ԲԺշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, բժշկական ծառայության գնդապետ Յուրի Միխայելի Պողոսյանը 70 տարեկան է

Յուրի Միխայելի Պողոսյանը ծնվել է 1946 թ. փետրվարի 14 -ին Հրազդանի շրջանի Ջրառատ գյուղում՝ կոլտնտեսականի ընտանիքում: 1954-1964 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1964 թ. ընդունվել և 1969 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1969-1978 թթ. աշխատել է Ծաղկաձորի գլխավոր սպորտբազայի պոլիկլինիկայում` որպես գլխավոր բժիշկ: 1975 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկանածուի կոչում: 1978-1982 թթ. աշխատել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիայում` որպես բժշկա-կենսաբանական բաժանմունքի վարիչ: 1985 թ. մրցույթով ընտրվել է որպես ասիստենտ Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում: 1992 թ. ստացել է դոցենտի կոչում:

1993 թ. զորակոչվել է պարտադիր զիվորական ծառայության, նշանակվել ՀՀ ՊՆ 88865 զորամասի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ: 1994 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ: 1998 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Զինծառայողների մոտ դիմածնոտային շրջանի վնասվածքները և նրանց բուժման առանձնահատկությունները» թեմայով: 2003-2011թթ. համատեղության կարգով նշանակվել է Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2004 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

2011 թվականից բժշկական ծառայության գնդապետ է:

2011 թ-ից մինչ օրս Երևանի պետական բժշկական համալսարանի ՀՇԲԿ ֆակուլտետի Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2008 թ-ից մինչ 2015թ. հունիս ամիս աշխատել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում որպես դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ: 2015 թ. հունիսից մինչ օրս աշխատում է «Աստղիկ» ԲԿ-ում որպես դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:

Անբասիր աշխատանքի համար բազմիցս պարգևատրվել է շնորհակալագրերով և պատվոգրերով:

Պարգևատրվել է՝ «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», ՀՀ Ստոմատոլոգների ասոցիացիայի «Ստոմատոլոգիայի նվիրյալ» և Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի 50 ամյակին նվիրված ոսկե մեդալներով, «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

Երևանի պետական բժշկական համալսարանի 0,25 պաշտպանական խորհրդի անդամ է: 2 ամսագրերի՝ «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր», «Вестник стоматилогии и челюстно –лицевой хирургии» խմբագրական կոլեգիայի անդամ է: ՀՀ Դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիայի պատվավոր անդամ է: 17.12. 2000 թ-ից ընտրված է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի իսկական անդամ:

Յու. Մ. Պողոսյանի կողմից կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.

1) ծնոտների զանազան պատճառներով առաջացած ձևախախտումների և արատների վերականգնումը ոսկրամատրիքսային տրանսպլանտատների կիրառմամբ,

2) նոր կենսաբանական թաղանթների մշակումը և ներդրումը կլինիկական պրակտիկայում,

3) դժվար լավացող վերքերի և այրվածքների շրջանում հյուսվածքների ռեգեներացիայի ակտիվացման նպատակով ակնամոմի և մեղրամոմի հիմքերի վրա նոր համակցված քսուքների մշակումը,

4) դիմային ոսկրերի վնասվածքների և տարբեր պատճառներից առաջացած արատների վերականգման նոր վիրաբուժական եղանակների մշակումը:

Յու. Մ. Պողոսյանի կողմից մշակված ախտորոշման և բուժման նոր եղանակներից շատերը ներկայումս լայնորեն կիրառվում են հանրապետության տարբեր դիմածնոտային բաժանմունքների, ստոմատոլոգիական պոլիկլինակների և կաբինետների կլինկական պրակտիկայում, ինչպես նաև արտերկրի տարբեր կլինիկաներում:

Յուրի Միխայիլի Պողոսյանը 1 մենագրության, 1 դասագրքի, 26 ուսումնամեթոդական ձեռնարկների և մեթոդական ցուցումների, 242 հոդվածների, 51 գյուտի, 21 նորարարական առաջարկությունների հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 14 թեկնածուական և 1 դոկտորական թեզ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր , մեկ որդի և չորս թոռ:

«Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդեսի խմբագրական կոլեգիան և խորհուրդը սրտանց շնորհավորում է Յուրի Միխայիլի Պողոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ `ցանկանալով քաջ առողջություն, երկար տարիների կյանք, նոր ձեռքբերումներ գիտական գործունեությունում և պրակտիկ աշխատանքում:

«Տեսական և կլինիկական բժշկության հարցեր»

գիտագործնական հանդեսի խմբագրություն