«…որ մեր բռունցքը չթուլանա երբեք»

ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի լաբորատորիայում էինք, երբ հոսպիտալի պետ, փոխգնդապետ Գարիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ներս մտավ մի կին ու մոտենալով մեզ՝ այնպես ողջունեց, կարծես վաղեմի բարեկամներ էինք: Մենք ծանոթացանք, և Արցախյան պատերազմի մասնակից, բուժքույր Լիդա Խաչատրյանը պատմեց իր հուշերը:

– Երբ Արցախյան շարժումն սկսվեց, Ստեփանակերտի մանկական պոլիկնինիկայի վիրաբուժության բաժանմունքից, որտեղ աշխատել էի մոտ 10 տարի, տեղափոխվեցի նոր կազմավորվող զինվորական հոսպիտալ, որն այն ժամանակ Ստեփանակերտի ախտորոշման կենտրոնի նկուղում էր գործում: Որպես բուժքույր բժիշկների հետ մեկնել եմ դաշտային հոսպիտալներ, ազատամարտիկների հետ մասնակցել մարտական գործողություններին: Հիշում եմ՝ առաջին անգամ բժիշկ Արշակ Գասպարյանի հետ Կրկժան մեկնեցի՝ 26-ի դիրքեր, և առաջին անգամ այնտեղ էլ ճանաչեցի պատերազմը՝ իր ողջ զարհուրանքով…

– Ինչի՞ց զարհուրեցիք:

– Գերի ընկնելուց… և այն մտքից, որ էլ աղջիկներիս չեմ տեսնի (նրանք դեռ փոքր էին, սկսերոջս խնամքին էի թողել): Մի անգամ Չլդրանին հարող անտառում հակառակորդը շրջապատեց մեզ (15 հոգով էինք) և ծուղակի մեջ առնելով՝ բոլոր կողմերից կրակ բացեց մեզ վրա: Երբ հասկացանք, որ շրջափակումից դուրս գալ չենք կարող, և թշնամին հետզհետե սեղմում էր օղակը, որոշեցինք արժանապատվորեն ընդունել մահը, պայքարել մինչև վերջին շունչը, կրակել, բայց՝ ոչ վերջին փամփուշտը… Վերջին փամփուշտը մեզ համար էինք պահում: Սակայն հենց այն պահին, երբ մեր զինամթերքը գրեթե սպառվել էր, թշնամու շարքերում զարմանալի իրարանցում սկսվեց, և թուրքերը խուճապահար փախուստի դիմեցին. մեզ օգնության էր հասել «Խաչենի» գումարտակը:

– Ո՞րն է ամենամեծ հաղթանակը, որին ականատես եք եղել:

– Շուշիի գրավումը: Ես նույնպես մասնակցել եմ «Հարսանիքը լեռներում» օպերացիային: Մենք պետք է բարձրանայինք Ջանհասան-Քյոսալար՝ 4-րդ ուղղությամբ գրոհող միացյալ ջոկատների հետ, որոնց հրամանատարը Սեյրան Օհանյանն էր: Մայիսի 7-ի երեկոյան մենք սկսեցինք վերելքը՝ Մեղրագետով, Բալուջայով դեպի Քյոսալար-Ջանհասան: Այս ուղղությամբ գրոհող ջոկատներին առաջադրանք էր տրված՝ ապակողմնորոշել հակառակորդին, շեղել նրա ուշադրությունը հիմնական գործողություններից, միևնույն ժամանակ ճնշել Ջանհասան, Քյոսալար, Կարագյավ գյուղերի կրակակետերը: Բոլորը գիտակցում էին, որ կրակն իրենց վրա են վերցնելու, մահին ընդառաջ են գնում… Սակայն հետևելով իրենց հրամանատարին՝ Սեյրան Օհանյանին, շարժվում էին առաջ: 4-րդ ուղղությամբ բարձրացող ջոկատները փայլուն կատարեցին մարտական առաջադրանքը: Թուրքերը խայծը կուլ էին տվել: Նրանք չէին կարողանում կողմնորոշվել ու կռահել հարձակման գլխավոր ուղղությունը, իսկ երբ ամեն ինչ պարզ դարձավ, և նրանք փորձեցին ուղղել սխալը, արդեն ուշ էր: Խուճապի մատնվելով՝ հակառակորդը սարսափահար փախչում էր Շուշիից: Շուշին ազատագրված էր… Շուշին այրվում էր…

