Ս. Օհանյանը ներկայացրել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նոր պետին

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում մասնակցել է հանձնաժողովի նախկին և նոր պետերի կողմից պաշտոնի ընդունման-հանձնման գործընթացին նվիրված խորհրդակցությանը:

Պաշտպանության նախարարը համատեղ արգասաբեր աշխատանքի համար երախտագիտություն է հայտնել ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանին և նկատել, որ վերջին տարիներին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները կատարում է բարձր մակարդակով, ինչը վկայում է անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և ներդաշնակ գործողությունների մասին:

Հանձնաժողովի անդամներին ներկայացնելով ԿՌԲՀ նորանշանակ պետ, ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի նախկին պետ Սահակ Օհանյանին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախյան ազատամարտի հորձանուտում թրծված, մարտական գործողությունների ակտիվ մասնակից և, իհարկե, ռազմաբժշկական համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ԿՌԲՀ գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը: Ըստ այդմ` կբազմապատկվեն ռազմաբժշկական ոլորտում արձանագրված հաջողություններն ու առկա ձեռքբերումները:

Սեյրան Օհանյանի առաջարկով՝ խորհրդակցության ընթացքում ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանը հակիրճ անդրադարձ է կատարել հանձնաժողովի կողմից կատարված և ընթացիկ աշխատանքներին: Արսեն Մելքոնյանը մասնավորապես ներկայացրել է վերջին մի քանի տարիներին վիրաբուժական միջամտությունների, թերապևտիկ, հոգենյարդաբանական, օնկոլոգիական և այլ հիվանդությունների պատճառով ազգային բանակ չզորակոչվածների կամ վաղաժամկետ զորացրվածների վիճակագրական ցուցանիշները, մի շարք ուղղություններով առկա դրական դինամիկան և որոշ մտահոգիչ փաստեր:

Բարձրաձայնված հարցերի առնչությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է իր նկատառումները: Ծավալված քննարկման, հարց ու պատասխանի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԿՌԲՀ նորանշանակ պետին և հանձնաժողովի անդամներին տվել է համապատասխան ցուցումներ, մասնավորապես՝ ԶՈՒ-երում հիվանդացության ցուցանիշների նվազեցման, վաղաժամկետ զորացրվողների քանակի կրճատման, ինչպես նաև ռազմաբժշկական օղակում, հատկապես զորակոչի շրջանակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթները խստագույնս վերահսկելու ուղղությամբ:

Հովհաննես Պառաշյան

  • 2-sah
  • 3-sah