«Ձեր ձեռքերը, մեր արյունը…»

Մարտի 10-ին, համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2016 թվականի համապատասխան թույլտվության, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի թարմ սառեցված պլազմայի պաշարներից 100 պարկ՝ որպես օգնություն, հատկացվեց ՀՀ առողջապահության նախարարության այն բուժհաստատություններին, որոնք չունեն արյան ծառայություն, և որտեղ բժշկական օգնություն են ստանում նաև զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները: Սակայն այս օգնությունը, չլինելով առաջինը, նախատեսված էր բացառապես անապահով ընտանիքների երեխաների, ծանր վիճակում գտնվող հիվանդների համար:

Բարեգործության մտահղացման հեղինակ, ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Մարգարիտա Հակոբյանը, որի ջանքերով 1994 թ. կազմավորվել է բաժանմունքը և այսօր սարքավորումների հագեցվածությամբ, կադրերի պատրաստվածությամբ, մարտական խնդիրը լուծելու և նոր մարտահրավերներին դիմակայելու բարձր ցուցանիշներով չի զիջում Հայաստանում և արտերկրում գործող արյան ծառայություններին, ասաց.

-Իմ հոգու պարտքն եմ համարում՝ ծառայել հայ զինվորին, հայ մարդուն, իսկ իմ բաժանմունքի բուժանձնակազմը իր առջև դրված բոլոր խնդիրները միշտ պատվով է կատարում:

Այցելելով «Մուրացան» բժշկական կենտրոնի նորածնային և մանկական վերակենդանացման կլինիկա, «Հերացի» թ. 1 հիվանդանոցային համալիրի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք, ՀՀ ԱՆ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ ՊՆ ԿԿԶՀ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Մարգարիտա Հակոբյանը և նույն բաժանմունքի օրդինատոր, բ/ծ կապիտան Արմեն Հովսեփյանը գործընկերներին հանձնեցին թարմ սառեցված պլազմայի պաշարները (տրվեցին նաև լրացուցիչ ցուցումներ՝ դրանց պահպանման պայմանների, օգտագործման վերաբերյալ).

– Մեր դոնորները զինծառայողներ են, և մեզ համար թանկ է նրանց արյան ամեն մի կաթիլը: Համոզված ենք, որ Ձեր ձեռքերը, մեր արյունը կփրկեն բազմաթիվ երեխաների ու տարեց մարդկանց:

Ընդունող բուժհաստատությունների, բաժանմունքների ղեկավարները և սպասարկող բուժանձնակազմն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարին, ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ղեկավարին, ՊՆ ԿԿԶՀ հոսպիտալի պետին և իհարկե արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի ամբողջ բուժանձնակազմին՝ «անգին նվերի» համար:

«Արյունը կյանք է», և այսօր ՀՀ ազգային բանակի «արյան զինանոցը» կյանք նվիրեց բազմաթիվ մարդկանց՝ ևս մեկ անգամ հայտնելով իր պատրաստակամությունը. «Պաշտպանության նախարարության արյան ծառայությունը պատրաստ է օգնել»:

Էդիտա Մելքոնյան

  • mar2
  • mar3
  • mar4
  • mar5
  • mar6
  • mar7