Հաջողությունների հիմնական գրավականը մարդկային գործոնն է ու նվիրումը

Այցելելով ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զորամասեր, հոսպիտալներ՝ բազմիցս առիթ ենք ունեցել ծանոթանալու երկտարեցի բժիշկների հետ, ովքեր, ժամանակավորապես համալրելով զինվորական բժիշկների շարքերը, իրենց գիտելիքները, մասնագիտական հմտությունները ծառայեցնում են զինծառայողների առողջության պահպանման, վերականգնման, բանակի մարտունակության ապահովման գործին:

Բժշկական գիտությունների թեկնածու, անոթային վիրաբույժ Արեն Եսայանը, 2015 թ. հունվարին զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության, մասնագիտական գործունեությունը շարունակում է ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալում, հաճախ մեկնում է Մարտակերտի ԱԲՋ՝ տարբեր վիրահատությունների մասնակցելու նպատակով: Ծառայության ընթացքում բժիշկը, վիրահատելով հակառակորդի հրետակոծման հետևանքով ծանր վիրավորված զինվորներին, փրկում է նրանց կյանքը…

– 2015 թ. սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծման հետևանքով վիրավորված 5 զինծառայողներ ծանր վնասվածքներ ունեին,- պատմում է Արմեն Եսայանը,- նրանք տեղափոխվել էին Մարտակերտի ԱԲՋ: Այնտեղ էին մեկնել նաև նեղ մասնագիտական պատրաստություն ունեցող բժիշկներ: Որպես անոթային վիրաբույժ՝ ես նույնպես միացել էի նրանց, քանի որ վիրավորներից 3-ը անոթային բարդ վնասվածքներ ունեին, 2 վիրավորների մակերեսային ազդրային զարկերակն էր վնասված: Սեպտեմբերի 26-ին նույնպես վիրավոր ընդունեցինք՝ քնային զարկերակի վնասվածքով: Մարտակերտի ԱԲՋ-ում բոլորին վիրահատել ենք (տեղի բուժանձնակազմը ահռելի աշխատանք է կատարել), ապա վիրավորները տեղափոխվել են ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալներ: Նրանց կյանքին սպառնացող վտանգը կանխվել է՝ շնորհիվ թիմային աշխատանքի:

Ծառայելով այստեղ՝ ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալում, համագործակցելով զորային և հոսպիտալային օղակների բժիշկների հետ և տեսնելով Զինված ուժերում ռազմաբժշկական ծառայության հաջողությունները, չեմ կարող չնշել, որ հիմնական գրավականը մարդկային գործոնն է, այն նվիրումը, որով յուրաքանչյուր զինվորական բժիշկ կատարում է իր ծառայությունը և չի թերանում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:

– Պարո՛ն Եսայան, գաղտնիք չէ, որ բարդ է քնային, ազդրային զարկերակների արնահոսության դադարեցումը, առավել բարդ է վտանգի չեզոքացումը:

– Բարդ է, բայց՝ հնարավոր: 2006 թ. ավարտելով կլինօրդինատուրան՝ ես մեկնեցի Մոսկվա և ուսումս շարունակեցի Մոսկվայի գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի ասպիրանտուրայում (2006-2011 թթ.): Այնտեղ մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվել եմ գիտահետազոտական աշխատանքներով և 2011 թ. ներկայացրել թեկնածուական ատենախոսությունս՝ քնային զարկերակի ախտահարումների, բուժման եղանակների վերաբերյալ, պաշտպանել եմ այն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:

Մոսկվայի գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի այն բաժանմունքը, որտեղ աշխատում էի, այդ ուղղվածությունն ուներ, և ուսումնասիրություններ կատարելու, հետևություններ անելու համար մեծաքանակ նյութ կար ձեռքիս տակ (թեման հետաքրքիր էր, արդիական): Թերևս հասկանալի է, որ այնտեղ անհամեմատ ավելի շատ վիրահատություններ են կատարվում, քան մեզ մոտ:

– Ե՞րբ եք վերադարձել Հայաստան, որտե՞ղ եք շարունակել մասնագիտական գործունեությունը: Մեր բուժհաստատություններում անոթային վիրաբուժությունը՝ որպես ծառայություն, որքանո՞վ է զարգացած:

Հայաստան վերադարձա 2011 թվականին և աշխատանքի անցա Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ անոթային վիրաբուժության բաժանմունքում, «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում, ապա ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:

Չեմ կարող չնշել, որ այսօր մեզ մոտ երակաբանությունը բավականին ուսումնասիրված է. անոթային վիրաբուժության ոլորտում զգալի ձեռքբերումներ ունենք: Տեխնիկական հագեցվածության առումով մեր բուժհաստատությունների մեծ մասն այսօր չի զիջում արտերկրի առաջավոր կլինիկաներին: Ներկրված նորագույն սարքավորումներն էականորեն բարելավել են բուժսպասարկման որակը և ավելի լայն հնարավորություններ ընձեռել մասնագետներին (օրինակ՝ անգեոգրաֆ սարքի ներդրումից հետո նաև ներանոթային վիրահատական միջամտություններ կատարելու հնարավորություն ունեցանք): Այսօր մենք չենք զիջում նաև մասնագետների պատրաստվածությամբ:

Շարունակելո՞ւ եք գիտական գործունեությամբ զբաղվել:

– Կարծում եմ՝ այո՛, ուզում եմ երակաբանությունը՝ որպես գիտություն, զարգացնել նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Սակայն գիտական գործունեությամբ զբաղվելու համար նյութ է անհրաժեշտ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարելու, հիմնավոր եզրահանգումներ ստանալու համար: Երիտասարդ մասնագետների գիտական գործունեությունը խթանելու համար անհրաժեշտ են նաև այդ գործընթացը ֆինանսավորող ծրագրեր, որպեսզի մասնագետը կարողանա, ասենք, հրավիրել արդեն ապաքինված հիվանդին և հետազոտություններ կատարել):

Ես բժշկին ուղղում եմ վերջին հարցը՝ ընտանիքի մասին… Եվ զրույցի ընթացքում առաջին անգամ նրա դեմքին ժպիտ է հայտնվում (մինչ այդ նա համառորեն փորձում էր թաքցնել հոգնածությունը. գիշերը հերթապահել էր, առավոտյան մեկնել Մարտակերտի ԱԲՋ, շտապ վիրահատության մասնակցել, վերադարձել Իվանյան համայնք՝ հոսպիտալ…):

– Ընտանիքս Երևանում է: Կինս ատամնաբույժ է: Երկու զավակ ունեմ. որդիս 5 տարեկան է, աղջիկս՝ 10: Դուստրս Անանիա Շիրակացու անվան ճեմարանում է սովորում, վոկալով է տարված, սիրում է երգել… Մի քանի անգամ համոզեցի, որ բժշկություն սիրի, որպեսզի հետագայում օգնենք նրան, չհամոզվեց: Եթե որոշեց երգչուհի դառնալ, չգիտեմ՝ ինչպես կարող եմ օգնել նրան:

Էդիտա Մելքոնյան