«Ադրբեջանցի նորածին տղայի անունն Արցախ դրեցինք…»

Պատմում է «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ-բուժքույր, գնդապետ Աիդա Սերոբյանը:

…Բազմաթիվ պատմություններ կարող եմ հիշել այն մասին, թե ինչպես էին հայ բժիշկները, բուժակները, բուժքույրերն օգնում նաև ադրբեջանցի վիրավորներին: Դա է հայի նկարագիրը: Ես անգամ ձեռքիս մի կտոր հացն եմ տվել նրանց…

Հիշում եմ` մի հղի կնոջ դուրս բերեցինք Քարվաճառից, ով պիտի շուտով ծննդաբերեր: Նրան տեղափոխեցինք Ստեփանակերտ: Օրեր անց, երբ ծանր վիրավոր տեղափոխեցինք Ստեփանակերտ, վարորդի հետ գնացինք նրան տեսակցության: Ծննդատան բակում բուժքույրերից մեկը կացինով փայտ էր ջարդում: Ինձ տեսնելով` ասաց` «Դոխտու՜ր, թորքդ ազատվել ա…»:

Ադրբեջանցի ծննդկանի հիվանդասենյակի մուտքի մոտ ինքնաձիգով զինված հայ զինվոր էր կանգնած, հսկում էր, որպեսզի որևէ մեկը չանհանգստացնի ու չվիրավորի նրան: Ես զինվորական համազգեստով էի, զինված և երբ ներս մտա, աչքերս հանդիպեցին կնոջ սարսափահար հայացքին (հավանաբար նրան լեգենդներ էին պատմել հայերի մասին), նա նորածնի բարուրն անմիջապես քաշեց դեպի իրեն: Որպեսզի չվախենա, ներկայացա, որ բուժաշխատող եմ: Հիշեցի, որ 2 օր առաջ՝ Քարվաճառ մտնելիս, Մոնթեն ինձ 2 կտոր շաքար էր տվել, գտա, դրեցի պահարանին, ասացի` «Թեյ կխմես»: Նորածին տղայի անունն Արցախ դրեցինք: Որոշ ժամանակ հետո կրկին ուզում էի այցելել նրանց, սակայն իմացա, որ արդեն փոխանակել են:

Զինադադարից հետո՝ տարիներ անց, ինձ մոտ լրագրողներ եկան: Խնդրեցին պատմել ուշագրավ դեպքեր այն մասին, թե ինչպես են հայ բժիշկներն օգնել ադրբեջանցիներին: Հաղորդումը պետք է ցուցադրվեր նաև Ադրբեջանում: Ես հենց այդ դեպքը պատմեցի:

Մեկ շաբաթ անց նրանք վերադարձան ու հայտնեցին, որ գտել են ադրբեջանուհուն, և նա ճանաչել է ինձ: Պարզվեց՝ Արցախը, ում անունն արդեն հավանաբար փոխել էին, մտավոր հետամնացություն ուներ, իսկ մայրը Ադրբեջանում պատմել էր, թե դա հայ բժիշկների ներարկումների հետևանքով է: Ինձ ասացին, որ «Կարմիր խաչ», «Կապույտ մահիկ», «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունները հետաքրքրված են այդ դեպքով և պարզաբանում խնդրեցին, թե ես, լինելով այդ հիվանդանոցում, հնարավոր համարո՞ւմ եմ նման բան: Ես ասացի, որ հայ բժիշկների կողմից նման վերաբերմունքը բացառում եմ: Ընդհակառակը՝ ադրբեջանցի կնոջ և նորածնի նկատմամբ ուշադրությունը մեծ էր. սովորաբար ծննդկանը և նորածինն առանձին հիվանդասենյակներում են լինում, սակայն ադրբեջանուհու երեխան իր սենյակում էր, որպեսզի նա չանհանգստանա, բացի դրանից՝ ինքս տեսա, թե ինչպես էին հսկում հիվանդասենյակի մուտքը: Իմ պատասխանը, ամենայն հավանականությամբ, բավարարեց նրանց, և հետագայում այդ հարցով ինձ այլևս չդիմեցին:

Պատրաստեց Հասմիկ Գյոզալյանը