«Ես լավատես եմ և հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»

«Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից, վիրաբույժ Տարոն Տոնոյանը Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանող էր, երբ սկիզբ առավ Արցախյան շարժումը: Հազարավոր խիզախ հայորդիների հետ նա նույնպես զինվորագրվեց մեր արդարացի պայքարին. որպես զինվոր՝ մասնակցեց մարտական գործողություններին, իսկ բանակի ռազմաբժշկական ծառայության ձևավորումից հետո նաև իր մասնագիտական գիտելիքները ծառայեցրեց վիրավոր մարտիկների կյանքը փրկելու, բուժելու, շարք վերադարձնելու գործին:

Այսօր էլ վաստակաշատ բժիշկը, իր կոչմանը հավատարիմ, շարունակում է կյանքեր փրկել:

– Պարո՛ն Տոնոյան, նախնիների պատմությունն առանցքային դեր ունի անհատի արժեհամակարգի, աշխարհայացքի, տեսակի ձևավորման գործում. հետաքրքիր է՝ որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:

– Նախնիներս Արևմտյան Հայաստանից են. հայրական կողմի պապս ու տատս սասունցիներ են, մայրական կողմս՝ ալաշկերտցի: Ես ծնվել եմ Պռոշյան ավանում: Մայրս բուժքույր է, հայրս՝ շինարար: Խաղաղ, տաք ու գեղեցիկ մանկություն եմ ունեցել, անհոգ, հիշարժան դպրոցական տարիներ: Սակայն մանկությանս անբաժան ուղեկիցներն էին նախնիների պատմությունները: Գելիգուզանցի պապիս մեծ գերդաստանից միայն ինքն ու եղբայրն են ողջ մնացել և մազապուրծ փախել: Տատս, կորցրած լինելով բոլոր հարազատներին, հասել է մինչև Խարբերդի մանկատուն… Այս պատմությունները լսելով եմ մեծացել, և Արցախյան ազատամարտը, թերևս, լավագույն առիթն էր՝ մեր պապերի վրեժը լուծելու… Դպրոցն ավարտելուց հետո ծառայել եմ խորհրդային բանակում, ապա ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտ:

Դուք ուսանող էիք, երբ սկսվեց շարժումը: Ինչպե՞ս հասունացավ կամավորական ջոկատին զինվորագրվելու որոշումը:

– Հունվարյան մի օր Թատերական հրապարակին կից տարածքում՝ Սարյանի արձանի մոտակայքում, ընկերներիս հետ լսեցինք գուսան Համազասպի կոչը, թե նստացույց անելով կամ նամակներ գրելով՝ իրավիճակը չի փոխվի, անհրաժեշտ է զենք վերցնել: Կարճ ժամանակ անց մենք՝ 4 ուսանող ընկերներով, 2 հրացան էինք հայթայթել և արդեն պատրաստ էինք հետևելու այդ կոչին: Հանդիպեցի «Սասունցիներ» ջոկատի տղաներին (հրամանատար՝ Ալֆրեդ Ներսիսյան) և միացա նրանց: Մեր ջոկատը մեկնեց Հայաստանի հարավային սահման՝ Մեղրին, Ագարակը պաշտպանելու:

1991 թ.-ին մեկնեցինք Արցախ: Մեր ուղղաթիռը վայրէջք կատարեց Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում, մեզ դիմավորեց հրամանատարը՝ Արթուր Աղաբեկյանը: Այդ ժամանակ ամբողջ Արցախում ազատագրված էր միայն Տող գյուղը: Մեր ջոկատն ակտիվորեն ներգրավվեց մարտական գործողություններին: Թերևս ամենակարևոր օպերացիան ամբողջովին ադրբեջանցիներով բնակեցված Լեսնոյ գյուղի ազատագրումն էր: Մենք բավականին լուրջ դիմադրության հանդիպեցինք: Զոհերի, վիրավորների գնով կարողացանք գյուղը գրավել: Պատերազմը մոլեգնում էր, ամեն մի հաջողություն ոգևորում էր մեզ, մենք վստահորեն առաջ էինք ընթանում, սակայն քաղեցինք նաև պատերազմի դառը պտուղները՝ կորցնելով մեր զինակից ընկերներին: Լավագույնները զոհվեցին, մենք հաշվի նստեցինք իրականության հետ. հող ազատագրելը հատուցում է պահանջում:

– Դուք վերադարձաք և ավարտեցիք ուսումը, ապա կրկին գնացիք պատերազմող Արցախ…

– Հայրս որոշել էր ինձ շուտ ամուսնացնել: Ես վերադարձա, ամուսնացա, ուսումս ավարտելուց հետո կնոջս և 6 ամսական դստերս հետ կրկին մեկնեցինք Արցախ: Արդեն կազմավորվել էր Պաշտպանության բանակը, և նոր ձևավորված բուժծառայության շարքերը համալրելու համար բժիշկներ էին անհրաժեշտ: Որպես ծառայության վայր՝ մի քանի թիկունքային հոսպիտալներ առաջարկեցին, ես նախընտրեցի լինել այնտեղ, որտեղ կար իմ կարիքը: Այդ ժամանակ Հադրութում միայն մեկ վիրաբույժ կար և աշխատում էր խիստ ծանրաբեռնվածության պայմաններում: Ուղևորվեցի Հադրութ, ներկայացա և անցա ծառայության: Հոսպիտալը տեղակայված էր գործադիր կոմիտեի շենքի նկուղային հարկում: Հադրութն անընդհատ ռմբակոծվում էր: Ծանր վիրավորներ, վիրահատություններ…