– Որտե՞ղ էիք այդ ժամանակ:

– Մենք ներքևում էինք, նայում էինք այրվող Շուշիին… ու դուրս բերում Գյումրիի ջոկատի տղաների մարմինները՝ մաս-մաս, անճանաչելի… ու խելագարվում էինք ցավից: Նրանց հրամանատարը, կարծես իրեն կորցրած, բղավում էր. «Տղե՜րք, նայե՜ք, դո՛ւք եք ազատել Շուշին, Շուշին դո՛ւք եք ազատել…»:

Ու այսօր էլ, երբ հիշում եմ Շուշիի ազատագրումը, միայն հաղթողի հպարտություն չէ, որ զգում եմ… սիրտս պայթում է… Մենք ալիքվել էինք ցավից, վրեժից, մենքպատրաստ էինք մեր կյանքը զոհաբերելուն: Գիտեք՝ ի՜նչ ուժ է, երբ հոգին է ելնում պայքարի: Թուրքերը զգացին այդ ուժն ու դրանից զարհուրեցին:

Որքան էլ հետագայում փորձեցի մոռանալ այդ տեսարանը, որքան էլ փորձեցի հաղթահարել ցավը, սթափվել, միևնույնն է, օրեր անց ինքնազգացողությունս կտրուկ վատացավ, և հետազոտությունները ցույց տվեցին, որ շաքարային դիաբետ եմ ձեռք բերել: Սակայն հիվանդությունը չկանգնեցրեց ինձ…

ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի լաբորատորիայի պետ Սուսաննա Գասպարյանը, որ մինչ այդ լուռ լսում էր մեր զրույցը, ասաց.

– Նրան չկարողացանք հոսպիտալում պահել. միշտ ուրախ, միշտ կենսախինդ «Լիդոկը», դեղորայքը գրպանում, մեկնեց լազարեթ:

– Չլդրանի անտառում բժիշկ Արշակ Գասպարյանի հետ փոքր վրանային լազարեթ էինք բացել,- շարունակեց Լիդա Խաչատրյանը,- մարտական գործողությունների մոտակա գոտիներից վիրավորներին անմիջապես մեզ մոտ էին տեղափոխում, արագ վիրակապում էինք նրանց, անհրաժեշտ ներարկումներ կատարում, ապա ուղարկում Ցեխձորի դաշտային հոսպիտալ: Հիշում եմ՝ 1992 թ.-ի աշնանն էր՝ մռայլ, անձրևոտ եղանակ, երբ մեր լազարեթ բերեցին վիրավոր Սեյրան Օհանյանին: Նրա վիճակը ծանր էր. կորցրել էր գիտակցությունը, զարկերակը չէր շոշափվում, վերքերն արնահոսում էին: Արշակ Գասպարյանն արագ դադարեցրեց արնահոսությունը, կարգավորեց արյան ճնշումը, կաթիլային միացրինք և փրկարարների ջոկատի բուժակի ուղեկցությամբ անհապաղ ուղարկեցինք Ցեխձորի հոսպիտալ, որտեղ էլ Վալերի Մարությանը վիրահատել էր երիտասարդ հրամանատարին ու փրկել նրան:

– Իսկ հիվանդությունը չէ՞ր խանգարում Ձեր ծառայությանը:

