«Ես հաղթանակած բանակի սպա եմ»

– Արցախյան պատերազմի տարիներին մեր ընտանիքը մնաց Ստեփանակերտում,- պատմում է ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ, բ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Ջալավյանը,- երբ հակառակորդի կողմից ռմբակոծությունը սկսվում էր, մենք արագ իջնում էինք նկուղ, մնում այնտեղ, մինչև երկինքը խաղաղվեր: Թեև այն ժամանակ փոքր էի, բայց հիշում եմ՝ ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտը, երբ մերոնք ազատագրում էին Շուշին… Արցախն ազատագրվեց, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմը շարունակվում է:

Դեռևս չավարտված պատերազմն ինձ ստիպեց դառնալ զինվորական բժիշկ: Ես գիտակցում էի, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանը դառնա իր հայրենիքի, իսկ ես կդառնայի հայրենիքի պաշտպանի պաշտպանը, բոլոր այն մարդկանց պաշտպանը, ովքեր պատրաստ են հակառակորդին դիմակայելուն, հող հայրենին, մայր ժողովրդին պաշտպանելուն և իրենց կյանքը հանուն Հայաստանի ու Արցախի հաղթանակի նվիրաբերելուն:

2005 թ. ավարտելով Ստեփանակերտի թ. 10-րդ միջնակարգ դպրոցը՝ Արթուր Ջալավյանն ընդունվում է Երևանի պետական բժշկական համալսարան, մեկ տարի ուսանելով՝ ինքնակամ վերցնում է գործերը և դարձյալ ընդունելության քննություններ հանձնում՝ Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիա ընդունվելու համար:

– Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան հիմնադրվել է 1798 թ.՝ Պետրոս Առաջինի հրամանագրով: Դարերի ընթացքում այն 2 համաշխարհային պատերազմ է տեսել, ազգամիջյան բազմաթիվ բախումներ: Երկար ճանապարհ անցնելով՝ ռազմաբժշկական միտքը, գիտությունն այնտեղ թրծվել ու կատարելագործվել են՝ սեփական փորձից «սնվելով»:

Երբ ես ընդունվեցի ակադեմիա, այնտեղ սովորում էին կուրսանտներ, զինծառայողներ 35 պետություններից, և ամեն կուրսանտ իր ազգային բանակի համազգեստով էր ներկայանում: Ես մեծ հպարտությամբ էի կրում ՀՀ ԶՈՒ համազգեստը: «Ես հաղթանակած բանակի սպա եմ, հաղթանակած պետության ներկայացուցիչ»,- գիտակցում էի ես և նույնիսկ իմ լռությամբ, իմ կեցվածքով ստիպում էի, որ մյուսներն էլ ընդունեն ճշմարտությունը:

2012 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտեցի ակադեմիան. 134 շրջանավարտներից միայն 4-ն էին ավարտում գերազանցությամբ, և ես նրանցից մեկն էի: Այնտեղ ուսանելու առաջին իսկ օրից ինձ վրա պատասխանատվություն էի զգում. դպրոցում աշակերտներիս ասում էին՝ «Դուք ձեր ընտանիքի, ծնողների պատկերն եք», իսկ դրսում մենք նաև մեր ժողովրդի, մեր հայրենիքի հայելին ենք, մեզանով Հայաստանն ենք ներկայացնում:

Հայաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է, այլև Արցախը, Սփյուռքը (Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին տեղի հայկական համայնքի միջամտությամբ բազմաթիվ հարցեր են լուծվել, նրանք օգնել են Հայաստանից մեկնած երիտասարդներիս): Մեզանից յուրաքանչյուրը, որտեղ էլ ապրի, պետք է ծառայի միացյալ հայրենիքին և ժողովրդին՝ ապահովելով նրանց անվտանգությունը: Նաև գիտակցեցի, որ Արցախյան պատերազմն էլ ոչ միայն Արցախյան պատերազմ էր, այլև համահայկական արդար ցասում, պայքար՝ հանուն հայրենի հողի վրա խաղաղ, ազատ, անկախ ապրելու իրավունքի:

2012 թ. վերադառնալով Սանկտ Պետերբուրգից՝ Արթուր Ջալավյանը ծառայության է նշանակվում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում:

– Բուհը գերազանցությամբ ավարտելը, հավատացե՛ք, վիրաբույժի համար ոչինչ չի նշանակում. չափազանց կարևոր է, թե ինչ մասնագետներ կլինեն քո ղեկավարները, և արդյո՞ք բավականաչափ վճռական, նպատակասլաց, ջանասեր, նվիրված կլինես դու ծառայական, մասնագիտական պարտականություններդ կատարելիս:

