Համակարգչային խաղը կարող է նպաստել ցրված սկլերոզով հիվանդների վերականգնողական բուժմանը

Իտալացի գիտնականները բացահայտել են, որ համակարգչային խաղը կարող է օգնել ցրված սկլերոզ հիվանդությամբ տառապող անձանց: Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նյարդաբանության և հոգեբուժության բաժնի բժիշկ Լաուրա Դե Գիգլիոյի ղեկավարած թիմն այդ հիվանդությամբ տառապող հիվանդների վերականգնողական բուժման նոր մեթոդ է մշակել՝ «Dr. Kawashima’s Brain Training» համակարգչային խաղի միջոցով: Խաղը, որի ընթացքում անհրաժեշտ է լուծել մի շարք տրամաբանական խնդիրներ, դեռևս 2005 թվականին ստեղծվել է ճապոնացի նյարդաբան Ռյուտա Կավասիմայի հետազոտությունների հիման վրա:

Բժիշկ Գիգլիոյի թիմը փորձ է իրականացրել ցրված սկլերոզ հիվանդությամբ տառապող 24 մարդկանց հետ, որոնց մոտ առկա է եղել կոգնիտիվ ֆունկցիաների խանգարում: Նրանց մի խումբը բժիշկների առաջարկով մասնակցել է 8-շաբաթյա թերապիայի կուրսի, որի շրջանակում շաբաթը հինգ օր՝ յուրաքանչյուր օր 30 րոպե, տրամադրել է «Dr. Kawashima’s Brain Training» համակարգչային խաղին: Փորձից առաջ և հետո 24 հիվանդներն էլ ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտություն են անցել և լրացրել կոգնիտիվ ֆունկցիաների գնահատման թեստեր:

8 շաբաթ անց վերջնական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղն իսկապես դրական ազդեցություն է ունեցել. կոգնիտիվ ֆունկցիաների գնահատման թեստերի արդյունքները նկատելիորեն փոխվել են, իսկ ՄՌՏ հետազոտությունը դրական տեղաշարժ է արձանագրել թալամուսում (տեսաթումբ):

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ համակարգչային խաղը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը և նպաստել նյարդաբանական հիվանդություններ, այդ թվում՝ ցրված սկլերոզ ունեցող հիվանդների վերականգնողական բուժմանը»,- ասել է Լաուրա Դե Գիգլիոն:

Բժիշկ-գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները՝ պարզելու համար, թե համակարգչային խաղերն ինչպես կարող են բարելավել հիվանդների առօրյա կյանքը, և ինչպես կարելի է թերապիայի այս տեսակը համատեղել վերականգնողական բուժման այլ մեթոդների հետ:

Պատրաստեց

Հասմիկ Գյոզալյանը