Զինվում ենք գիտելիքով, որ ծառայենք բանակին

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի  վիրահատական բաժանմունքի պետ բուժծառայության մայոր Գարիկ Ազարյանը, 1994թ. նշանակվելով կենտրոնական պաշտպանական շրջանի բուժկետի պետ, անվերապահորեն ընտրում է ռազմական բժշկի առաքելությունը: Ծառայում է Խոջալուի, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալներում՝ կատարելով բազմաթիվ վիրահատություններ, որոնց պատմության մեջ ցավալի վրիպում, անդառնալի սխալ հմուտ վիրաբույժը երբևէ թույլ չի տվել: Միևնույն ժամանակ միտքն անդադար փնտրտուքների մեջ է. ի՞նչ նորամուծություններ են պետք, նոր խոսք, կատարելագործված որակ: Գրում է «Ստամոքսային խոցերի բարդություններ (արյունահոսություն և պերֆորացիա)» թեմայով գիտական աշխատությունը՝ առաջարկելով նոր մեթոդներ այդ բարդություններից խուսափելու համար:

– Բարեբախտաբար, օրեցօր բժշկությունն առաջընթաց է գրանցում, և ստամոքսային խոցերի պատճառով առաջացած բարդություններն ավելի հազվադեպ են դարձել: Ստեղծվել են նորագույն բուժամիջոցներ, որոնք ամբողջովին բուժում, վերականգնում են հիվանդ օրգանը:

-Դուք՝ որպես Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի ռազմական բժիշկ, ստանո՞ւմ եք հրավեր մասնակցելու արտերկրում անցկացվող գիտաժողովների, հաճա՞խ եք մասնակցում դրանց և ի՞նչ նորամուծություններ եք կիրառում Ձեր  աշխատանքային առօրյայում:

-2013թ. մեկնել եմ Միլան,- պատմում է պարոն Ազարյանը,- մասնակցել «Ինվազիվ մեթոդների կիրառումը կարդիոլոգիայի մեջ» թեմայով գիտաժողովին: Նոր հրավեր ունեմ «Բեռլինխիմ»-ի կողմից: Եվրոպական երկրների գիտական-բժշկական հաստատությունների, կազմակերպությունների հետ համագործակցելը, փորձի փոխանակումն ու ներմուծումը ես կարևորում եմ: Մեր բաժանմունքի երիտասարդ միկրովիրաբույժ  Արա Մարտիրոսյանը վերապատրաստվել է Չինաստանում. ոսկի ձեռքեր ունի,  իր աշխատանքն անթերի է կատարում:

-Չե՞ք կարծում, որ մեր ռազմական բժիշկները՝ որպես  հաղթանակած բանակի բուժծառայողներ, այսօր կարող են  ներկայանալ նաև իբրև ուսուցանող:

  –Կարծում եմ… Բայց մեզ համար առաջնայինը մասնագիտական հմտությունների զարգացումն է: Ի վերջո, բոլոր գիտելիքները, որոնցով զինվում ենք, մեր ժողովրդին, մեր բանակին են ծառայում:

-Անշուշտ, միայն գիտելիքով զինվելը բավական  չէ գործը հաջողությամբ պսակելու համար.  բաժանմունքի վիրահատարանում կա՞ն բոլոր անհրաժեշտ գործիքները, սարքավորումներն ու բուժամիջոցները՝ անհետաձգելի, բարդ վիրահատություններ իրականացնելու համար:

  –Այո, կարող ենք միասին շրջել, կտեսնեք՝ մեր վիրահատարանն ու վիրակապարանը տարիների ընթացքում համալրվել են նորանոր սարքավորումներով, որոնք լիովին աշխատելու հնարավորություն են տալիս բաժանմունքի վիրաբույժներին ( ի դեպ, բոլորն էլ իրենց գործի գիտակ են՝ բանիմաց, պատասխանատու վիրաբույժներ):

Ի՞նչն եք կարևորում Ձեր մասնագիտության մեջ:

-Յուրաքանչյուր վիրահատություն ճանապարհ է կյանքի և մահվան միջև, լրջագույն պայքար, և ես ամեն անգամ գոհանում եմ, երբ մեր պայքարն ավարտվում է հաղթությամբ. հիվանդությունը նահանջում է… Կարևորը սա է…

Էդիտա Մելքոնյան

  • 1
  • 2
  • 3