«…երբեք չեմ զղջացել իմ ընտրության համար»

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության կապիտան Գևորգ Շահսուվարյանը 2015 թվականին Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մասնակցել է վերապատրաստման դասընթացների՝ դեմքի շրջանի էնդոսկոպիկ վիրաբուժության ուղղությամբ:

Այդ և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Գևորգ Շահսուվարյանի հետ:

– Պարո՛ն կապիտան, խնդրում եմ՝ պատմե՛ք Ձեր ընտանիքի մասին. ինչպիսի՞ միջավայրում է մեծացել, դաստիարակվել ապագա զինվորական բժիշկը…

– Ծնվել եմ մտավորականների ընտանիքում: Մայրս մանկավարժ է, հայրս՝ մասնագիտությամբ ռեժիսոր, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հիմնադիրներից է և իր ավանդն ունի այդ կառույցի հետագա կայացման ու զարգացման գործում: Իմ հարազատների շրջանում, սակայն, հայրս միակ զինվորականը չէ: Հորս, մորեղբայրներիս, որոնցից մեկը մարտնչել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում, հորաքրոջս ամուսնու («Արծիվ» մահապարտների գումարտակի հրամանատար) նկարագիրը, նրանց անձնվեր ծառայությունը իմ մեջ ևս ակնածանք սերմանեցին զինվորական գործի հանդեպ: Արդեն պատանեկան տարիքում, զինվորական ծառայությունից բացի, ինձ համար ես այլ ճանապարհ չէի տեսնում, և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումս շարունակելու իմ որոշումն ամենաճիշտ ընտրությունն էր: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Կարճ ժամանակ անց, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին ուղղված իմ դիմումի համաձայն, տեղափոխվեցի ռազմաբժշկական ֆակուլտետ` ձգտելով համատեղել զինվորական ծառայությունը և բժշկի մասնագիտությունը:

Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայության եմ անցել քիմիական զորքերում՝ նշանակվելով բուժ-սանիտարական դասակի հրամանատար: 2009 թ.-ին ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա՝ դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ, որից հետո ծառայության եմ անցել ԶՈՒ զորամասերից մեկում՝ որպես բժիշկ-մասնագետ:

2012 թ.-ին նշանակվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր: Բաժանմունքն արդեն իսկ հարազատ էր ինձ, քանի որ ուսումնառության տարիներին՝ բարձր կուրսերում և ինտերնատուրայում, մշտապես սերտորեն կապված եմ եղել այդ բաժանմունքին:

Զինվորական բժշկի ուղին դյուրին չէ, և որքան էլ պատրաստ լինես դժվարություններին դիմակայելուն, այնուամենայնիվ երբեմն լինում են նաև հիասթափության րոպեներ, սակայն երբեք չեմ զղջացել իմ ընտրության համար:

– 2015 թվականն ամփոփող վիրաբուժական կոնֆերանսի ժամանակ, հետագայում նաև մեզ հետ զրույցում դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Կարեն Սևտերտերյանը ներկայացրեց բաժանմունքում կատարված եզակի վիրահատություններ: Վերջին տարիների ընթացքում բաժանմունքի ձեռքբերումները, անշուշտ, նշանակալի են…

– Վիրահատական ծավալները մեծացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեր բաժանմունքն ամեն տարի համալրվում է նոր գործիքներով, ինչը, իհարկե, խոսում է մասնագիտական առաջընթացի մասին: Իմ խորին համոզմամբ՝ երբեք չի կարելի միանգամից աշխատել վիրահատական գերժամանակակից գործիքներով: Անհրաժեշտ է որոշակի ճանապարհ անցնել և աստիճանաբար հասնել դրան. զինվորական բժիշկը, ի տարբերություն քաղաքացիական բժիշկների, երբեք չգիտի, թե մի քանի ժամ հետո որտեղ, գործիքային ինչպիսի հագեցվածության պայմաններում ստիպված կլինի վիրահատություն կատարել: Մենք պարտավոր ենք տիրապետել բոլոր գործիքներին:

Այն փորձը, որ մենք կուտակել ենք և կարողանում ենք, դրա վրա հիմնվելով, վիրահատական նորարարական մեթոդներ մշակել, ինչ-որ չափով պայմանավորված է նաև հիվանդությունների առանձնահատկություններով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրը դեռևս պատերազմի մեջ է, և, ցավոք, դիմածնոտային շրջանի հրազենային բարդ վիրավորումները, օրինակ, ծնոտի ամբողջովին կամ մասնակի բացակայությունը, հնարավոր չէ բացառել: Բոլորին քաջ հայտնի է Նորայր Քամալյանի դեպքը: Ի դեպ, Նորայրի վերջին վիրահատությունը բոլորովին վերջերս էր: Եթե այսօր նրան տեսնեք, չեք կռահի, որ այդպիսի բարդ վիրավորում է ունեցել: Պետք է նշեմ, որ քաղաքացիները ևս ծնոտի բնածին և ձեռքբերովի դեֆեկտների դեպքում առավել հաճախ դիմում են մեզ:

Մենք վստահորեն կատարել և կատարում ենք բարդ, իրենց բնույթով եզակի վիրահատություններ, որոնք հայաստանյան այլ բուժհաստատություններում չեն կատարվում:

– Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մասնակցել եք վերապատրաստման դասընթացների: Կարողանո՞ւմ եք արդյոք Ձեր ստացած գիտելիքները ներդնել այստեղ:

– Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան աշխարհում միակն է որպես այդպիսին: Իմ մասնագիտական գրականության զգալի մասի հեղինակները հենց այդ ակադեմիայի դպրոցն են անցել, և այնտեղ գտնվելն ինձ համար պարտավորեցնող էր:

Ստացած գիտելիքները, իհարկե, հարուստ ու բազմաբնույթ էին… Հետաքրքիր և օգտակար էին հատկապես դիմածնոտային վիրավորում ունեցող հիվանդի բուժտարհանման փուլերի մասին նրանց մոտեցումները: Մենք, անշուշտ, ունենք մեր փորձը, մեր առանձնահատկությունները, սակայն կային այնպիսի մոտեցումներ, որոնք իսկապես ուշագրավ էին. հարկ է նշել, որ ակադեմիան հարյուրամյակների պատմություն ունի և երկու աշխարհամարտերի հարուստ փորձ է կուտակել: Իմ գլխավոր նպատակը դեմքի շրջանի էնդոսկոպիկ վիրաբուժություն ուսումնասիրելն էր: Այդ ուղղությունը Հայաստանում դեռևս կաղում է: Միայն եզակի մասնագետներ են փորձում նմանօրինակ վիրահատություններ կատարել՝ ոչ ամբողջական ծավալով:

Ստացածս գիտելիքները կարողանում եմ գործնականում կիրառել այն ծավալով, որքան թույլ է տալիս բաժանմունքի գործիքային հագեցվածությունը: Մեր կարևորագույն նպատակներից մեկը էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացումն է: Լիահույս ենք, որ առաջիկայում բաժանմունքը կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով:

– Որո՞նք են էնդոսկոպիկ վիրաբուժության առանձնահատկությունները և առավելությունները:

– Էնդոսկոպիկ վիրահատությունները չափազանց արդիական են Զինված ուժերի համար, քանի որ վիրահատական, հետվիրահատական և վերականգնողական շրջաններն անհամեմատ կարճ են: Վիրահատությունից հետո՝ կարճ ժամանակ անց, զինվորը կարող է շարք վերադառնալ: Դրանից բացի՝ էնդոսկոպիկ վիրաբուժության ներդրմամբ մենք հնարավորություն կունենանք կատարելու այնպիսի բարդ վիրահատություններ, որոնք, ինչպես արդեն նշեցի, Հայաստանում դեռևս չեն կատարվում:

– Պարո՛ն կապիտան, գաղտնիք չէ, որ բժշկությունն ահռելի արագությամբ է զարգանում, և համաշխարհային փորձին, ոլորտի նորարարություններին հաղորդակից լինելը ժամանակի պահանջ է:

– Անշուշտ: Չափազանց կարևորում եմ գիտաժողովները, մասնագիտական քննարկումները, փորձի փոխանակումը հայ և արտասահմանցի գործընկերների հետ: Նախորդ տարի Մոսկվայում մասնակցեցի միջազգային կոնֆերանսի, որի ժամանակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած դիմածնոտային վիրաբույժները ներկայացրին իրենց փորձը, ինչը, իրոք, օգտակար էր, քանի որ կարողանում ես ծանոթանալ նրանց մոտեցումներին, վերլուծել, համեմատել, ինչու ոչ, նաև հետագայում կիրառել: Մեր փորձը դիմածնոտային վիրաբուժության ասպարեզում փոքր չէ, և մեր մասնագիտական հաջողություններով հետաքրքրվում են նաև արտասահմանցի գործընկերները: Ոլորտի նորություններին ծանոթանալու, հաղորդակից լինելու, մասնագիտական տարբեր քննարկումների մասնակցելու առումով օգնության են հասնում նաև ժամանակակից տեխնոլոգիաները: Կարևորում եմ նաև ինքնակրթությունը և յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում եմ մասնագիտական գրականություն կարդալու, վերհիշելու համար: Զինվորական բժշկության մեջ արագությունը, օպերատիվությունն առաջնային են: Յուրաքանչյուր հաջորդ պահն անկանխատեսելի է, և մենք պարտավոր ենք մշտապես սթափ լինել, պատրաստ՝ իրադարձությունների ցանկացած փոփոխության:

– Ըստ Ձեզ՝ հասարակության շրջանում այսօր ի՞նչ համարում ունի զինվորական բժիշկը:

– ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը դեռևս երիտասարդ է, սակայն՝ կայացած: Մեր զինվորական հոսպիտալներում այսօր ծառայում են բարձրակարգ մասնագետներ: Կարծում եմ՝ զինվորական բժիշկներն արդարացիորեն վաստակել են ոչ միայն զինվորականների, այլև հասարակության վստահությունը: Դրա վառ ապացույցն այն բազմաթիվ քաղաքացիներն են, ովքեր իրենց կյանքը վստահում են զինվորական բժիշկներին: Մենք կարողացել ենք ցույց տալ, որ զինվորական բժշկությունը զարգացած է ու հզոր:

Հասմիկ Գյոզալյան

  • _0160326
  • _0160319