Ընդունարանից դեպի բուժական բաժանմունք

-Որպես բուժհաստատության առաջին պարտադիր օղակ-անցակետ ի՞նչ եք արձանագրել. ո՞ր գանգատներն եք ավելի հաճախ լսում, ո՞ր հիվանդությունների հաճախականությունն է բարձր զորամասում ծառայող զինակոչիկների շրջանում:

-Իհարկե ամենատարածվածը սուր շնչառական հիվանդություններն են, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ատամնացավ, հոդաբորբ, օձի խայթոցից թունավորում և ամենաանհանգստացնող խնդիրը՝ հետպատվաստումային բարդություններ, որոնցից խուսափել չի հաջողվում,- պատասխանեց Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի  ընդունարանի հերթապահ բուժքույր պայմանագրային կրտսեր սերժանտ Քնարա Ավանեսյանը:

-Որքան գիտեմ, այդ հարցն արդեն լուծվել է. զինակոչիկները բոլոր պատվաստումներն այսուհետև ստանալու են աստիճանաբար՝ զինակոչին նախորդող վեց ամիսների ընթացքում:

-Ճիշտ որոշում է,- բազմանշանակ լրջությամբ և հոգատարությամբ պատասխանեց ընդունարանի ավագ բուժքույր Նունե Աթայանը,- յուրաքանչյուր զինակոչից հետո մեզ մոտ՝ զինվորական հոսպիտալ են բերվում բազմաթիվ զինակոչիկներ՝ բոլորն էլ հետպատվաստումային բարդություններով, և նրանց ապաքինումը բոլորիս է անհանգստացնում:

-Կարո՞ղ եմ ասել, որ հիվանդի առաջին բուժզննումն այստեղ է իրականացվում:

-Իհարկե, հիվանդը գալիս է, ընդունման պահին լսում ենք գանգատները, չափում ջերմությունը, արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը, բացում նրա հիվանդության պատմությունը, ապա ուղարկում համապատասխան բաժանմունք: Հանձնում ենք բժշկի հուսալի ձեռքը և ընդունում մյուսին…

Էդիտա Մելքոնյան

  • P1020581
  • P1020583