1993 թ.-ին Ֆիզուլին ազատագրվեց, որից հետո կարևոր որոշում կայացվեց՝ հոսպիտալը տեղափոխել ճակատային գծին հնարավորինս մոտ տարածք, որպեսզի ժամանակ շահենք և կարողանանք փրկել վիրավորների կյանքը: Ինձ մեծ օգնություն ցուցաբերեցին լուսահոգի Վալերի Մարությանը և ուրիշներ: Այդ որոշման արդյունքները մենք հետո պիտի վերլուծեինք ու գնահատեինք, թե որքան կարևոր էր ռազմադաշտային հոսպիտալն առաջնագծին մոտ ծավալելը, ինչը հետագայում դարձավ իմ և շատերի գիտական հոդվածների հիմքը:

Մեզ ժամանակ առ ժամանակ բժիշկներ էին միանում Երևանից, Ստեփանակերտից՝ իրենց օգնությունը ցուցաբերելու: Երբ նրանք հոսպիտալում էին, ես նախընտրում էի մասնակցել մարտական գործողություններին: Եվ եղել են դեպքեր, երբ օգնել եմ ադրբեջանցի զինվորների, անգամ վիրահատել ու փրկել նրանց կյանքը. պատերազմի օրենքները որքան էլ դաժան են, այնուամենայնիվ դրանց մեջ ևս մարդասիրական տարրեր կան:

…Կարճ ժամանակում մեր հոսպիտալի հեղինակությունն այնքան բարձրացավ, որ ամենածանր վերք ունեցող զինվորն էլ վստահ էր՝ ընդամենը պետք է հասնել հոսպիտալ, և անպայման կապրի:

Ծառայեցի մինչև զինադադարի կնքումը, ապա հրամանատարիս ասացի, որ ուզում եմ տուն վերադառնալ, անցնել քաղաքացիական աշխատանքի: Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ աշնանը պատերազմը կվերսկսվի: Մենք այդ ժամանակը ճիշտ և արդյունավետ օգտագործեցինք. որոշեցինք նոր հոսպիտալ կառուցել՝ ավելի ընդարձակ, ժամանակի պահանջներին բավարարող, բայց, փառք Աստծո, ռազմական գործողությունները չվերսկսվեցին:

Վերադարձա հայրենի եզերք, նոր տուն կառուցեցի, աշխատանքի անցա այս հիվանդանոցում, որտեղ աշխատում եմ մինչ օրս: Ապրում եմ՝ Աստծուն փառք տալով և ինձ երջանիկ մարդ եմ համարում: Հասել եմ այն ամենին, ինչին ձգտել եմ: Կարողանում եմ օգտակար լինել մարդկանց: Ես ապրում եմ դրանով, և ինձ ավելին պետք չէ:

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին վիրահատությունը… Նորավարտ ուսանողի համար դա երևի իսկական փորձություն էր…

– Ուշ գիշեր էր, ծանր վիրավոր բերեցին: Ավագ վիրաբույժը Հադրութում չէր: Վիրավորն արյուն էր կորցրել, որովայնի խոռոչի թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն ուներ: Ես անելանելի վիճակում էի… Թեև ուսումնառության տարիներին հերթապահել էի վիրաբուժական բաժանմունքներում, սակայն դա իմ առաջին վիրահատությունը պետք է լիներ: Ուրիշ ելք չկար, ես պիտի փրկեի վիրավորին: Բավականին բարդ էր. սիգմայաձև աղու վնասում կար, և կատարվեց Հարթմանի վիրահատություն: Գուցե փոքր-ինչ երկար տևեց, բայց փրկեցինք վիրավորի կյանքը:

– Ես տեղեկացա, որ Ձեր ղեկավարած բուժհաստատությունում անվճար բուժօգնություն են ստանում զոհված ազատամարտիկների հարազատները:

– Մենք մայիս ամիսը հայտարարել ենք զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների անվճար սպասարկման ամիս: Կատարում ենք վիրահատություններ, հետազոտություններ… Արդեն մի քանի տարի է՝ դա ավանդույթի է վերածվել:

– Հետաքրքիր է՝ վաստակաշատ բժիշկը բժշկությունից զատ ի՞նչ հետաքրքրություններ ունի:

– Ժամանակին կիթառ էի նվագում… հատկապես պատերազմի տարիներին: Հիմա մոռացել եմ: Այժմ ընկերներով հաճույքով սար ենք բարձրանում: Զրուցում ենք, քայլում, մարզվում և բարձունքներ հաղթահարում:

– Ի՞նչն է Ձեզ մտահոգում:

– Ես լավատես եմ և հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հասմիկ Գյոզալյան

  • 1 (3)