– Ես արհամարհում էի այն, արհամարհում վտանգը, հաղթում կարոտը… ու շարունակում էի ծառայել: Եվ գիտե՞ք՝ որն է իմ ամենամեծ հաղթանակը… պատերազմի տարիներին իմ որդին է ծնվել… Ի՞նչ է, կարծո՞ւմ էին՝ մեզ կոտորեցին, մեզ ոչնչացրին… ու վերջ: Ո՛չ, մենք հաղթեցինք նրանց, բոլոր ճակատներում հաղթեցինք:

Եվ Լիդա Խաչատրյանը պատմում է որդու ծննդյան «նախապատմությունը»:

Գանձասարի բարձունքըգրավելիս հակառակորդի կործանիչները սուրում էին մեր գլխավերևում: Այնքան ցածր բարձրության վրա էին թռչում, որ տեսնում էինք՝ ինչպես են քրքջում մեզ վրա ու բացում կրակը: Մենք էլ վազում էինք առաջ՝ դեպի վանքը… և երբ ժամեր անց դուրս եկանք վանքից, զարհուրելի տեսարան բացվեց մեր աչքերի առաջ. հնձած արտի նման շուրջը մռայլ ամայություն էր՝ ծխի, մոխրի մեջ կորած, Գանձասարի բակում վիրավորներ, զոհեր կային: Նրանցից մեկը երիտասարդ տղա էր, անունը՝ Անդրանիկ, ում վիճակը ծանր էր, անմիջապես վիրակապեցի նրան, ցավազրկող ներարկեցի, ու տղաները մյուս վիրավորների հետ նրան էլ արագ տեղափոխեցին հոսպիտալ: Ես չոքել էի վանքի բակում ու դառնորեն լաց լինելով՝ Աստծուն խնդրում էի լուծել մեր զոհերի՝ մեր Անդրանիկների վրեժը, խնդրում էի՝ մի Անդրանիկ էլ ինձ պարգևի, բոլոր մայրերին պարգևի, որ մեր բռունցքը չթուլանա երբեք:

…Ամիսներ անցան, և 1993 թ. նոյեմբերի 2-ին ծնվեց մեր Անդրանիկը:

Երբ թշնամին ռմբակոծում էր քաղաքը, գրկում էի նորածին որդուս, աղջիկներիս հետ թաքնվում բլինդաժում: Օդն այնքան ծանր էր, որ երբեմն թվում էր՝ օդ չկար շնչելու: Երեխան ճչում էր, բայց դուրս էինք գալիս միայն այն ժամանակ, երբ ռմբակոծությունը դադարում էր: Իհարկե, նորածնի հետ ավելի դժվար էր, իհարկե, մենք կարող էինք անվտանգ վայր տեղափոխվել, բայց ամուսինս այդ հարցում շատ վճռական էր տրամադրված (նա Մարտունու լիազոր ներկայացուցիչն էր և օգնում էր ազատամարտիկներին). «Ոչ մի տեղ էլ չենք գնալու: Լիդան պիտի լվա նորածնի շորերը, պիտի փռի պարաններին, որ թշնամին տեսնի՝ հայերը ապրում են, նոր զինվորներ են ծնվում Արցախում»:

Լիդա Խաչատրյանը զինադադարից հետո շարունակում է ծառայել ԼՂՀ պաշտպանության բանակում. ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի հիմնադրման օրվանից նշանակվում է հոսպիտալի գլխավոր բուժքույր, իսկ զորացրվելուց հետո՝ առ այսօր, զորային օղակում է կատարում բուժքրոջ պարտականությունները:

– Պատերազմի տարիներին 4 անգամ փրկվել եմ մահից և ամեն անգամ նորովի արժևորել կյանքը… Ու նաև հասկացել եմ, որ եթե նորից «ծնվեմ», դարձյալ կլինեմ վիրավոր մարտիկի, զինվորի կողքին, կօգնեմ նրան, ինչով կարող եմ: Ես Պաշտպանության բանակի մի մասնիկն եմ…

Էդիտա Մելքոնյան