Երբ առաջին անգամ մտա բաժանմունք, ինձ այնքան ջերմ ընդունեցին, բոլորը պատրաստ էին օգնել, նույնիսկ երբ օգնություն չէի խնդրում որևէ մեկից, նրանք նկատում էին, որ դժվարանում եմ, և կողքից օգնում էին, որպեսզի այդ խոչընդոտն էլ հաղթահարեմ: Այն ժամանակ բաժանմունքի պետը Վահան Գևորգյանն էր, իսկ Սևակ Շահբազյանը՝ ավագ օրդինատոր: Պետք է խոստովանեմ, որ որպես վիրաբույժ իմ «առաջին քայլերը» հենց Սևակ Շահբազյանի օգնությամբ եմ կատարել: Մի առիթով Պիրոգովն ասել է. «Լինում են երիտասարդ, հանճարեղ երաժիշտներ, նկարիչներ, բայց երիտասարդ, հանճարեղ վիրաբույժներ չեն լինում»: Սևակ Շահբազյանին ես թերևս բացառություն համարեմ…

Հետբուհական կրթությունը շարունակելու նպատակով Արթուր Ջալավյանը դարձյալ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, 2013-2015 թթ. ուսանում Ռազմաբժշկական ակադեմիայում, միաժամանակ որպես ավագ օրդինատոր աշխատում Սանկտ Պետերբուրգի քաղաքային 20-րդ հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում: Ավարտելով կլինիկական օրդինատուրան և վերադառնալով Արցախ՝ նա՝ որպես վիրաբույժ, ծառայության է անցնում ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում:

– Մեր հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքն ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և արդյունավետ իրականացնում է իր ծառայությունը, մեզ մոտ մեծ մասամբ պլանային վիրահատություններ են կատարվում (օգոստոսին 45 պլանային վիրահատություն ենք կատարել): Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է զինվորին բուժելու, ոտքի կանգնեցնելու, շարք վերադարձնելու համար, և պահպանում ենք այդ ամենը:

Սակայն վիրաբուժությունը կոչված չէ միայն հիվանդի, վիրավորի կյանքը փրկելու, այլև չափազանց կարևոր է, թե ինչ եղանակներով, մեթոդներով է դա իրականացվում: Գաղտնիք չէ, որ լապարասկոպիկ վիրահատություններից հետո հիվանդի հետվիրահատական ապաքինման տևողությունը մի քանի անգամ կրճատվում է, իսկ կոսմետիկ առավելությունների մասին էլ չեմ խոսում: Սակայն լապարասկոպը կարող է օգտակար լինել նաև հիվանդության ախտորոշումը հստակեցնելիս. լինում են շատ դեպքեր, երբ հիվանդին ընդունում ենք կասկածելի պաթոլոգիաներով, պարտադիր հետազոտությունները կատարելուց հետո (նաև ախտորոշիչ սարքավորումներով), հնարավոր է, դեռևս հարցեր լինեն (իզուր չէ Պիրոգովն ասել. «Ինձ համար ամենասարսափելին փակ որովայնն է…»):

Մեկ փոքր անցք բացելով որովայնի վրա՝ լապարասկոպի օգնությամբ մենք կարող ենք ամբողջովին տեսնել՝ ինչ է ներսում կատարվում, հստակ պատկերացնել՝ ինչ ծավալի աշխատանք է իրականացվելու վիրահատության ժամանակ և, ըստ այդմ, նախապատրաստել բուժանձնակազմը:

Չենք կարող ժխտել, որ ամբողջ աշխարհում հիվանդությունները սխալ ախտորոշելու հետևանքով բազմաթիվ անհարկի վիրահատություններ են կատարվում, ինչպես ասում են՝ «թույլատրելի սխալներ», սակայն ես կարծում եմ՝ երբ բժիշկը գործ ունի մարդու առողջության, կյանքի հետ, ոչ մի սխալ չի կարող թույլատրելի լինել:

Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայում ես մասնակցել եմ ՌԴ կրթության և առողջապահության նախարարությունների կողմից կազմակերպված վերապատրաստման հատուկ դասընթացների՝ լապարասկոպիկ վիրահատությունների գծով, գերազանց հանձնելով ավարտական քննությունը, որը ցուցադրական վիրահատություն էր, ստացել եմ համապատասխան վկայական: Եվ եթե այսօր լապարասկոպ ունենաք, մենք կարող ենք նաև այդ եղանակով լուծել մեր առջև դրված խնդիրները:

Հ.Գ.: Երբ ավարտեցինք մեր զրույցը, և Արթուր Ջալավյանը նոթատետրիս մեջ իր էլեկտրոնային հասցեն էր գրում՝ հատիկ-հատիկ շարելով տառերը, հարցրի նրան.

– Հիվանդության պատմագրե՞րն էլ նույնքան գեղեցիկ եք լրացնում:

Վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Էդվարդ Ստեփանյանը նրա փոխարեն պատասխանեց.

– Միշտ բոլոր հանձնարարականներն անթերի է կատարում:

Էդիտա Մելքոնյան