երբ զրուցում էի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, բժիշկ-ազատամարտիկ Հրայր Հովսեփյանի հետ, ուշադրությունս գրավեցին բժշկի գրառումների նոթատետրի էջերի արանքում պահված անհավասար ծայրերով թղթի կտորները:

«Ադրբեջանցի գերիները, որոնց մարտի դաշտում բժշկական օգնություն ենք ցուցաբերել, այս թղթերի վրա գրել էին իրենց հասցեները»,- բացատրեց բժիշկ-ազատամարտիկը:

– Ես շատ պատմություններ եմ լսել այն մասին, թե պատերազմի ժամանակ ինչպես էին հայ բժիշկները, բուժքույրերը օգնում նաև թշնամու գերիներին: Մարդկայնորեն դժվար չէ՞ արդյոք այդքան ուժ գտնել ու փրկել նաև թշնամուն, երբ նա սպանում է հայրենակցիդ…

– Նույնիսկ պատերազմի ժամանակ պետք է մարդ մնալ: Հայ բժիշկները երբեք անտարբեր չեն եղել անգամ օտարի ցավի հանդեպ, սառնասրտորեն չեն նայել օգնություն հայցող մարդու աչքերին, եթե անգամ նա թշնամի է: Իհարկե, եղել են բազմաթիվ դեպքեր…

Այս թղթերը թողել են այն ադրբեջանցիները, ովքեր գերի էին ընկել 1994 թվականին՝ Օմարի բարձունքի երկրորդ գրավման ժամանակ: Ես այնտեղ ավելի շատ զինվոր էի, քան բժիշկ, բայց նրանք օգնության կարիք ունեին: Ինձ անհայտ մնաց նրանց հետագա ճակատագիրը, բայց առանց բժշկական օգնության չէին ապրի:

…Դեկտեմբերի 31-ն էր: Ծանր մարտերից հետո, երբ փոքր-ինչ խաղաղվեց, տղաները սեղան պատրաստեցին, որպեսզի նշենք Նոր տարին և հանգստանանք: Սակայն հանգստանալու փոխարեն ես և բժիշկ Շահեն Դանիելյանը, ով այսօր Մոսկվայում անվանի կրծքային վիրաբույժ է, վիրահատեցինք ադրբեջանցի տանկիստին: Ոտքերն անդամահատեցինք, փրկեցինք կյանքը…

– Պարո՛ն Հովսեփյան, փոխարենը չկա որևէ վկայություն այն մասին, որ ադրբեջանցի բժիշկներն օգնություն ցուցաբերած լինեն հայ գերիներին, թեև նույնիսկ այդ դեպքում դժվար կլիներ հավատալը…

– Ես մի դեպք կպատմեմ՝ եզրակացությունը թողնելով Ձեզ: 1994 թ.-ի ապրիլին մեր ջոկատի (Խանաբադի ջոկատ) տղաներից մեկը գնացել էր օգնելու վիրավոր ընկերոջը, ապա ինքը ևս ոտքից վիրավոր՝ ճիշտ ուղղությունից շեղվել և գերի էր ընկել: 3-4 ամիս անց հաջողվեց նրան փոխանակել: Վերքը թեթև էր, սակայն բարդացել էր և անգամ երկարատև բուժումից հետո՝ այսօր էլ նա ոտքը դժվարությամբ է շարժում: Մի անգամ զրուցում էինք, հետաքրքրվեցի, թե այդքան թեթև վերքն ինչու բարդացավ: Նա պատմեց, որ 3-4 ամսվա գերության ժամանակ ադրբեջանցի բժիշկները չեն մոտեցել իրեն, երբեք վերքը չեն մշակել և չեն վիրակապել…

Հասմիկ Գյոզալյան

Բժիշկ-ազատամարտիկ Հրայր Հովսեփյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ՝ http://amda.am/?p=5762#more-5762